ՀԱՅՐԵՆԻ ԵԶԵՐՔԻ ՏԱՐԵԳԻՐԸ «Մեր պատասխանը Չեմբեռլինին»


Գրիչ վերցնել ու մտորումներս թղթին հանձնել ինձ ստիպեց նախկին երևանցի, այժմ բաքվեցի, Երևանում ծնված, մեծացած, հայի հացով սնված, թուրքի հոգով դաստիարակված, Հայկական ԽՍՀ լուսավորության փոխնախարարի պաշտոնին հասած ոմն Շարիֆով Սուրեն Ալիի: Այս ուրացող հացկատակը, որ, ինչպես նշեցինք, բավականին լուրջ կրթություն է ստացել Հայաստանում, հայտնի դեպքերի հետևանքով իր ուզած գնով վաճառել է երևանյան բնակարանը, Բաքու մեկնել: Տեսնելով, որ կեղծելն ու հնարելը եկամտաբեր բիզնես է, լծվել է հայր և որդի Ալիևների սայլին ու վարպետորեն կեղծում է պատմությունը: Ավելի ճիշտ` պատմություն է մոգոնում այն մասին, որ հնուց անտի եղել է ադրբեջանցի ժողովուրդ, ապրել է գիտնականների կողմից «Հայկական լեռնաշխարհ» անվանված, թուրքերի կողմից «Արևելյան Անատոլիա» հորջորջվող տարածքում, իսկ օկուպանտ հայերը, չգիտես որտեղից հայտնվելով, խլել են իրենց հողերը, ոչնչացրել «տեղաբնակներին»: Մեր պատմաբանները, աշխարհի սթափ մտածող բազմաթիվ գիտնականներ, իհարկե, սրանք ցնդաբանություններ, բացարձակ կեղծիք են համարում: Բայց, արի ու տես, որ գիտությունից հեռու կանգնած միլիոնավոր մարդիկ լուրջ են ընդունում, թե Էջմիածինն ու Գառնին ադրբեջանական մշակույթի հուշարձաններ են, Սևանա լիճը դարեր շարունակ սնել է շրջակայքում ապրող ու հարուստ մշակույթ ստեղծած թուրքերին, իսկ Հայաստանի առաջին Հանրապետության մայրաքաղաք Երևանը ադրբեջանցիներն են մեծահոգաբար հայերին նվիրաբերել: Այո, այո, սրանք նախկինում Կովկասի թաթարներ կոչվող, 20_րդ դարասկզբին Ադրբեջան անվանված երկրի նախագահ Իլհամ Հեյդարօղլու խոսքերն են: Հենց նրա հանձնարարությամբ ու պետական շռայլ ֆինանսավորմամբ մեկը մյուսի հետևից միլիոնավոր տպաքանակներով ու տասնյակ լեզուներով լույս են տեսնում շքեղաշուք գրքեր ու ալբոմներ, նկարահանվում են ֆիլմեր ու պատրաստվում խտասկավառակներ` անվճար տրամադրելով աշխարհի գրեթե բոլոր գրադարաններին ու գիտական կենտրոններին: Տասը չհավատա, հարյուրը, հաստատ, կհավատա: Մանավանդ, որ մեր գիտնականների պատասխանը լռությունն է` փող չունենալու պատճառաբանությամբ ճշմարտությունը ներկայացնել չկարողանալը, կամ չուզենալը: Ահա, այս տխուր ու մտահոգիչ ֆոնի վրա ինձ համար հայտնության պես մի բան էր գյուղական դպրոցի նախկին տնօրեն, արմատներով ալաշկերտցի, Վահան Ավետիսյանի «Վարդաձոր» գիրքը: Հեղինակը, հավատացած եմ, ժամանակ չի էլ ունեցել ալիևների, բունիաթովների ու շարիֆովների մտավարժանքներին ծանոթանալու, քանզի նրա նպատակը սրանց հիմարություններին պատասխանելը չի եղել: Բայց այնպիսի հիմնավոր ու ջախջախիչ պատասխան, ինչպիսին այս գիրքն է, միայն ողջունել կարելի է: Հայրենի եզերքի պատմությունը շարադրելուց առաջ, կրթությամբ մաթեմատիկոս, անհրաժեշտության բերումով` լրջագույն պատմաբան Ավետիսյանը հազարավոր արխիվային փաստաթղթեր է բարձրացրել, նորից թերթել է մեր պատմիչների ու պատմաբանների աշխատությունները: Ուսումնասիրել է հնագետ_գիտնականների վկայութ յունները, եղել հանրապետությունում ու նրանից դուրս ապրող վարդաձորցիների տներում, մաքրել ընտանեկան գզրոցների փոշին ու վերցրել գյուղի պատմության այս կամ այն էտապին, բնագավառին ու գերդաստանին նվիրված նյութերը, դասակարգել ըստ ժամանակագրության ու թեմաների: Ավետիսյանի համար ուղեցույց են եղել միայն իրական փաստերն ու փաստաթղթերը, որոնցից նախանձելի հմտությամբ նա օգտվել է` ապացուցելով, որ նախկին Ադամխան, այսօր` Վարդաձոր գյուղը ուրարտական ժամանակներից սկսած բնակեցված է եղել հայերով, իսկ 1828_29 թ. համալրվել Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի գավառից գաղթած հայրենակիցներով: Քննախույզ պատմաբանն արխիվներից հայթայթել ու գրքում տեղադրել է գաղթողների ճշգրիտ թվաքանակն ու գերդաստանների մանրամասն ցուցակը, որի հիմամբ էլ գրքի վերջում ներկայացրել է գյուղի առավել հայտնի ու բազմանդամ ընտանիքների տոհմածառերը` ի զարմանս և հուրախություն շատ ընտանիքների այսօրվա սերունդների: Առանձին բաժիններում ներկայացվում են բնակավայրի հին ու նոր ճարտարապետական հուշարձանները, տնտեսությունն իր ճյուղերով հեղափոխությունից առաջ և հետո, անկախության տարիներին, վարդաձորցիների մասնակցությունը 2-րդ աշխարհամարտին, գյուղի մշակույթն ու դպրոցը, եկեղեցին ու բանահյուսական հետաքրքիր պատմություններ, մշո բարբառով առածներ ու ասացվածքներ, ժողովրդական բուժամիջոցներ: Մի խոսքով` հայկական գյուղն իր պատմությամբ, բառուբանով ու ամեն ինչով: Ու եթե որևէ, քիչ թե շատ ճշմարտախոս օտարազգի պատմաբան, իրար կողքի դնի տխրահռչակ Շարիֆովի ու մյուսների` արտաքնապես շքեղաշուք, ներսում` շինծու ու մտացածին «տեսություններով» առլեցուն, ավելի քան տասը լեզվով ու շուրջ մեկ միլիոն տպաքանակով լույս տեսած «Արևմտյան Ադրբեջան» (նկատի ունեն Հայաստանը_Ա.Ա.) գիրքն ու Վահան Ավետիսյանի` արտաքինից անշուք, ընդամենը 300 օրինակով լույս ընծայված «Վարդաձոր» համոզիչ փաստարկներով լեցուն գիրքը, անկասկած, առավելությունը կտա վերջինին: Քանի որ այստեղ գործ ունենք փաստերի ու ամենազոր ճշմարիտ տրամաբանության հետ, որից զուրկ են հանուն քաղաքական շահարկումների գրիչ վերցնողներն ու թուղթ մրոտողները: Բոլոր դեպքերում, Վահան Ավետիսյանի որդեգրած գործելակերպով պիտի լինի, Օստապ Բենդերի բերանով ասած` «Մեր պատասխանը Չեմբեռլինին»: Թե չէ, ինչպես ժողովուրդն է դիպուկ բնութագրում` «մարդ կա իր կեղտը փլավի տեղ է ծախում, մարդ էլ կա իր փլավը կեղտի տեղ չի կարողանում անցկացնել»: Ցավոք, մենք վերջիններից ենք: Ժամանակն է, որ մեզանից յուրաքանչյուրն իր հնարավորության հանգվույն աշխարհին ներկայացնի ճշմարտությունը, փաստերով ապացուցի ադրբեջանական քարոզչության ստահոդ «բացահայտումները», որոնք, ինչ խոսք, հեռուն գնացող նպատակներ են հետապնդում: Վահան Ավետիսյանի օգտաշատ այս գիրքը ճշմարտության բացահայտման ճանապարհի լավագույն օրինակներից է:

Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ