Ճակատագրին ընդառաջ


(Սկիզբը` նախորդ համարում) Ժամը 17.00-ին կրկին հնչեց հայտնի շեփորականչը, ողջ գումարտակը շարված, կազմ ու պատրաստ էր: -Հավսա¯ր, զգա°ստ… Հրամանը հնչելուն պես քար լռություն իջավ: Լռություն, որ լիքն էր, անհունորեն խորն ու անհունորեն զգայական… Հնչեց ՀՀ ՆԳ նախարարի հրամանը` ծառայական պարտականություններին անցնելու մասին: - Բարի երթ, տղաներ,- նախարարի հրամանը ընթերցելուց հետո իր կողմից ավելացրեց գնդապետ Սամվել Սաֆարյանը,- նույն կազմով` բարի վերադարձ: Հնչեց ՀՀ օրհներգը, որից հետո ֆիդայական երգերի հնչյունների ներքո գումարտակի անձնակազմը, անհատական զենք-զինամթերքով զինված, տեղափոխեցին նախատեսված համարանիշերով «Իկարուս» տիպի ավտոբուսների մեջ: Քիչ անց, մռնչացող ցուլերի նման ավտոբուսները դուրս եկան ՆԳ ուսումնական հաստատության երկաթյա դարպասներից: Ճանապարհային երթևեկության պարեկների հատուկ ավտոմեքենաների ուղեկցությամբ ավտոբուսները սլանում էին Մասիսների հայացքի ներքո: Մայրամուտ թեքված արևն ասես հրդեհի մեջ էր առել սպասումից, կարոտից շիկնած մայր լեռները: Մասիսների ստորոտի մշուշը ասես հրաշքով կտրվել էր մայր հողից և ուղեկցում էր նրանց` մաղթելով բարի ճանապարհ: Գումարտակի հրամանատարի ավտոմեքենան մեկ շարասյունով ընթացող ավտոբուսներից առաջ էր անցնում, մեկ ընթանում ետնամասից: Հաճախակի ստուգվում էր կապը: Կապի ջոկը երբեմն համերգներ էր որսում ռադիոալիքներից և հրամցնում տղաների ունկնդրությանը, երբեմն դադարեցվում էր այն և հրամանատարի կողմից հրահանգներ տրվում: Արարատ քաղաքի մոտակայքում, մայրուղու Երասխ տանող կամուրջը անցնելիս, հրամայվեց կայանել: Շարասյունը կայանեց: Հրամայվեց ձեռաց կազմակերպել ընթրիք: Ավտոբուսների ավագները հայտնեցին, որ հատուկ սնունդ ստանալու խնդիր չկա, քանի որ յուրաքանչյուրն իր տնից և իրենց բաժին-բաժանմունքների կողմից այնքան սննդի պաշար ունի, որ երևի մեկ ամիս կբավարարի: Սակայն, ըստ կարգի, հատուկ պատրաստված փաթեթներում օրապահիկները` նախատեսված ճանապարհի համար, ըստ շնչի, հանձնվեց ավտոբուսների ավագներին: Կապիտան Մուրադյանը, ավտոբուսների ավագներին հանձնելով արկղերը, մեկ արկղ էլ իրենց ավտոբուսի մեջ սպասող տղաների համար վերցնելով, իր տղաներին կարգադրեց` հանձնել անձնակազմին, ու ինքը, պահեստապետի հետ ամուր փակելով սննդով լիքը բեռնատար մեքենայի ծածկաշապիկը և օղերը իրար բերելով, ամուր կապկպեցին` նախատեսված հատուկ պարանով և շտապեցին առաջին ավտոբուս: Երկրորդ ավտոբուսից քիչ հեռու փոխգնդապետ Մինասյանը հետևում էր, թե ինչպես է ընթանում ընթրիքի կազմակերպումը: - Գուցե միասի՞ն ընթրենք, պարոն Մինասյան: - Չէ°, Լևոն ջան, դու տղաների հետ մնա, ես վերջին ավտոբուսում եմ, կապի կենտրոնը առայժմ այնտեղ է: - Ո՞ւշ ենք շարժվելու… - Մի փոքր մութն ընկնի` նոր, այլապես թիրախ կդառնանք, կապի մեջ եղեք: - Ձեր թույլտվությամբ,- ասելով Մուրադյանը բաժանվեց Մինասյանից և մոտեցավ երկրորդ ավտոբուսին: - Պարոն Այվազյան, տղաները գո՞հ են: - Մեր բաժինը կարող եք մյուսներին բաժանել, սննդի կողմից մեզ մոտ ամեն ինչ բոլ ու բոլ է: Գայի տղերքը աչքը լի տղերք են: Այդ կողմից չենք անհանգստացնի: - Այնուամենայնիվ, իրենց հասանելիքը թող իրենց մոտ մնա: - Աստված տվողին թող տա,- հնչեց ավտոբուսի խորքից: - Պարոն Մուրադյան, համեցեք մեզ հետ,- լավաշով փաթաթած խորովածը բացելով վարորդի ինքնաշեն սեղանիկի վրա, կոնյակի տափաշիշը ծոցի գրպանից հանելով,- երկար ճանապարհ է, հետո,- երանելի ժպիտով,- առանց սրա ո՞նց կլինի… - Հապա շիշը ինձ տուր,- վրա բերեց Այվազյանը: - Միայն մի բաժակ, գոնե մեզ բարի ճանապարհ ցանկանանք,- դերասան ծնված այս ավտոտեսուչը հաստատ սխալ մասնագիտություն էր ընտրել, նրա դեմքի նվազագույն միմիկային շարժը, հաստ ձախ ականջը, որը ուզած պահին կարող էր հումորից հեռու մարդու ծիծաղն անգամ շարժել. - Իմաստուն է Խորիկը, փոքր է էս շան հոլիկը,- ցույց տալով փոքր տափաշիշը: Բոլորը ծիծաղեցին: Խորենը, որն ինքն իրեն Խորիկ էր անվանում, պարզվեց, որ ոչ միայն լավ հումոր ուներ, այլև կարող էր խոսքը լավ հանգավորել: Երբ Մուրադյանը խորհուրդ տվեց, որ գրի առնի, նա պատասխանեց. Գայիչնիկի փայտիկ լինի, Թե գրիչ բռնի ձեռքս, Հավատացեք` միանգամից Դատարկվում է ընդերքս…,- ասելով կոնյակի բաժակը հրամցրեց Այվազյանին: - Ինձանից անցեք,- ծիծաղը չկարողանալով զսպել` հրաժարվեց Այվազյանը: - Բարի ճանապարհ, տղաներ,- լավաշի մեջ բրդուճ արած խորովածը և կոնյակի բաժակը ձեռքն առնելով` ասաց Մուրադյանը, ապա դատարկեց բաժակը և Խորիկի նվիրած բրդուճը ըմբոշխնեց… - Այ անո¯ւշ լինի, տեսա°ր, հրամանատա°ր,- դիմելով Այվազյանին,- էդքան բան: Էս ծուռ ականջովս եմ երդվում, վերադարձին իմ կողմից այս նույն տեղը մի լավ պատիվ կտամ բոլորիդ, կապիտան Մուրադյանն էլ հետներս: - Շնորհակալություն, տղաներ,- ասելով հեռացավ կապիտան Մուրադյանը: Մասիսի ստորոտից ծայր առած մշուշը աստիճանաբար իր գիրկն էր առնում ողջ տարածքը, վրա հասած մութը ավելի անտեսանելի էր դարձնում շրջակայքը: Հրամայվեց նախապատրաստվել շարունակելու ճանապարհը: Քիչ անց շարասյունը, ճեղքելով Երասխի վտանգավոր ճանապարհի հատվածը, խուսափելով հակառակորդի հրետակոծումից, դանդաղորեն հաղթահարում էր սառցակալ ճանապարհի դժվարին բարձունքը` գնալով ճակատագրին ընդառաջ: