Էրդողանը մեղադրում է


Ո՞ւմ` ծերուկ Եվրոպայի քաղաքակրթության օրրա համարվող երկու պետություններին: Եվ մեղադրում է` ոչ ավել-ոչ պակաս` ցեղասպանության մեջ: Այսինքն, այն նույն հանցագործության, որի համար իրենց չեն ընդունում Եվրամիություն: Մեղադրում է Գերմանիային ու Ֆրանսիային` արյունոտ անցյալը հիշեցնելով, կարծես ուզում է ապացուցել, որ նրանց կողքին Թուրքիան ևս կարող է եվրաընտանիքի անդամ դառնալ:

Թուրքիո նախագահը Գերմանիային առաջարկում է բանավիճել` հայերի ցեղասպանության փաստը պաշտոնապես ճանաչելու առնչությամբ: Իր այդ առաջարկը նա «համեմել» է հիշեցումներով` Հոլոքոստի և Նամիբիայում կատարած ջարդերի մասին: «Ձեռքի հետ» էլ նա ֆրանսիացիներին անվանել է Ռուանդայի ցեղասպանության մասնակից:

1904-1907 թթ. Գերմանիան գրեթե բնաջնջել է նամիբիական հերերո ժողովրդին: Իսկ Ֆրանսիային մեկ անգամ չէ, որ մեղադրել են ռուանդական հուտուներին աջակցելու համար` տեղացի թութսիներին ոչնչացնելու գործում: Ըստ «Ռոսիա-24»-ի` 3 ամսվա ընթացքում ոչնչացվել է 800 հազար մարդ:

Ինչպես երևում է` Գերմանիան շա˜տ ցավոտ է տրորել Թուրքիայի բթացած կոշտուկը, և Էրդողանը փորձում է իր երբեմնի դաշնակցի անցյալի «կեղտոտ սպիտակեղենը» վեր հանել: Բայց Ռեջեփի կամ Թայիբի համար այդպես էլ անընկալելի է մնում, որ Գերմանիան խոստովանում է իր անցյալի մեղքերը, և ներկա իշխանավորներն այդ խոստովանությամբ քավում են իրենց անփառունակ նախնիների մեղքերը` իրենց երկրի «ճակատից» սրբելով «ոճրագործ» բառը: Եվ, ամենակարևորը, մեղքի գիտակցումը երաշխիք է, որ այդ ոճիրը չի կրկնվի: Մինչդեռ Եվրամիությունում քաղաքակիրթ այդ երկրների կողքին բազմել երազող Թուրքիան ոչ միայն չի ընդունում Հայոց ցեղասպանության փաստը, այլև հրահրում է իր կրտսեր եղբորը` նորից հայի արյուն ոթել: