Երկրի բնակչությունը` 2050¬ին


21¬րդ դարակեսին մոլորակի ամենախիտ բնակեցված երկիրը կլինի Հնդկաստանը, որը մոտավորապես 2025¬ին իր ազգաբնակչությամբ կգերազանցի Չինաստանին: Միացյալ Նահանգները` 423 միլիոն բնակչությամբ (2010 թ.` 308 միլիոն էր) կզբաղեցնի 3¬րդ տեղը: Ներկայումս տնտեսապես ու քաղաքականապես ազդեցիկ Ճապոնիան ու Ռուսաստանը ծնելիության անկման հետևանքով 9 և 10¬րդ հորիզոնականներից կիջնեն համապատասխանաբար` 16¬րդ և 17¬րդը: Այս տվյալներն աշխարհի 228 երկրների վերաբերյալ կանխատեսումներից են, որոնք կատարել է ամերիկյան Բնակչության գրանցման բյուրոն (գրել է InoPressa¬ն` վկայակոչելով Time ամսագիրը): Ըստ այդ կանխատեսումների` 2050 թ. սահմաններում կդանդաղի չինացիների սրընթաց աճը, իսկ Արևմտյան Եվրոպայում` կբարձրանա: Ու հատկապես Իսպանիայում և Իտալիայում` ինչպես ծնելիության, նույնպես և ներգաղթի հաշվին: Առավել նկատելի աճ կգրանցվի աֆրիկյան երկու երկրներում` Նիգերիայում (165 միլիոնից` 402 մլն) և Եթովպիայում (91 միլիոնից` 278 մլն): - Հավանաբար ամենաանբարենպաստ փոփոխությունները բաժին կհասնեն Ռուսաստանին: Վիթխարի այդ երկիրը 1992¬ից բնակչության քանակի հաստատուն անկում է ապրում: Եվ, ինչպես սպասում է ԱՄՆ¬ի բնակչության գրանցման բյուրոն` 2050 թ. մոտակայքում երկրի բնակչությունն է´լ ավելի կկրճատվի` 139 միլիոնից հասնելով 109 միլիոնի: Ավելի քան 21 %¬անոց այդ կրճատումն ավելին է, քան 2¬րդ համաշխարհային պատերազմում երկրի կորուստները,¬ նշել է հրապարակման հեղինակ Քլեր Սադետը: Ընդ որում, այնտեղ ծնելիության անկումից բացի նաև կյանքի տևողության կրճատում է արձանագրվում: Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալներով` Ռուսաստանում տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 62 տարի է` պայմանավորված երկրում ալկոհոլիզմի տարածվածությամբ և վատ սնվելով: Համեմատության համար բերվում է նույնպես բնակչության թվի ակնհայտ նվազում արձանագրող Ճապոնիայի օրինակը. ճապոնացի տղամարդիկ միջին հաշվով ապրում են 80, իսկ կանայք` 86 տարի: