Դաշնամուրային մերօրյա էլեգիա


Հայաստանում լարային կատարողական դպրոցի հիմնադիր եղբայրների` Հենրիկ և Հերոնտի Թալալյանների անունն ու ստեղծագործական հարուստ ժառանգությունը մոռացությունից փրկելու առաքելությունը պատվով ստանձնած ամենամյա երաժշտահանդեսի 7-րդ մեկնարկին կարոտով էին սպասում արվեստասերները: Յուրատիպ մշակութային օրացույց էր փառատոնային երկացանկը: Ճանաչված երաժիշտ կազմակերպիչների` Ars lunga ՀԿ հիմնադիրներ Ջուլիետա Վարդանյանի և Արամ Թալալյանի խորագիտությամբ նկատի էին առնված հայ և համաշխարհային երաժշտական գանձարանում մնայուն արժեքներ ներմուծած մի քանի տասնյակ մեծավաստակ արվեստագետ ների հոբելյաններն ու մահվան տարելիցները: Շատերն էին տպավորված երախտագետ ու բանիմաց նրբանկատության այսօրինակ դրսևորումից: Այդուհանդերձ, սպառվում էր ունկնդիրների համբերությունը, անհանգստության նշանները բարձրաձայն բողոքի էին վերափոխվում: Չգիտես, թե ինչու համառորեն փակված էին մնում ԿԵՏ ապակեպատ երկշար դռները...

Վերջապե˜ս: Բացվեցի˜ն «դրախտի դարպասները»: Տհաճությամբ շրջանցելով մաքսատներին հարիր հաշվիչ դրամարկղի արգելապատնեշը` երաժշտահանդեսի մասնակիցները համերգասրահ «ներխուժեցին»: Մի փոքր առաջանալով, սակայն, կարկամած կանգ առան. հաղթանդամ մի տղամարդ ակնհայտ բարկացկոտությամբ ջանում էր կարգի բերել բեմահարթակի կենտրոնում բազմեցված դաշնամուրը: Կամա-ակամա արթնացան ոչ վաղ անցյալի տխուր հուշերը: Ոմանք ցավով մտաբերեցին անցյալ տարեմուտի համերգները: Ոչ թե հոգևոր-կատարողական բովանդակության սնանկության, այլ համարժեք, կողմնակի թվացող անբարենպաստ հանգամանքների հարուցած, մեղմ ասած` անհարմարությունների բերումով: Վիրավորելու չափ խոցվել էին հաշվիչ դրամարկղի անսպասելի, հակամշակութային ներկայության նվաստացուցիչ փաստից… Այդուհանդերձ, մթագնած տրամադրությամբ զբաղեցրին իրենց տեղերը, մտքով տեղափոխվեցին «Արամ Խաչատրյան» համերգասրահ, որի կամարների ներքո առավել թանձրացած էին բախվել հնամաշ գործիքների անարվեստ պոռթկումներին, որոնք մասամբ հաղթահարվել էին միայն անհատ կատարողների հնարամիտ վարպետությամբ: Ինչպես, ասենք, Կամերային պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դաշնակահար Վահան Մարտիրոսյանի նախաձեռնած «Չորս դաշնամուր» համերգային միջազգային նախագիծն իրականացնելիս: Չորս դաշնամուրներից միայն մեկն էր սարքին, և վիրտուոզ երաժիշտների կատարողական արվեստով անհավանական թվացող այդ ծրագրի հրաշալի հնչողությունն ապահովելն իսկապես մշակութային սխրանք էր:

Երաժշտասերների տխուր մտորումների ընթացքն ընդմիջվեց դաշնակահար Ջուլիետա Վարդանյանի տագնապոտ մուտքով համերգահարթակ: Ապավինելով իր նվագակցությամբ հանդես եկող արվեստակիցների անհատական գործիքների անթերի հնչողությանը` այս անգամ ևս չհիասթափեցրեց միջազգային ճանաչում գտած նրբահոգի դաշնակահարուհին: Եվ ԿԵՏ սրահում գերիշխող դարձան Շումանի, Բարտոկի, Շոստակովիչի երկնած երաժշտակտավների տարագույն ելևէջները` յուրովի նախապատրաս տելով հյուրեկ հայտնի դաշնակահար Դմիտրի Նովգորոդսկու (ԱՄՆ) անսայթաք ներգրավումը Մոցարտի կոնցերտի նորովի մատուցման տիրույթում, երաժիշտների միակամությամբ հերոսաբար կյանքի կոչված համերգի ավարտական հոգեպարար ակորդներում: Հերոնտի Թալալյանի որդին` ՀՀ վաստակավոր արտիստ, թավջութակահար Արամը, իր վիտուոզ կատարումներով շուտով մոռացնել տվեց ունկնդիրների հոգեմաշ մտորումները: Հավատարիմ որդեգրած դավանանքին` Արամ Թալալյանը, աննկատ քամահրելով առկա հանգամանքների հարուցած լարվածությունը, վերստին շեշտադրեց իր հոգևոր մասնիկը դարձած թավջութակի ուրույն հնչողության հմայքը: Ինչպես նաև բացառիկ մարտավարություն ստանձնած այս փառատոնի մշտական մասնակից Յանա Դարյանն` իր բարեհունչ ալտինը: Չէ՞ որ ալտի և թավջութակի հանդեպ մեզանում մարող հետաքրքրությունը սրելու անթաքույց նպատակասլացությամբ էր տարիներ առաջ նախաձեռնվել Թալալյան եղբայրների երաժշտահանդեսը: Իր բովանդակալից տարեգրությամբ արժանացել էր ՀՀ մշակույթի նախարարության մշտական աջակցությանը, վաստակել իրավունքը շնորհալի մանուկներին այս գործիքների նվագի հմտությունները պետպատվերով ներարկելու երաժշտական դպրոցներում, այսինքն` անվճար: Արդեն յոթերորդ տարին է, ինչ նորովի ուշագրավ համերգաշարով են ներկայանում նվիրյալ «թալալյանցիները»: Որպես ընծա` հանրությանը մատուցում են ոչ միայն իրենց, այլև աշխարհասփյուռ «լարայինների» մեկտեղված արվեստով առավել գայթակղիչ ներկայացող անշփոթելի կախարդանքը հանիրավի ստվերվող ալտի ու թավջութակի:

Դիմագրավելով հակամշակութային խութերի հուսահատեցնող գրոհները` նախատեսված հունի մեջ մտավ Ալտի և թավջութակի հանրապետական 7-րդ փառա-տոնը` դեգերելով մի համերգասրահից մյուսը: Հռչակավոր կոմպոզիտորների ստեղծագործությունների «հարևանությամբ» կրկին ներկայացվում են մեր ժամանակակիցների նորաստեղծ երաժշտակտավները: Ուրույն մեկնաբանություններով ու մշակումներով նորովի տպավորվում են հանրածանոթ մեղեդիները: Այլևս կասկածից վեր է, որ տևական ժամանակային տարածք զբաղեցնող յոթերորդ երաժշտահանդեսն էլ կհավաստի իր դավանած գաղափարախոսության առանձնակի կարևորությունը: Լավատեսության նոր հույսերով կգոտեպնդի, երբ վերջնահանդեսին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համատեղ, հանրությանը ներկայացվի պատանի թավջութա կահարների կատարողական առկա ներուժը: Ասեմ միայն, որ փառատոնի շրջանակներում վարպետության դասեր անցկացրած Դմիտրի Նովգորոդցկին իր հիացմունքը չթաքցրեց հայ նորելուկ երաժիշտ կատարողների ի հայտ բերած ունակություններից:

Զինվենք համբերությամբ և հավատանք, որ մեր համերգասրահները շուտով կազատագրվեն նաև դաշնամուրային հնոտիներից: Մենք էլ «աղքատ ազգականի» անփառունակ կարգավիճակով ստիպված չենք լինի հյուրընկալել մայրաքաղաքի երաժշտական կյանքը գունեղացնող մյուս հյուրեկ դաշնակահարներին: Չմոռանանք, որ մեր փոքրիկ հայրենիքի հանդեպ օտարների հետաքրքրությունը չի նվազում: Ուստի արժե լրջորեն մտահոգվել «դաշնամուրային մշտահունչ այս էլեգիայով», քանի դեռ ամենամյա տասնյակ երաժշտական փառատոններ են կայանում երևանյան տարբեր համերգասրահներում` ստվարացնելով երկրպագուների բազմությունը: Քանի դեռ զբոսաշրջիկների խմբերը իրենց հայաստանյան երեկոները գերադասում են անցկացնել թարգմանչի կարիք չհարուցող երաժշտական որևէ հանդեսի տիրույթում:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ