Մատների ջերմությունը սրտից է գալիս

Մաքս Բաղդասարյանը 80 տարեկան է


Գրեթե քառորդ դարից ավելի նրա անունը, որպես մերսող, կապված է հայկական ֆուտբոլի հետ: Իր տարիքից անհամեմատ ջահել է, եռանդուն, կենսախինդ, բարի, իսկ ձեռքերի մատներից ջերմություն է կաթում:

- Մի փոքր պատմեք Ձեր մասին. ե՞րբ եք անցել սպորտի բնագավառ:

- Ծնվել եմ 1936 թ. Նախիջևանում: 1953 թ. տեղափոխվելով Երևան, սովորել եմ Երևանի բժշկական ուսումնարանում, հետագայում ընդունվել ֆիզիո-թերապևտիկ մերսման կուրսեր: Ավարտելուց հետո որպես մերսող աշխատել եմ պոլիկլինիկայում: Արդեն 45 տարի է` «Արարատ» ֆուտբոլային թիմում` որպես մերսող: «Արարատ» ֆուտբոլային ակումբում եմ 1976-ից: Այն ժամանակ «Արարատը» մարզում էր Էդուարդ Մարգարովը: Այսօրվա պես հիշում եմ. մտա հանդերձարան, մերսման սենյակ, տեսա, որ մեր ֆուտբոլի մեծագույն վարպետներից մեկը` Հարություն Քեհեյանը մերսում է ֆուտբոլիստներին: Շատերին լավ գիտեի և միանգամից սկսեցի իմ գործը: Լարված ու պատասխանատու պահ էր: Այդ օրն «Արարատն» ընդունում էր Մոսկվայի ԲԿՄԱ-ին. ԽՍՀՄ գավաթի քառորդ եզրափակիչ խաղն էր…

- Ձեր մասնագիտական կենսա-գրությունից շատ հուշեր կունենաք, երևի:

- Անթիվ-անհամար են դրանք: «Արարատը» Դնեպրոպետրովսկում խաղում էր տեղի «Դնեպրի» հետ: Հաղթեցինք: Խաղից հետո, ուշ երեկոյան, հանկարծ հյուրանոցի մեր հարևան սենյակից անհանգիստ ձայներ լսեցի: Մտա և ինչ տեսնեմ, Սամվել Նավասարդյանը գալարվում էր ինչ-որ ցավից: Տնտղեցի և իսկույն պարզ դարձավ, որ ֆուտբոլիստը կույր աղիքի սուր նոպա ունի: Ամեն րոպե կույր աղիքը կարող էր պայթել: Ժամանակ չունեցա անգամ այդ մասին հայտնել թիմի գլխավոր մարզիչ Էդու- արդ Մարգարովին: Շտապ օգնության մեքենայով արագ տեղափոխեցինք քաղաքի հիվանդանոց: Ուկրաինացի բժիշկն անմիջապես վիրահատեց Սամվելին: Ամեն ինչ բարեհաջող անցավ: Երկու օր մնացի հիվանդանոցում, զանգահարեցինք Երևան, Սամվելի հարազատները եկան, իսկ մենք Դնեպրոպետրովսկից մեկնեցինք Մոսկվա` խաղալու «Լոկոմոտիվ»-ի հետ:

- Դուք խաղերը դիտում եք միայն մերսողի՞ աչքերով:

- Ես յուրաքանչյուր խաղի հետևել և այժմ էլ հետևում եմ որպես մեր ֆուտբոլիստների խաղի երկրպագու, աջակից: Հիշում եմ, Մինսկում մրցում էինք «Դինամո»-ի հետ: Առաջին գնդակը խփեց Խորեն Հովհաննիսյանը` սառը ջուր մաղելով հազարավոր բելառուս մարզասերների գլխին: Հետո տանտերը հավասարեցրեց հաշիվը: Այն, ինչ կատարվում էր տրիբունաներում` դժվար է նկարա-գրել. ասես երկինքը փլվում էր նրանց գոռում-գոչյուններից: Խաղավերջին, չնայած «Դինամո»-ի պաշտպանները բոլոր կարելի և անկարելի միջոցներով խոչընդոտում էին մեր հարձակումներին, Կոլյա Ղազարյանը, որի վերնաշապիկն անգամ պատռել էին, անհնարին մի իրավիճակում խփեց հաղթական գնդակը: Գլխավոր մրցավարը փորձեց չհաշվել այն, բայց եզրային մրցավարը վճռականորեն պահանջեց գրանցել գոլը…

- Ուրիշ թիմերում և՞ս աշխատել եք:

- Այո, օգնել եմ Աբովյանի «Կոտայք» թիմին: Հայաստանի անկախացումից հետո մինչև 1996 թ. աշխատել եմ ՀԱԸՄ թիմում, որը Խորեն Հովհաննիսյանի աշխատասիրությամբ և Ռուբեն Հայրապետյանի առատաձեռն հովանավորությամբ դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր: Հետո աշխատեցի Հայաստանի երիտասարդական հավաքականում: Հետագայում, երբ Վարուժան Սուքիասյանը դարձավ հավաքականի գլխավոր մարզիչ, ինձ հրավիրեց թիմ: Աշխատել եմ նաև «Արաքս»-ում: Տղաների հետ մեր փոխհարաբերություններում ես ծնողի պես եմ զգում ինձ: Եթե կուզեն` նրանց համար ես հայր կամ մայր եմ, եղբայր եմ, քույր եմ, պարզապես շտապ օգնություն եմ: Իմ կարծիքով` ես կյանք եմ տալիս նրանց: Եթե մարդու սրտում ջերմություն չլինի, նա չի կարող իր մատներով վերականգնել դաժան մրցապայքարում հոգնած երիտասարդ օրգանիզմի էներգիան:

- Դուք մեր հայկական ֆուտբոլի նախանձախնդիր մշակներից եք, պարգևատրվել եք ֆեդերացիայի և «Արարատի» կողմից բազմաթիվ գավաթներով և պատվոգրերով: Նրա ֆիզիկական և հոգևոր առողջության աչալուրջ պահապաններից մեկը:

- Հենց դա է ինձ իրավունք տալիս կոչով, խնդրանքով դիմել այդ մարզաձևի հետ կապ ունեցող բոլոր այրերին` իրար ընդառաջելու, միաբանվելու և կրկին բարձրացնելու մեր ֆուտբոլը: Այլ ուղի չկա: Սա ես ասում եմ երկար տարիների իմ դիտարկումներից և անձնական կենսափորձից ելնելով: Հավատացեք ինձ` 80 տարեկան մարդը չի կարող սուտ բան ասել:

Վերջում ավելացնենք, որ որտեղ էլ աշխատել է մեր Մաքսը, իրեն դրսևորել է որպես մարդ` բառիս բուն իմաստով, բարի և ազնիվ, բարձր արժանիքներով: Թերթի բազմահազար ընթերցողների անունից շնորհավորում ենք 80-ամյակի կապակցությամբ և վաստակաշատ մասնագետին ցանկանում առողջություն և երկար տարիների կյանք:

Հարություն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ