Հպանցիկ հայացք թատերական քննաշրջանին

Թատերական նոր սերունդ. ներկայի ուրվագիծ


Տասնամյակներ շարունակ նույն արտահայտությունն ես լսում. «Թատրոն չկա, հայ թատրոնը վաղո˜ւց մեռել է, մի˜ փորձեք հոգեդարձ անել, զուր ջանքեր են, թողեք վերջին շունչը հանգի˜ստ փչի»: Գրեթե` նույն անզիջում չարակամությամբ: Մեր թատրոնի դամբանախոսները, ըստ իրենցում արմատավորված մտահայեցակետի, խիստ պահանջներ են ներկայացնում արդի թատերարվեստին` հանիրավի քամահրելով հեղաբեկումների պղտոր հորձանքով վերասերված հասարակական-քաղաքական հարաբերութ յունների, անկախական էյֆորիայի, անարև ու արնաշաղախ 90-ականների, «հումանիտար» հորջորջված վնասաբեր օգնության, Էներգետիկ շինծու ճգնաժամի տխուր հետևանքները: Հայ թատրոնի «երդվյալ դամբանախոսները» անդրդվելի համառությամբ անտեսում են անարվեստ ժամանակների հակաստեղծագործական միջավայրը դիմագրավե լու ներուժի փայլուն դրսևորումները: Հիշենք միայն մեկը` Արցախյան պատերազմի տարիներին Սոս Սարգսյանի իմաստուն լավատեսությամբ հիմնած Համազգային թատրոնը, որի ներկայացումները խաղացվում էին «գրադ» կայանքի կրակե տեղատարափի ներքո:

Պետության գաղափարախոսական հիմքերն ամրակայելու հզոր զենք է մշակույթը: Ամենքին է հայտնի: Հայտնի է նաև, որ իր անմիջական ներգործության շնորհիվ արվեստի մյուս տեսակներից թատրոնն առավե˜լ է ի զորու նպաստելու բարեկիրթ հասարակության ձևավորմանը: Հանդիսատեսի հետ բացառիկ` կենդանի հաղորդակցությամբ: Հանդիսատեսի նոր, օտարամոլությունից ու աններելի անգրագիտությունից բժշկված սերունդ ձևավորել, հայրենաշինարարությանը պիտանի լայնահորիզոն, բանիմաց քաղաքացի դաստիարակել է հարկավոր, եթե իսկապես ուզում ենք գիտելիքահենք պետություն, հուսալիորեն պաշտպանված երկիր ունենալ: Փառք Աստծո, հանապազօր այս հացի հանրայնացումը լրջորեն կարևորում են արդի հայ թատրոնի բազմավաստակ, փորձառու գործիչները, որոնցից շատերը դժվարին նվիրումով պահպանում են իրենց վստահված թատերական կառույցները և նոր սերունդ են կրթում: Եվ ոչ միայն Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Մանկավարժական համալսարանում, այլև իրենց տնօրինած թատերահարթակներում: Նախանձելի մի ջանասիրությամբ փորձում են «մարտունակ» նոր հերթափոխ պատրաստել: Արժանի˜ հերթափոխ: Մինչևիսկ` վճարունակ դիմորդների այն մեծաքանակ հավաքականությունից, որում բնավորվել է «սերիալային աստղ» դառնալու մարմաջը: Եվ, որ ամենասարսափելին է, մշակութային բարձրագույն կրթօջախ է ոտք դնում ի ծնե այնչափ արատավոր խոսքով, որն անկարող է քիչ թե շատ շտկել բեմական խոսքի ամենահմուտ ու համբերատար վարպետն անգամ: Ուշ է, շա˜տ ուշ. շատերին պարզապես լոգոպեդ է հարկավոր: Էլ չեմ ասում, որ վոկալի ամենախորագետ մասնագետն անգամ չի կարող երաժշտական թատրոնին իրապես պիտանի երգող դերասան «կերտել»` ձայնային բնատուր խղճուկ տվյալներ ունեցող իր բազմաթիվ սաներից:

Փորձեք անմիջականորեն հաղորդակցվել ԵԹԿՊԻ թատերական տարաստիճան կրթության երկու տասնյակից ավելի լսարաններում ուսումնական տարվա ամբողջ ընթացքում կատարվող աշխատանքների տարեվերջյան արտահայտություններին` էտյուդներ, կուրսային ու դիպլոմային բեմադրություններ և դերակատարումներ:

Վահե Շահվերդյանը երկրորդ կուրսի իր 27 սաներով ոչ միայն ճշգրտում է Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանների» արդիաոճ բեմադրամտահղացումը, այլև պատրաստում Մետեռլինկի «Կապույտ թռչունի» նոր բեմադրությունը, որի ներկայացմամբ անվարան ներկայանում է Վանաձորում այս օրերին անցկացվող մանկապատանեկան թատերական փառատոնի ծիրում: Լեհ անվանի թատերագործիչ Վեցլավ Գերասի հետ 13 և 14-րդ «Արմոնո»-ում 6 ամենաշնորհալի ուսանողների մենախաղերով գտնված համագործակցությունն են գունեղացնում Հրաչյա Ղազարյանի ռեժիսորադերասանական արվեստանոցի 3-րդ կուրսի լսարանում: Արա Երնջակյանի երրորդ կուրսեցիները, վարպետի թատրոնում բեմափորձը խորացնելու հնարավորություն գտնելով, 2 կազմով խաղարկում են «Դե իհարկե» բեմադրության ներկայացումը: Հրաչյա Գասպարյանը մի խենթ նվիրումով իր առաջին կուրսեցիներին հասունացնում է կրկնակի ծանրաբեռնվածությամբ` չթաքցնելով նրանց հետ մեծն Շեքսպիրին ձեռք մեկնելու մտադրությունը: Հակոբ Ղազանչյանը, մտահոգ Պատանի հանդիսատեսի թատերախմբի երիտասարդացմամբ, փորձում է թրծել իր առաջին կուրսեցիներին Վարդգես Պետրոսյանի «Դեղատուն «Անի»» վիպակի բեմավորմամբ: Արմեն Մելիքսեթյանը համառորեն լիարժեքացնում է Բերնսթայնի հանրահայտ «Վեստ-Սայդյան պատմություն» մյուզիքլի նախադիպլոմային ներկայացումը: Եվ սա դեռ ամենը չէ:

Հատկանշական է, որ ճանաչված վարպետների հետ այդ աշխատատար գործընթացին ամենայն պատասխանատվությամբ մասնակցում են իրենց ի հայտ բերած շնորհներով վստահություն ներշնչող, տարբեր թատրոններում հաստատված ԵԹԿՊԻ շրջանավարտներից ոմանք: Հրաչյա Ղազարյանի և Արմեն Մելիքսեթյանի արվեստանոցնե րում` Արա Ասատուրյանը, Վահե Շահվերդյանի արվեստանոցում` Յանա Գաբրիելյանը, Հակոբ Ղազանչյանի` Իշխան Ղարիբյանը, Նիկոլայ Ծատուրյանի` Կարապետ Բալյանը: Ավելին` Յուրա Կոստանյանի համագործակցությամբ ապագա դերասաններին բեմական շարժման ճկուն ու հղկված ընդհանուր վարքագիծ, յուրատիպ կերպավորման հմտություններ պատվաստած Զարուհի Անտոնյանը իրավունք է նվաճել ինքնուրույն վարելու ԵԹԿՊԻ դերասանական 3-րդ կուրսի ուսումնառությունը: Շատերն են տպավորված Յուրա Կոստանյանի արվեստանոցում նրա արած դիպլոմային բեմադրության` «The Best of ShΖkesΘeΖre» (շեքսպիրյան հանրահայտ ողբերգությունների մոտիվներով) էքսպրեսիվ ներկայացմամբ, որն արդեն հաստատվել է Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի խաղացանկում: Միջին և ավագ սերնդի թատերասերները նախապատվելի են համարում շեքսպիրյան հանրածանոթ գործերի մոտիվներով Վահան Բադալյանի բեմավորած «SHAKEsΘeΖre»-ը, որի գրավչության մեջ հավաստիացան Երևանի մետրոյում խաղարկվածին հաղորդակցված ուղևորները:

Ասենք, «փշերով» ընդունվեց նաև Լյուդմիլա Ռազումովսկայայի «Դեպի տուն» կուրսային աշխատանքը` Կարապետ Բալյանի բեմադրությամբ: Մինչդեռ այս մայիսին մի շարք հեղինակավոր մրցանակներ շահեց նրա «Դեպի տունը» Սոչիում կայացած «Պատանիների տարածություն» ուսանողական թատրոնների միջազգային փառատոնում: Ուրույն գրավչություն ի հայտ բերեց նաև Երևանի մանկավարժական համալսարանի մասսայական հանդիսությունների ռեժիսուրայի բաժնի Լիլի Էլբակյանի վարած կուրսի «Դեկամերոն» դիպլոմային աշխատանքը` ըստ Բոկաչոյի:

Տասնյակ սերունդներ ազգային դրամատուրգիական, գրական հենքով աճեցրած Երվանդ Ղազանչյանն էլ, իրեն քաջածանոթ շատերին զարմացնելով, խորագիտորեն փոխզիջման է գնում: Երկրորդ կուրսի ավարտական աշխատանքների ընտրության մեջ իր ուսանողներին տալիս է «նվիրական ստեղծագործական ազատությունը»: Շահան Շահնուրի և Վարդգես Պետրոսյանի գործերին զուգահեռ, նրանք Կոմեդիայի թատրոնի` արդեն հարազատ դարձած փոքր սրահում ներկայացնում են Գոգոլի «Շինելի», Չեխովի «Ձիու ազգանունը», «Հիվանդասենյակ N 6», «Ճայը» նրբահյուս երկերի և Բոդլերի «Սիրուհիների դիմանկարների» իրենց մեկնաբանությունների «սեղմագրերը»: Ուշի ուշով հետևած լինելով Երվանդ Ղազանչյանի արվեստանոցում մի քանի սերնդի կրթության տևական ընթացքին` մտաբերում եմ անցյալ գարնան ավարտական աշխատանք ները ու հպարտությամբ լցվում: Մայրաքաղաքից մղոններով հեռու թատերական կառույցների ստեղծագործական երիտասարդացման արվեստաշեն միտումը կյանքի կոչելուն են լծվել վարպետի նախկին սաները` Արմեն Սաֆարյանը` Գավառում և Ռուզան Խաչատրյանը` Ստեփանակերտում: Գորիսում, Գյումրիում, Կապանում էլ թատրոնների գլխավոր ռեժիսորների պարտականություններն են ստանձնել երիտասարդներ` Գոռ Մարգարյանը, Լյուդվիգ Հարությունյանը, Արթուր Գաբրիելյանը և ուժերի ներածին չափով փորձում են նոր կյանք տալ իրենց վստահված թատրոնների ստեղծագործական նկարագրին: Նրանց կրթած հայտնի արվեստագետների հավաստմամբ` անվերապա հորեն կարելի է լավատեսության իրատեսական հույսեր փայփայել: Մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Գավառում թատրոնի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտին են մոտենում: Գոտեպնդվենք այն բարենպաստ հանգամանքով, որ արդի հայ թատերարվեստում նոր ծլարձակումներ են երևում:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ