Լարվածության «ենթակայանը» Թուրքիայում է…


Վերջերս «Ավանգարդ» թերթում տպագրվել էր Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված «Բաց է մնում Աստծո դուռը» հոդվածը: Այդպես էլ այդ դուռը բաց է մնացել Հայաստանի և Թուրքիայի մտավորականության, պետական, քաղաքական գործիչների առաջ:

Հարկավոր չէ վերը նշված դռան ճռռոցը կապել ստեղծված իրավիճակի հետ, այլ հակառակը, այն պետք է երկկողմանի գործի նպատակին հասնելու համար:

Կայծակնային արագությամբ փոփոխվող քաղաքական իրավիճակը մեզ թելադրում է, ստիպում ասել, որ ամենահարմար պահն է` Թուրքիայից պահանջելու այն հատուցումը, որը կապված է Արևմտյան Հայաստանի երեք միլիոն հայության կորստի հետ…

Հատուցումը խնդրանք չէ, հատուցումը պահանջ է…

Անկախություն ձեռք բերելուց հետո վերջին 20 տարիների ընթացքում Թուրքիայից միակ պահանջը սահմանի բացման փորձն է եղել: Միայն ճանապարհի ուղեփակոցը բացելը, սակայն, դիվանագիտական սխալ քայլ է: Ուստի այն այդպես էլ ոչ մի տեղ չտարավ:

Մենք բարի կամք ենք դրսևորում` բարելավել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, սակայն Թուրքիան շարունակում է անվերջանալի լարվածություն ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև… Ապացույց` 4-օրյա պատերազմն ու սահմանին շարունակվող մարդասպան կրակոցները: Ու նորից հայ մայրերը սևազգեստ դարձան… Ասում են` թուրքերը առևտրի մեջ չեն խաբում, բայց քաղաքականության մեջ` ինչքան ուզես…

Ռուսները և թուրքերը դարավոր թշնամիներ են եղել: 1993 թ. առ վերջերս, նրանց միջև առևտրա-տնտեսական շրջանառությունը հասել էր 100 միլիարդ ԱՄՆ դոլարի: Դա չափազանց մեծ թիվ է (մեզ համար նախանձելի), որի իրականացման մեջ իր տնտեսվարության լավագույն կազմակերպվածությունն է դրսևորել Թուրքիայի այսօրվա նախագահը` Էրդողանը: Բայց, ինչպես վերը նշեցինք, նրա կողմից քաղաքականության մեջ թույլ տված իրար հակասող քայլերը, նույնիսկ ստելը, ոչ միայն զարմանք են առաջացնում, այլ նաև ապացուցվում է նրա զսպվածության չափանիշի բացակայությունը:

4-օրյա ղարաբաղյան պատերազմն էլ հրահրված էր, իսկ Ադրբեջանի նախագահին ձեռնտու են ռազմատենչ այդ հրահրումները:

Էրդողանի, ինչո՞ւ չէ, նաև Ադրբեջանի նախագահի հեռացումով, Անդրկովկասում տիրող խառնաշփոթ վիճակը կարգավորվելու է, լարվածությունը մարելու…

Թուրքիան զրկված լինելով ռուսական շուկայից, շնչակտուր սպասում է իր նոր, Աբդուլա Գյուլի նման դեմոկրատ նախագահի գալուստին…

Հարյուր տարի է` օգտագործում ենք «թուրքը մնում է թուրք» արտահայտությունը…

Եթե սովետների ժամանակ թույլ չեն տվել խորանալ իրական փաստերի մեջ ու բարձրաձայնել դրանք, ապա անկախություն ձեռք բերելուց հետո պարտավոր էինք և այսօր էլ պարտավոր ենք վերլուծել: Առանց դրա հնարավոր չէ «թացը չորից» ջոկել:

«Թացը» թուրքն է, «չորը»` Թուրքիային հրահրող այլ պետությունների համատեղ կործանարար գործունեությունը (1875-1915 թթ.), որոնց ծրագրով էլ թուրքական մահաբեր մրրկահողմը գետնի երեսից փորձեց սրբել հային` կոտորելով, դես ու դեն նետելով մի ամբողջ աշխարհատարածքի երեք միլիոնանոց հայ բնակչություն…

Արդարադատությունը պահանջում է պատժել ոչ միայն մարդասպաններին, այլև նրանց ծրագիր տվողներին ու հովանավորներին: Այդպես էլ եղավ…

Հայոց եղեռնից հետո թե´ Հայաստանում և թե հայ սփյուռքում տպագրվել են բազմաթիվ գրքեր, գրքույկներ, նկարահանվել կինոնկարներ` նույնիսկ թուրքերի կողմից: Թեման մեկն է եղել. ինչպես են թուրքերը կոտորել հայերին: Յուրաքանչյուր լույս տեսած գրքի ընթերցումից մղկտացել է մեր սիրտը, մեր հոգին…

Բավական է…

Մեզ հարկավոր է գրողների, պատմաբանների գրիչը թեքել մեկ այլ ուղղությամբ` պահանջատիրության:

Մինչ հատուցման հարցի առաջ քաշելը` չէր խանգարի մեր հարևաններին հիշեցնել կարևոր մի հանգամանք: Յաթաղանից մազապուրծ տասնյակ հազարավոր սիրունատես, խելացի հայ մանուկներ ուժի զոռով թուրքացան` մեծահարուստ և պաշտոնյա թուրք ընտանիքներում: Ասել է թե` 3-4 միլիոն թուրքերի արյան մեջ կա նաև հայկականը: Հայի արյունը չի ցամաքում և չի էլ կորցնում իր ազդեցությունը` ինչքան էլ թուրք «ծնողները» նրանց մեջ ատելություն սերմանեին դեպի հայը… Այս երևույթը պետք է «անհանգստացնի» թուրք հասարակությանը և ղեկավարությանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո այն է´լ ավելի է ցայտուն դառնալու:

14 երկրների կողմից, Սևրի պայմանագրով, պարտված Թուրքիան Հայաստանին բացի Սև ծով դուրս գալուց, նաև հողային տարածքներ է հատկացրել…

Հայաստանի կողմից Թուրքիային ներկայացվելիք հատուցման պահանջի առաջին կետը, կարծում եմ, Սև ծով դուրս գալն է, որին միանալու համար Թուրքիան հատկացնելու է տարածք Արարատ լեռան փեշերով, Իգդիր և Տուզլաջու քաղաքատիպ ավաններով, Կարսի սարահարթով դեպի ծով` նոր կառուցվելիք նավահանգիստ…

Հատուցման երկրորդ կետով Հայաստանը կարող է նաև մեծահոգաբար հայտարարել, որ ֆինանսական պահանջ Թուրքիայից չունի, որովհետև բարոյական ժողովուրդն իր անմեղ նահատակների արյունը չի վաճառում:

Սև ծով դուրս գալը մեր գլոբալ նպատակն է, երկիրը փրկելու հույսը, միակ ճանապարհը` անկախությունը պաշտպանելու և երկիրը հզորացնելու համար…

Անդրկովկասը աշխարհի գեցիկ տարածաշրջաններից մեկն է, իսկ ժողովուրդները ամենահյուրասեր և բարի մարդիկ: Նրանց միայն խաղաղությունն է պակասում… Իսկ ինչպե՞ս, երբ Ադրբեջանը Թուրքիայի ձեռքն է բռնել, Վրաստանը` Ամերիկայի, իսկ Հայաստանը` Ռուսաստանի… Եվ այդ եռյակի մեջ, արդեն 25 տարի է, ինչ խելակորույս ձևով ապրում են երեք հանրապետությունները: Ուամենածիծաղելին` ՄԱԿ-ի խաղաղության կոչերի ներքո…

Եկել է ժամանակը ասելու.

Հարգարժան ամերիկացիներ, ռուսներ և թուրքեր.

Եկեք մեզ մոտ առանց զենք ու զրահի. հանգստանալու, և վայելելու «գենացվալե», «ջան» ու «սանոլ» պատվավոր բառերի հյուրասիրությունը…

«Աստված մարդուն կյանք է տվել` ապրելու, այլ ոչ թե տանջահար անելու»:

Մարտուն ՍԱՀԱԿՅԱՆ Շինարար, ճարտարագետ, գյուտարար