Ռուսների «ատելության ցուցակում»


Վիճակագրությունը լուրջ գիտություն է, եթե, իհարկե, դրա միջոցով (ավելի ստույգ` դրա անվան տակ) չի եղծվում իրականությունը: Վիճակագրությունը ոչ միայն տվյալ երկրի սոցիալական վիճակի քաղաքական նախասիրությունների իրական կամ ցանկալի «պատկերն» է, այլև` գաղափարախոսության անդրադարձը:

Օրեր առաջ ՌԴ-ում հրապարակվել է ռուսաստանցիների, այսպես կոչված, «ատելության ցուցակը»` աշխարհի տարբեր երկրների նկատմամբ: «Լևադա-Ցենտր»-ի կատարած հարցումների տվյալներով ռուսաստանցիներն իրենց գլխավոր թշնամին համարում են Միացյալ Նահանգները (հարցվածների 72 %): Այս գերտերության հանդեպ վերջին տարիներին ՌԴ-ում գրեթե կրկնապատկվել է ատելությունը. 2012-13 թթ. այդ ցուցիչը 35-38 % էր:

Շատ ավելի մեծ տոկոսով է ավելացել ատելությունը Ուկրաինայի նկատմամբ. 2013-ի 11 տոկոսը գրեթե քառապատկվել է` 48 %: Ատելության կտրուկ աճի առումով, սակայն, ռեկորդակիրը Թուրքիան է: Եթե նախկինում այս երկրի հանդեպ բացասական վերաբերմունք ունեին ռուսաստանցիների 1-2 %-ը, ապա հիմա Թուրքիան «ատելության սանդղակի» 3-րդ հորիզոնականում է` 29 %:

Իսրայելի, Ավստրալիայի, Ռումինիայի, Մոլդավիայի, Իրանի և Իրաքի նկատմամբ հավասարաչափ է ատելությունը` 2-ական տոկոս:

Սակայն ռուսաստանցիները նաև բարեկամական զգացումներ ունեն օտար պետությունների հանդեպ: Այդ երկրների ցանկում են Բելառուսը, Ղազախստանը, Չինաստանը, Հնդկաստանը և Հայաստանը: (inosΗi.ru):