«Մի ոտքը` անցյալում»


Մոսկվա կատարելիք այցի նախօրեին Օբաման Associated Press գործակալությանը ներկայացրել է իր վերաբերմունքը ՌԴ ղեկավարության հանդեպ` խոսելով նաև իր ակնկալիքներից: Խոստովանելով, որ Մեդվեդևի և իր միջև շատ լավ հարաբերություններ են ստեղծվում, նա կշտամբել է Պուտինին` ոչ ժամանակակից լինելու համար. - …Նա մեկ ոտքով մնացել է անցյալում,- պատկերավոր արտահայտվել է Օբաման: ԱՄՆ-ի նախագահը «սառը պատերազմի» կարծրատիպերը հաղթահարելու հեռանկար է տեսնում` շեշտադրելով հատկապես, որ Նահանգները Դմ. Մեդվեդևի հետ բավական լավ կարող են համագործակցել` հատկապես սպառազինության կրճատման ուղղությամբ: Սակայն Ռուսաստանի նախագահի բարեհաճությունը բավական չէ` ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը լիցքաթափելու: Բ. Օբաման նաև խոստովանել է, որ Պուտինը շարունակում է ազդեցիկ լինել, ու այդ պատճառով ինքը հանդիպելու է նրա հետ. - Եթե նույնիսկ մենք նախագահ Մեդվեդևի հետ առաջ շարժվենք, ես կարևոր եմ համարում, որպեսզի Պուտինը հասկանա, որ ամերիկա-ռուսական «սառը պատերազմի» ժամանակների մոտեցումները հնացել են, և ժամանակն է` առաջ ընթանալ ուրիշ ուղղությամբ,- ճշգրտել է Օբաման` հավելելով,- Մեդվեդևը հասկանում է դա: ***