«Էդ խելքով քանի՞ ախպեր եք...»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խու՞լ է, թե՞ իրեն, մեղմ ասած, անհասկացողի տեղ է դնում: Այլ կերպ անհնար է գնահատել Ադրբեջանի նախագահի կողմից անցյալ շաբաթ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին տված բավական ընդարձակ հարցազրույցը: Այդտեղ նա այնպիսի հավաստիացումեր է արել, որոնք վկայում են, որ Իլհամ Հեյդար-օղլին ամենևին չի լսում արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցով իր հետ բանակցող Հայաստանի նախագահին: Վերջինս հնարավոր բոլոր ամբիոններից միլիոներորդ անգամ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այլևս երբեք և որևէ կարգավիճակով չի կարող մաս կազմել Ադրբեջանին: Իսկ Ալիևը ոչ միայն ձևացնում է, թե Հայաստանի Նախագահի այդ սկզբունքային դիրքորոշումն իրեն ծանոթ չէ, այլև հարցն այնպես է ներկայացնում, ասես ինքն ու Սերժ Սարգսյանը նախկինում անհնարին թվացող այնպիսի տարաձայնություններ են հաղթահարել, իրենց դիրքորոշումներն այնքան են մոտեցրել, որ ուր որ է` հաշտությունը կայանալու է, իսկ վերոնշյալ «մանրուքին» ուշադրություն դարձնել նույնիսկ չարժե: Արդ, դիտարկենք, թե ի՞նչ փոխզիջումային համաձայնություններ է ակնարկում Հեյդար Բաբայի սիրասուն զավակը: Ըստ նրա, Ադրբեջանն այնքա¯ն «լայնախոհություն» է ցուցաբերում, որ իր համար «խնդիր չի տեսնում Լաչինի միջանցքով Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապ ունենալու մեջ»: Անշուշտ, նկատում եք, որ Քարվաճառի կամ Քելբաջարի վրայով Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի կապի մասին ակնարկ անգամ չկա: Իր անասնագող նախնիների նման Ալիևը…Քարվաճառն արդեն իրե¯նցն է համարում: Այստեղ են ասել` «եզն իրենով է արել, անունն էլ Բանոշ է դրել»: Ալիևը «մեծահոգաբա¯ր» համաձայնել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի` «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հանրաքվեն անորոշ ժամանակով հետաձգելու» առաջարկին: Սակայն այն պայմանով, որ այդ հանրաքվեն, երբ էլ անցկացվի, «իր մեջ չպետք է պարունակի Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից երբևէ իրավաբանորեն անջատելու մեխանիզմ ներ»: Էլ ո՞ր գրող ու ցավի համար է այդպիսի հանրաքվե անցկացվելու: Ըստ Ալիևի` դա պետք է արվի այն բանի համար, որ «Լեռնային Ղարաբաղում այսօր ապրողներն ու նրանք, ովքեր պետք է հաշտության պայմանագրի կնքումից հետո վերադառնան իրենց հայրենի տարածքները, իրենք որոշեն ամենաբարձր մակարդակի ինքնորոշման այն աստիճանը, որն իրենք կցանկանային ունենալ…Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Մարդու քառակուսի գլուխը ոչ մի կերպ չի մտնում, որ արցախահայությունը չի ցանկանում որևէ, անգամ ամենաբարձր ինքնավարության կարգավիճակով ապրել…Ադր բեջանի կազմում: Ուզում ե՞ս` ականջի տակ գոռա, ուզու՞մ ես` գլխին բամփիր, բազմաթիվ լեզուներով ասա` նո°, նե°տ, նա°յն, բա°ստա, ա°րարիս, էլ չենք ուզում ձեր գարշելի պետության մեջ լինել, մինչև կոկորդներս կուշտ ենք ձեզնից էլ, մեր հողում «խաղաղ ու անվտանգ ապրելու» ձեր «երաշխավորություններից» էլ: Անվտանգության ձեր «երաշխավորությունների» իրական արժեքը տեսել ենք և° խորհրդային 70 տարիներին, և° հետխորհրդային շրջանի ձեր վայրագությունների շրջանում, սկսած…Սումգայիթի, Բաքվի, Ադրբեջանի մյուս հայաբնակ վայրերի հայության գազանային ջարդերից, վերջացրած…Արցախի հայությանը բնաջնջելու նպատակով ձեր սանձազերծած ագրեսիվ պատերազմով: Եթե այդ պատերազմում փառահեղ քոթակ ուտելուց հետո էլ դեռ այդքան ամբարտավան տոնով հոխորտում եք, հապա ի՞նչ գազանային դեմք կընդունեք, եթե, Աստված մի արասցե, նորից ատամներդ կտրի, նորից արցախահայությունը հայտնվի ձեր գերիշխանության տակ… Դժվար է ասել, թե ի՞նչ հարցերում են «արդեն համաձայնության եկել» Ալիև Կրտսերն ու Սերժ Սարգսյանը, եթե ամենագլխավոր խնդրում` ԼՂՀ անկախությունը ճանաչելու հարցում Ադրբեջանը փոխզիջման գնալու ոչ մի պատրաստակամություն չի դրսևորում: Ուզում է հետ ստանալ այսպես կոչված «գրավյալ տարածքները», հասնել «իրենց հայրենի բնակավայրերը վերադառնալու Արցախի ադրբեջանցիների իրավունքի ճանաչմանը», իհարկե, շրջանցելով հայ փախստականների վերադարձի իրավունքը, լուծել «Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարման մարմիններում ադրբեջանցիների մասնակցության հարցը», փոխարենը…ոչինչ չտալով: Ընդամենը համաձայնելով, որ «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հանրաքվեն անորոշ ժամանակով հետաձգվի», որ «այսօր Լեռնային Ղարաբաղում ապրողների համար երաշխավորվի վաղը նույնպես այնտեղ ապրելու հնարավորությունը», իսկ որպեսզի նրանք չվախենան` բաց մնա Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքը: Կեցցես, Իլհամ Հեյդար-օղլի: Պապդ ողջ լիներ, կասեր` «աֆֆարիմ, էֆենդըմ»: Էդ ի¯նչ «հանճարեղ» բանակցող ես եղել` չենք իմացել: Բայց քանի որ Իլհամի պապը չկա, իսկ մենք էլ ամենևին նրա «հանճարով» հիացողների թվին չենք պատկանում, պատմությունից հանրահայտ մի օրինակ հրամցնենք Ադրբեջանի նախագահին: Սրանից 24 դար առաջ Պարսկաստանի ջախջախված թագավոր Դարեհ Կոդոմանը հաշտություն կնքելու առաջարկով դիմում է Ալեքսանդր Մակեդոնացուն: Իբրև հաշտութ յան գին նա Ալեքսանդրին առաջարկում է իր թագավորության կեսը, որն Ալեքսանդրն արդեն գրավել էր, և խոստանում է նրան կնության տալ իր դստերը, որին Ալեքսանդրն արդեն իսկ գերի էր վերցրել: - Ինչու՞ ես ինձ առաջարկում այն, ինչն արդեն ինձ է պատկանում,- Դարեհի հաշտության առաջարկին պատասխանում է երիտասարդ Ալեքսանդրը: Հիմա Ալիև Հեյդար-օղլին է: Մեզ առաջարկում է…Լաչինի միջանցքը, որն արդեն վաղո¯ւց մեր վերահսկողության տակ է: Մեզ խոստանում է «թո¯ւյլ տալ», որ արցախահա յությունը այսուհետ ևս ապրի իր բնօրրանում, որն իրենք ուզում էին խլել և…չկարողացան: Ընդունո¯ւմ է արցախայության ինքնորոշման հանրաքվեի իրավունքը, բայց` «Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում»: Այն դեպքում, երբ նույն արցախահայությունը, ամենևին հաշվի չառնելով Ադրբեջանի «բարեհաճությունը», արդեն իսկ շատ ավելի բարձր մակարդակի ինքնորոշման է հասել… Հանուն ինչի՞ պետք է ԼՂՀ-ն հրաժարվի իր նվաճած շատից: Հանուն այն բանի, որ Ադրբեջանը նրան ավելի քի՞չը տա… Մեր ժողովրդական խոսքն այսպիսի դեպքերում սպանիչ հեգնանքով հարցնում է` «էդ խելքով քանի՞ ախպեր եք…»:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ