ԱԼԻԵՎՅԱՆ «ԽՐԱԽՃԱՆՔ»` ՌՈՒՍԱԿԱՆ


Բաքվում սկսվեց ու ավարտվեց «ալամ աշխարհի» ադրբեջանցիների համաժողովը, որը թվով երրորդն էր և կոչված էր աշխարհին ցույց տալու, որ միայն 20-րդ դարի առաջին տասնամյակներում ցեղախմբից ժողովրդի վերածված այս զանգվածը դասական այլ ազգերի պես` սփյուռք ունի, ունի աշխարհացիր ազերիություն, որի գործելու ժամանակն է եկել: Որն այսօր արդեն պիտի կարողանա ինտեգրվել այլ պետությունների քաղաքական կառույցներին, ներգրավվել խորհրդարաններում` այսպիսով ազերիական տարրի ներկայությունը հաստատելու նաև տարբեր երկրների կառավարող մարմիններում: Համաժողովն, ըստ այդ կազմակերպության կանոնադրության, տեղի է ունենում հինգ տարին մեկ անգամ և ընդգրկում է աշխարհի տարբեր երկրներում ապրող ադրբեջանցիների ներկայացուցիչներին: Այս անգամ համաժողովին մասնակցում էր մոտ 1200 ադրբեջանցի, նրանցից զատ հրավիրված էին Վրաստանի, Թուրքիայի, Իսրայելի պետական պաշտոնյաներ, ասիական երկրների խորհրդարանների ղեկավարներ: Սա նշանակում է, որ պաշտոնական Բաքուն արդեն լայնամասշտաբ քարոզչության է դիմում` ձգտելով մետաստազի նման տարածվել ինչպես ասիական, այնպես էլ եվրոպական տարածաշրջաններում: Այսպես ժամանակին վարվում էր Խորհրդային Ադրբեջանի կոմկուսի առաջին քարտուղար հայր Ալիևը` խնդրելով ԽՍՀՄ իշխանություն ներին ազերիներին ընդունել մոսկովյան բուհեր, նրանց աշխատանքի տեղավորել ռուսական տարբեր լրատվամիջոցներում: Որդի Ալիևն ինքը կոչ է արել իր հայրենակից ներին` ամեն գնով ինտեգրվել տարբեր երկրների կառույցներին` այսպես ձևավորելու համար լոբբիստական խմբեր: Իսկ լոբբինգի համար, ըստ Ալիևի, բոլոր նախադրյալ ները կան: Իր զեկուցման մեջ Իլհամը հայտարարել է, թե այսօր Ադրբեջանին է պատկանում ողջ տարածաշրջանի տնտեսական ձեռքբերումների 75 տոկոսը, ադրբեջանական բանակն ամենահզորն ու տեխնիկապես կատարելագործվածն է Այսրկովկասում և անգամ գերազանցում է իրանական բանակին: Այս ամենն էլ հնարավորություն է տալիս դառնալու առաջատար երկիր և սեփական ուժերով լուծելու բազմաթիվ խնդիրներ: Անդրադառնալով Ղարաբաղյան խնդրին` Իլհամ Ալիևը շեշտել է, որ Ռուսաստանն ու համանախագահող մյուս երկրներն այլևս չեն կամենում համակերպվել «ստատուս-քվոյի» հետ և պահանջում են իրավիճակի փոփոխություն: Իսկ իրավիճակի փոփոխություն ասվածն ալիևյան ընկալմամբ նշանակում է սահմանների անձեռնմխելիության ճանաչում, ադրբեջանական հողերի վերադարձ, ինչն էլ հնարավորություն կտա ստեղծելու մեծ և հզոր Ադրբեջան: Այստեղ, իհարկե, սովոր հռետորաբանությունն ու որոշակի երաշխիքները զուգորդվել են. Ալիևը «մի շարք հանգամանքներ», հավանաբար, քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների և հատկապես Ռուսաստանի հետ, որը վերջին շրջանում «տարօրինակ» քաղաքականություն է վարում` շատ հաճախ առաջ մղելով Ադրբեջանի շահերը: Ինչը նշանակում է, որ Կրեմլը ոչ միայն կամենում է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում, այլև ի դեմս Ադրբեջանի` ունենալ հուսալի գործընկեր և Բաքվի միջոցով լուծել իր տարաձայնությունները պաշտոնական Թբիլիսիի հետ: Ռուսաստանը շատ լավ է հասկանում, որ ադրբեջանական տնտեսության մեջ ամենամեծ ներդրում ներն անում են բրիտանական ընկերությունները, հետևաբար ինքը չի կարող դուրս մղել բրիտանացիներին` գրավելու նրանց տեղը: Դրա փոխարեն, առկա է ղարաբաղյան թնջուկը, որի «խաղարկմամբ» էլ Ռուսաստանը կարող է հասնել իր «տեսլականի» իրականացմանը: Եվ վարելով երկդիմի քաղաքականություն, նա ձգտում է Բաքվից ստանալ ավելին: Իր հայրենակիցների և համաժողովի մյուս մասնակիցների առջև ունեցած ելույթում ևս Բաքվի «տիրակալը» գրեթե բաց տեքստով հասկացրել է, որ ցանկացած հանգուցալուծման մեջ առկա է ռուսաստանյան դիրքորոշումը, որն այս դեպքում Ադրբեջանի օգտին է: Իհարկե, Ալիևի խոսքերը որպես բացարձակ ճշմարտություն ընդունելը միամտություն կլիներ, որովհետև առաջնորդվելով թուրքական դիվանագիտության լավագույն ավանդույթներով` նա ձգտում է տպավորություն ստեղծել, թե համաշխարհային ուժերն ու գերտերությունները, մասնավորաբար Ռուսաստանը պաշտպանում են պաշտոնական Բաքվի դավանած սկզբունքները: Սա ևս քարոզչական հնարք է, որին Ադրբեջանը լավ է տիրապետում: Սակայն չպետք է մոռանալ, որ Ադրբեջանը հանդես է գալիս նաև այլ տերությունների անունից, խոսում նրանց տված երաշխիքների մասին, մինչդեռ հենց այդ երկրները որևէ կերպ չեն արձագանքում ալիևյան հայտարարություններին, չեն հերքում դրանք: Դասական դիվանագիտական այսպիսի հնարքները կիրառվել են տարբեր ժամանակներում` ապահովելու համար հոգեբանական ներազդումներն ու ձևավորելու հանրային կարծիք, ինչն այս դեպքում ձեռնտու է թե´ Ադրբեջանին, թե´ Ռուսաստանին, թե´ ԵԱՀԿ-ին: Իսկ ԵԱՀԿ-ն առաջին հերթին կարևորում է տարածքների ամբողջականությունը, այսպես կոչված «գրավյալ տարածքների վերադարձը»: Ալիևն իր հայրենակիցներին հենց այս ամենի մասին տեղեկացրեց` միաժամանակ ակնկալելով, որ ցանկացած իրավիճակում ադրբեջանական սփյուռքն իր քարոզչությունը կկառուցի հենց այդ սկզբունքի տարփողման վրա` ողջ աշխարհում Ադրբեջանը ներկայացնելով «ագրեսիայի զոհ» և հալածական: Ադրբեջանական սփյուռքի համաժողովը, կարծում ենք, պիտի դառնա մեր քաղաքագետների լուրջ քննարկման նյութը: Կազանյան հանդիպումից անմիջապես հետո հրավիրված այս հավաքը որոշակի ենթատեքստեր է պարունակում, որոնց վերլուծությունը կարող է մեզ հուշել միանգամայն նոր մարտավարություն: Իսկ Հայաստանին այս պահին իսկապես անհրաժեշտ է նոր մարտավարություն, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչպես նկատել ենք, հայտնվել է որոշակի փակուղային վիճակում: Իսկ Հայաստանը հիմա, երբ Ադրբեջանը մեծացնում է ազդեցությունների շրջանակը` չպետք է իր հույսը դնի միայն խոստումների և արդեն չարչրկված սկզբունքների վրա: Ինչպես ասում են` հիմա ժամանակն աշխատում է Հայաստանի օգտին: Հայաստանն այսօր իր համար գաղտնազերծել է որոշ դիրքորոշումներ, գուցեև` ներքին պայմանավորվա ծություններ: Հետևաբար պաշտոնական Երևանն էլ ամեն ինչ պիտի անի` օգտագործելու հայկական սփյուռքի ահռելի ներուժը` շեշտը դնելով քարոզչության վրա, քանի որ քարոզչական պատերազմում առայժմ Հայաստանը պարտվում է...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ