«Անկարան և Բաքուն հայերի բնաջնջման ծրագիր ունեն»


Փորձագետների կարծիքով և´ Թուրքիայի, և´ Ադրբեջանի վրա դամոկլյան սրի նման կախված է այդ երկրների մասնատման վտանգը: Որպես հիմնական փաստարկ` նշվում է երկու երկրների էթնիկ և կրոնական առումներով միատարր չլինելու հանգամանքը: Սակայն, պարզվում է, որ Հայաստանի երկու «հարևանների» մասնատումը կախված է մի շարք գործոններից, որոնց դեպքում դրանց փլուզումը կդառնա անխուսափելի: Աշխարհաքաղաքական նման զարգացումների դեպքում ի՞նչ նոր մարտահրավերների առջև կկանգնի Հայաստանը: Այս և թեմայի վերաբերյալ այլ հարցերի մասին է «Ավանգարդ»-ի զրույցը Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ:

- Իրականում որքանո՞վ են իրատեսական Ադրբեջանի և Թուրքիայի մասնատման մասին կանխատեսումները:

- Այդ երկու երկրների մասնատման հարցը մեծապես կախված է ինչպես ներքին քաղաքական իրավիճակից, այնպես էլ արտաքին գործոնների ազդեցությունից:

Եթե խոսում ենք Թուրքիա - Հայաստան հակամարտության մասին, ապա ակնհայտ է, որ Հայաստանը ռազմական տեսանկյունից անզոր կլինի հակամարտության մեջ մտնել այդ երկրի հետ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդտեղ մի քանի «ղարաբաղ» կա, որոնք սպասում են իրենց աստեղային ժամանակին: Դրանցից մեկը Լեզգիստանի հիմնախն դիրն է, որը շատ լուրջ է դրված: Այն գտնվում է Ադրբեջանի հյուսիսային մասում: Լեզգիները բավական մեծ թվաքանակ ունեն, քան Ադրբեջանում պաշտոնական թվերն են ցույց տալիս: Նրանք բավական պրագմատիկ և ազատատենչ ժողովուրդ են: Հաջորդը Ադրբեջանի հարավում գոյություն ունեցող Թալիշստանի հիմնախնդիրն է: Նրանք նույնպես մեծ թվաքանակ ունեն Ադրբեջանում: Ինչպես գիտեք, թալիշները իրանալեզու ժողովուրդ են և չպետք է մոռանալ, որ այդ հարցում նրանց բավական աջակցում է Իրանը: Բացի այդ, նրանք 20-րդ դարում երկու անգամ փորձ են կատարել անկախ պետություն ստեղծելու:

- Այնուամենայնիվ, Ադրբեջանին առայժմ հաջողվում է ազատության ձգտող այդ երկու ազգերին պահել իր ճնշման տակ:

- Ինչ վերաբերում է Լեզգիստանին, ապա այստեղ ռուսական գործոնը մեծ ազդեցություն ունի, քանի որ լեզգիների որոշ մասը բնակվում է Դաղստանում, և Ռուսաստանն ընդդեմ Ադրբեջանի խաղում է այս գործոնի վրա: Այնպես որ, նման հեռանկարներ, իհարկե, կան: Սակայն, հայկական կողմը դրանից կարող է դրական օգուտներ քաղել, եթե կարողանա ակտիվություն ցուցաբերել թե´ Թուրքիայի և թե´ Ադրբեջանի փլուզմանը նպաստելու հարցում:

- Ակտիվություն ցուցաբերել ասելով ի՞նչ նկատի ունենք:

- Նախ անհրաժեշտ է կենտրոններ ստեղծել, որոնք կկարողանան հարաբերություններ ստեղծել Ադրբեջանի բնիկ ազգային փոքրամասնությունների և վտարանդի համայնքների հետ: Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանում գործում են հայագիտական կենտրոններ, որոնք ամենօրյա ուսումնասիրության են ենթարկում Հայաստանը և ձեռքի տակ եղած փաստերն օգտագործում են ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը Հարավային Կովկասից հայերի բնաջնջման ծրագիր ունեն և այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր են իրականացնում: Այնպես որ, դա երկկողմանի պայքար է:

- Հայաստանի սահմանակից չորս երկրներից երեքը փաստորեն մահմեդական երկրներ են, որոնցից երկուսի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի: Ասել է թե` ներկայումս այնքան էլ շահեկան վիճակում չենք, ուստի նման զարգացումների դեպքում ավելի չե՞ն խտանա գույները:

- Փաստն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղը գտնվում են թուրքալեզու զանգվածի անկլավի կարգավիճակում: Այսինքն, Իրանի հետ սահմանային հատվածում մենք ունենք թուրքալեզու ադրբեջանցիներով բնակեցված հատված: Վրաստանի հետ սահմանում նույնպես հիմնականում ադրբեջանցիներով բնակեցված տարածքներ ունենք: Այսինքն, մենք գտնվում են բավական վտանգավոր պայմաններում և պետք է կարողանանք առավելագույն զգուշավոր քաղաքականություն վարել:

- Բայց մյուս կողմից, այդ երկու երկրների փլուզումից հետո արդյո՞ք չի ավելանա Հայաստանի, այսպես ասենք, մուսուլմանական հարևանների թիվը, և այս դեպքում արդյո՞ք պատկերն ավելի չի սրվի:

- Թուրքիայի և Ադրբեջանի մասնա-տումը «եթե» չի կարող լինել: Դա անպայման տեղի է ունենալու: Միակ հարցն այն է, թե` ե՞րբ: Սա ես պնդում եմ հաստատապես: Թուրքիայի փլուզումից հետո, եթե ձևավորվի Քրդստանը, ապա չեմ կարծում, որ դա մեզ կարող է ուրախացնել, քանի որ Արևմտյան Հայաստանի հողերի վրա իրականում քրդեր են ապրում: Ուստի մենք պետք է լրջորեն դրանով զբաղվենք և ոչ թե դրանից անակնկալի գանք: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ երկրի փլուզման դեպքում մենք մեկ միասնական թշնամական պետության փոխարեն կունենանք բարեկամական տրամադրված Թալիստան և Լեզգիստան: Դա հնարարավոր կլինի, եթե Հայաստանը նրանց ձեռք մեկնի: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա մենք պետք է ձգտենք քրդերի և ծպտյալ հայերի բարյացկամությունը շարժել: Զարգացող իրադարձություններին դիտորդի կարգավիճակով հետևելով` չի կարելի բացառել, որ այդ նորաստեղծ պետությունները նույնպես կարող են թշնամական տրամադրություն ունենալ մեր հանդեպ: Իհարկե, ելնելով նրանց կրոնական հայացքներից և այդ ֆոնի վրա նրանց կողմից հայերի հանդեպ ունեցած նախապաշարմունքներից ու հակահայկական նախատրամադր վածությունից, ինչն առկա է ոչ միայն թուրքերի, այլև քրդերի, լեզգիների, թալիշների մոտ:

- ԼՂՀ-ի դեմ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին բավական ակնհայտ դարձան թուրք-ադրբեջանական նկրտումները: Այս ամենից ի՞նչ հետևություններ պետք է անել:

- Իսկապես, նավթի գների անկումը Ադրբեջանին կանգնեցրել է տնտեսական և քաղաքական ծանր իրավիճակի առջև, բայց չպետք է մոռանալ, որ հոգեվարքում գտնվող վիրավոր գազանն ավելի վտանգավոր է: Ուստի, Հայաստանը չպետք է «ջայլամի» քաղաքականություն վարի: Ամեն ինչ կախված է մեր դիրքորոշումից: Ակտիվ գործունեութ յուն ծավալելով, չի բացառվում, որ մենք նաև նոր տարածքային համալրումներ ունենանք թե´ Հայաստանի տարածքում և թե´ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ