Արգելված պտուղը քաղցր է


Մալաթիա-Սեբաստիա համայնքի տարածքում` Հանրապետական հիվանդանոցի հարևանությամբ գտնվող ջրավազանում օրվա ամենաշոգ ժամերին տարբեր տարիքի երեխաներ ինչ-որ կերպ փորձում են մեղմել շոգը` անտեսելով փակցված պաստառը, որի վրա ասվում է` լողալը խստիվ արգելվում է: Նույնիսկ չնկատելով, որ ջուրը սարսափելի կեղտոտ է: Բացի այն, որ ջրավազանը չի մաքրվում, այն «ջանասիրաբար» աղտոտում են նաև հարևան սրճարանների աշխատակիցները` հաճախ աղբն այնտեղ լցնելով: Իհարկե, նաև անցորդները… Զարմանալի է, որ նույնիսկ ծնողներն են իրենց երեխաներին այստեղ բերում` դարձյալ շրջանցելով համաճարակի վտանգը: Տեղի բնակիչներն ասում են, որ թաղապետարանը հազվադեպ է մաքրում ջրավազանը և ոչ մի կերպ չի արգելում լողալը: Ծնողներին ինչ-որ կերպ կարելի է հասկանալ, քանզի մայրաքաղաքում գործող մասնավոր լողավազաններում լողալը մեկ ժամվա դիմաց 1500-2000 դրամ է, իսկ այդքան գումար ոչ բոլորը կարող են տրամադրել: Բայց արդյո՞ք առողջությունը վտանգելու պայմանով արժե գարշահոտության լոգանք ընդունել: Այն էլ` բուժհիմնարկի հարևանությամբ:

Անուշ ՊՈՂՈՍՅԱՆ