ԵՐԿՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ


Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում խաղաղության մունետիկները շարունակում են «հրադադար» անվանել այնտեղ տիրող իրավիճակը` 1994-ից ի վեր: Բայց այնտեղ ապրող երեխան անգամ լավ գիտե, որ դա դանդաղ պատերազմ է` մահասփյուռ կրակոցներով: Մեր թշնամին շատ ժանտ է, իսկ իրավիճակին գնահատական տվողները` կիսով չափ արդար, կիսակույր ու կիսախուլ: Հրադադար կոչվածը խախտում է մի կողմը, բայց «կարգի են հրավիրում» երկու կողմերին:

Այդ տարածքում իրենց ներկայությունը պարտա-դրել ձգտող կողմն էլ, «խաղաղություն» գոչելով, ռազմատենչ մեր ոսոխին զինում է հարձակողական զենքով ու դա բիզնես կոչում:

Արդյո՞ք ապրիլյան քառօրյան հենց այս թողտվության արդյունքը չէր: Հաշվարկել էին, հավանաբար մեկ-երկու չարձագանքելու խոստում տվել (շաբաթ-կիրակի էին ապրիլի 2-3-ը): Երևի չէին պատկերացրել հայ զինվորի մարտունակությունը…

Այդուհանդերձ, կորստյան մորմոքը նորից Հայոց տուն մտավ, հարյուրից ավելի օջախների ծուխ մարեց: Բայց նաև կարևոր երկու իրողություն փաստեց «ապրիլյան քառօրյա» կոչվող չարիքը. հայը սիրում է իր երկիրն ու իր զինվորին, և զինվորն էլ նվիրյալն է իր մայր հողի: Անափ սեր, որը հաճախ գիտակցված չէ, որը հաճախ թվում է, թե խամրում է սոցիալական պատուհասների բովում: Համակ սեր, սակայն, որը ժառանգական է ու նորոգ` բոլոր ժամանակներում:

«Ապրիլյան քառօրյա» չարիքը մերօրյա Ավարայր էր, որը բազում կյանքեր խլեց և որոշ տարածքներ, բայց հայկական կողմը երկու կարևոր հաղթանակ արձանագրեց. տապալվեց «բլից կրիգ» կոչված կայծակնային պլանը, և ժողովուրդն ի ցույց դրեց իր առողջ բնազդը` մեր զինվորի ու երկրի թիկունքին ենք ազգովի:

Այո, դժգոհությունը մեծ է, հիասթափությունը` կեղեքող: Անհաշտ ենք իշխանությունների հետ, լքում ենք Հայաստանը` ցանկացած ուր բարեկեցություն որոնելու, այստեղ ապրում ենք հուսահատ, չարացած նույնիսկ, բայց, երբ ահագնանում է վտանգը, բռունցքվում ենք կրկին:

Միասնականանալու կարևոր այս դասը սերտեցինք կրկին, բայց ոգեղենությունը նորից լքում է կարծես` տեղը զիջելով ներքին թշնամուն: Ներքին թշնամին շրջապատում է, իսկ թշնամանքը` յուրաքանչյուրիս ներսում: Անվերջ հրաժարականների պահանջներ են հնչում: Այո, բանակում կային բացթողումներ, անբարեխիղճ անձինք, բայց Պաշտպանության գերատեսչության ղեկավարն ինքն է պատասխանատվության կանչում նրանց` անթաքույց բարձրաձայնելով անուն առ անուն: Անարգանքի սյունին գամել այն կառույցը, որն ամենակայացածն է` մյուսների համեմատ` արդար չէ: Ինչ խոսք, արտաքին վտանգը կասեցնելու կոչված Բանակի յուրաքանչյուր սպա ու մարտիկ առավել զգոն պետք է լինեն: Բայց չէ՞ որ նրանք նույն հասարակության անդամներն են, ովքեր մյուսների նման երբեմն կարող են տրվել գայթակղությանը: Չարդարացնենք մեղավորներին, բայց նաև չանտեսենք, որ ինքնամաքրման ուղին ընտրած կառույցը շատ ավելի հուսալի է, քան իր ներսի աղբը կոծկող, դրա դեմ չընդվզող մյուս կառույցները, որոնց վատ աշխատանքի արդյունքն է նաև մեր ներկա իրավիճակը:

Մարդկային կյանքեր ու մի քիչ էլ տարածք կորցնելով հանդերձ` Հայը կարևոր մի հաղթանակ արձանա-գրեց. հաղթեցինք ինքներս մեզ, հաղթահարեցինք մեր հոգու նվաղումը, միասնականացանք: Հենց այդ միասնականությամբ էլ պիտի պահանջատեր մնանք` առանց «Լինչի դատաստան» երազելու: Լինչի դատաստան` թշնամուն, իսկ ներսի մոլորյալներին դարձի բերել է պետք: