Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները` Ադրբեջանի միջոցով

ԲՈՐԵՆԻՆԵՐԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ


Գերմանիայի խորհրդարանի ընդունած` Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային փորձագետների կողմից պատմական առումով բեկումնային քայլ համարվեց: Այն կարևոր էր նաև այն առումով, որ պատմականորեն Թուրքիայի ավանդական դաշնակից պետությունը լինելով, Գերմանիան հատկապես ակտիվ մասնակցություն է ցուցաբերել` Արևմտյան Հայաստանի տարածքում բնակվող քրիստոնյա ազգերին բնաջնջելու, տեղահանելու և էթնիկ զտումներ իրականցնելու հարցում: 1915 թվականից 101 տարի անց ժողովրդավարութան ազատամարտիկ և Եվրամիությունում հսկայական կշիռ ունեցող երկիրն ի վերջո կարողացավ առերեսվել սեփական պատմությանը ու իրերն իրենց անուններով կոչել: Այս ամենը, բնականաբար, տեղի ունեցավ ոչ թե հայերին հաճոյանալու համար, այլ սեփական շահերից ելնելով: Ինչո՞ւ 101 տարի անց և ի՞նչ շահերի մասին է խոսքը: Այս և աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումների մասին է զրույցը քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ ՔԵՌՅԱՆԻ հետ:

- Բոլորին հետաքրքրում է, թե ի՞նչն էր այն հիմնական գործոնը, որը դրդեց Գերմանիային` ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

- Հայոց ցեղասպանության հարցը ոչ միայն Գերմանիային, այլև բոլոր գերտերություններին է վերաբերում, որոնք ոչ միայն Հայոց ցեղասպանության տարիներին են դիրքորոշում ցուցաբերել` բանաձևեր ընդունելով, դատապարտելով այն, այլև դրանից հետո նույնպես:

Անցած հարյուր տարիների ընթացքում գերտերությունների կողմից ցուցաբերած դիրքորոշումներում կարմիր թելի նման ընդգծվում է մի երևույթ. հայկական հարցը գերտերությունների կողմից մշտապես օգտագործվել է որպես մահակ` Թուրքիայի վրա ճնշում գործադրելու և նրա կողմից զիջումներ կորզելու համար: Սակայն չխորանալով պատմական իրադարձությունների մեջ, փորձենք այն վերլուծել այսօրվա աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում: Իհարկե, դա կարելի էր անել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, բայց ընդունվեց դրանից մեկ տարի անց: Անշուշտ այն դրական քայլ էր, սակայն, այստեղ կան նաև մարտահրավերներ, որոնք պետք է անպայման հաշվի առնել:

- Որո՞նք են դրանք:

- Դրականն այն էր, որ ցանկացած պետություն, նահանգային կամ քաղաքային մարմին, եթե ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ապա այն հանդիսանում է հարցի միջազգային ճանաչման շղթայի հերթական օղակը: Բայց Գերմանիայի նման պետության կողմից այդ հարցի ընդունումը հսկայական նշանակություն ունեցող երևույթ է, քանի որ դրա հիմնական նպատակը Թուրքիայի կողմից արդեն տասը տարուց ավելի վարվող Հայոց ցեղասպանության ժխտողականության քաղաքականությանը հարվածելու նպատակ էր հետապնդում: Այս առումով սա լուրջ հարված էր Թուրքիային: Խոսելով հարցի բացասական կողմի մասին` նշեմ, որ բանաձևի ընդունման ժամանակ, ինչպես տեսանք, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և կառավարության անդամները չմասնակցեցին քվեարկությանը: Նկատենք, որ բանաձևն ընդունվեց այն պահին, երբ Թուրքիան Եվրոպայի հետ ընդհանրապես և Գերմանիայի հետ մասնավորապես լուրջ տարաձայնություններ ունի արևմտյան ճգնաժամի` միգրանտների հետ կապված հարցի հանգուցալուծման շրջանակներում: Սրանք մտահոգություններ են առաջացնում, որ, փաստորեն, այս անգամ էլ հայկական հարցն օգտագործվեց որպես մահակ: Եթե Թուրքիան որոշ չափով զիջումների գնար, ապա, ամենայն հավանականությամբ, կրկին կմնար թղթի վրա:

- Բնական է, որ Հայոց ցեղասպանության հարցը կրկին օգտագործվեց որպես մահակ, սակայն շահի տեսանկյունից ի՞նչ կտա այն Գերմանիային:

- Ինչպես տեսանելի է վերջին 25 տարիների ընթացքում, Գերմանիայի և Ֆրանսիայի կողմից ամեն ինչ արվում է` փակելու Թուրքիայի մուտքը դեպի Եվրամիություն: Այդ շրջանակներում բազաթիվ արգելքներ են դրվել ինչպես մարդու իրավունքների, քրդական հարցի, հարևանների հետ փակ սահմաններ ունենալու, սիրիական հարցի, այնպես էլ այլ հարցերի հետ կապված: Խնդիրն այն է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ այն եզակի պետությունն է, որը շատ հաճախ գործում է ինքնուրույն, որի կողմից իրականացված քայլերը շատ հաճախ չեն համընկնում ՆԱՏՕ-ի անդամ արևմտյան մյուս երկրների շահերի հետ: Այս խնդիրները մշտապես Ֆրանսիայի և Գերմանիայի հետ Թուրքիայի բախումների պատճառ են հանդիսացել, և այսօր արդեն գերխնդիրը Թուրքիային վերահսկելի դարձնելն է:

- Ստեղծված իրավիճակից ի՞նչ օգուտ կկարողանա քաղել Հայաստանը:

- Հայաստանն, օգտվելով առիթից, կարող է թուլացնել Ղարաբաղյան հարցի հետ կապված Թուրքիայի ակտիվությունը և որոշ չափով մեղմել Ադրբեջանին աջակցելու նրա ագրեսիվ նկրտումները: Դա առավել ակնհայտ դարձավ ապրիլյան պատերազմի օրերին: Բացի այդ, Թուրքիան այսօր հակամարտության մեջ է ոչ միայն Արևմուտքի, այլև Ռուսաստանի հետ: Սակայն, հաշվի առնելով թուրքական դիվանագիտությունը, որը վերջին 200 տարվա ընթացքում որևէ պարտություն չի կրել, ապա չի բացառվում, որ թուրքերն այժմ փորձեն խաղալ Արևմուտք-Ռուսաստան հակասության վրա և ձգտեն ստեղծված իրավիճակից կրկին շահեկան դուրս գալ: Մյուս կողմից թուրք-ադրբե ջանական դիվանագիտական տանդեմը շատ է ոգևորում Ադրբեջանին: Այս առումով, ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում մի փոքր մտահոգություն ունեմ, քանի որ հնարավոր է` Թուրքիան ստեղծված «համերաշխությունն» օգտագործի նաև Ռուսաստանի դեմ:

- Փաստորեն չի բացառվում, որ առաջիկայում կրկին թուրք-ադրբեջանական առևտո՞ւր սկսվի:

- Ներկայումս Ռուսաստանը բավական լուրջ խնդիր ունի` Ադրբեջանին դեպի ԵԱՏՄ քաղաքական ինտեգրացիոն դաշտ ներգրավելու առումով: Եթե Թուրքիային հաջողվի Ադրբեջանի միջոցով սպառնալիք ստեղծել Ռուսաստանի համար, ապա Թուրքիան կարող է ստեղծված իրավիճակն օգտագործելով հասնել Ռուսաստանի հետ սեփական խնդիրների կարգավորմանը: Այս ամենը հաշվի առնելով` Հայաստանը պետք է կարողանա ուշադիր հետևել ռուս-թուրքական հարաբերություններին և հմուտ դիվանագիտական քայլերի շնորհիվ թույլ չտա, որ Ղարաբաղի հարցում հետընթաց տեղի ունենա: Իսկ եթե Արևմուտքին հաջողվի Թուրքիայի վրա ճնշում գործադրելով ստիպել բացել հայ-թուրքական սահմանը, ապա Հայաստանը պետք է ամեն ինչ անի` ճեղքելու Թուրքիա-Ադրբեջան տանդեմը:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ