ՔԼԻՆԹՈՆԻ ԱՅՑԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻՑ ՄԵԿԸ


 

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` տարածաշրջան կատարած այցի «ստորջրյա» պատճառների և հետևանքների մասին շատերը չեն խոսում, սակայն հատկապես Ադրբեջանում որոշ խաղաքարտեր բացվեցին: Բաքվում տիկին Քլինթոնը կատարեց մի հայտարարություն, որից են կախված տարածաշրջանային հետագա զարգացումները, և որոնք այնքան էլ լավատեսական չեն:

Ոչ պատահաբար տիկին Քլինթոնին հարց ուղղվեց Սիրիայի վերաբերյալ: Եվ պետքարտուղարն էլ, տեղյակ տրվելիք հարցի մասին, պատասխանեց, որ իր երկիրն ամեն ինչ անելու է` Սիրիայում կայունություն հաստատելու, Ասադին իշխանությունից հեռացնելու համար: Օրեր առաջ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ քննարկում է իր դիվանագիտական ներկայացուցչությունը Սիրիայից հանելու հարցը: Թե´ արտգործնախարարության հայտարարությունը, թե´ տիկին Քլինթոնի պատասխանը սերտորեն կապակցված են` որքան էլ դա արտաքուստ տարօրինակ թվա: Հիլարի Քլինթոնը գրեթե բաց տեքստով հասկացրել է Ադրբեջանին, որ հարկավոր է դիվանագետներին հետ կանչել, քանի որ առաջիկայում Սիրիայում սպասվում են հուժկու ռազմական գործողություններ:

Իսկ հայտնի է, որ Ադրբեջանը որոշակի մասնակցություն ունի սիրիական անկարգություններին և իբրև թե հեղափոխական իրադարձություններին: Բաքուն զենք է մատակարարում ապստամբներին, որոնց շարքերում նաև ադրբեջանցիներ կան: Քլինթոնի խոսքից պարզ է դառնում, որ ստեղծվելու է հակասիրիական Թուրքիա-Իսրայել կոալիցիա, որին մաս է կազմելու նաև Ադրբեջանը:

Բայց միայն Սիրիայի խնդիրը չէ, որ քննարկվել է Ալիև-Քլինթոն հանդիպման ժամանակ: Արդեն կռահելի է, որ Քլինթոնը հանձնարարություններ է տվել Ալիևին` նախապատրաստվելու Իրանի դեմ իրականացվելիք ռմբահարումներին, որոնք տեղի կունենան «սիրիական հարցը» լուծելուց հետո: Գիտենք, Հիլարիի` Թուրքիա կատարելիք այցից հետո Տրապիզոնում տեղի է ունենալու Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների «գագաթնաժողովը»: Այսինքն, քննարկվելու է այն հարցը, թե այս պետություններից յուրաքանչյուրն ի՞նչ դերակատարություն է ունենալու Իրանի դեմ հարձակումների ժամանակ:

Կարծում ենք, որ նախագահ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ անպայմանորեն Քլինթոնը շոշափել է այս հարցը` Հայաստանին «խորհուրդ տալով» փոքր-ինչ «թուլացնել» հարաբերություններն Իրանի հետ: Իսկ Հայաստանի սահմաններում տեղի ունեցող արյունալի իրադարձությունները, որոնք չհայտարարված պատերազմ են հիշեցնում, սերտակցված են ԱՄՆ մտադրություններին: Այստեղից էլ` տիկին Քլինթոնի չափազանց զուսպ արձագանքը Չինարիում կատարվածին: Եվ հենց այդպիսին էլ պետք է լիներ, որովհետև Քլինթոնն այստեղ էր եկել միանգամայն այլ մտադրություններով. նա եկել էր լարելու իրավիճակը, որպեսզի հետագայում հայտարարեր, թե տարածաշրջանում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, հետևաբար պատերազմն անխուսափելի է:

Սա լրագրողական երևակայության արգասիք չէ: Համադրենք մի շարք փաստեր: Քլինթոնի` Բաքվում գտնվելու ժամանակ, այնտեղ եկավ  Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Քըվրըքօղլուն, իսկ Բաքվից էլ տիկին Քլինթոնը մեկնեց Անկարա: Ավելացնենք մի հանգամանք ևս. ըստ ադրբեջանական պաշտոնական լրատվության` թուրք հրամանատարի ու Ալիևի հանդիպման ընթացքում «հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակին և այն խնդիրներին, որ հարուցում է ղարաբաղյան հակամարտությունը»: Այսինքն, Ղարաբաղի հիմնահարցն այլևս քննարկվում է տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակի համատեքստում, իսկ տարածաշրջանում իրավիճակը պատերազմական է: Ուրեմն, չի բացառվում, որ այստեղ առկա է Վուդրո Վիլսոն հիմնադրամի փորձագետներից մեկի այն «հանձնարարված» տեսակետը, թե եթե «հակամարտությունը վերսկսվի, ապա կներառի նաև այլ տարածաշրջաններ»: Հետևաբար, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի սահմաններին վերջին օրերին իրականացվող դիվերսիոն գործողություններն ու գյուղերի վրա արձակվող կրակահերթերը մաս են կազմում... Իրանի դեմ նախապատրաստվող պատերազմի:

Ահա ինչու էր եկել տիկին Քլինթոնն, ու ինչու ադրբեջանցիների ռազմական գործողություններն ակտիվացան հենց հիմա` նրա այցի ընթացքում:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ