ՀԱԶԱ˜´Ր ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ...


 

- Մանվել ջան, կուզե՞ս մի ուրախ լուր լսել. համակուրսեցի ընկերուհիս` Սիրանը, ընտանիքով հիմա մեզ հարևան են դարձել: Մեզանից երկու տուն այն կողմ` Պիյան Պարուրենց տունն են առել: Էս երկու օրը ամուսնու հետ հրավիրենք մեր տուն: Ամուսինն էլ մեր կուրսից էր, ըհը, էս էլ ավարտականի լուսանկարը: Սա Սիրանն է, սա էլ Բախտիարը: Վերջերս ստացավ դոկտորի կոչումը:

Մի օր չանցած, ավտոբուսի կանգառում, Մանվելը նկատեց ծանոթ դիմագծերով մի կնոջ և հիշեց Զարուհու ցույց տված լուսանկարը: Նկարչի աչքը նրան չէր խաբում, վստահ մոտեցավ ծանր բեռան տակ հազիվ-հազ քայլող տիկնոջը:

- Թույլ տվեք ձեզ օգնել:

Սիրանը մի վայրկյան կանգնեց, նայեց անծանոթին, չվստահեց: «Հիմա հենց գողերն են լավ հագնված, էս տուն քանդողն էր պակաս»` մտածեց ու բարձրաձայն ասաց.

- Չէ, շնորհակալ եմ, պետք չէ, ինքս կտանեմ:

- Ես իմ օգնությունն եմ առաջարկում, իսկ դուք կարծես թե ինձ չեք վստահում:

- Ասացի չէ, շատ պնդեք` ոստիկան կկանչեմ,- ձայնը բարձրացրեց Սիրանը:

- Տիկին Սիրան, ես սկզբից պիտի ասեի, որ ձեր համակուրսեցի Զարուհու ամուսինն եմ: Ձեզ լուսանկարից ճանաչեցի, երեկ ընկերուհիդ ցույց տվեց:

Սիրանը կարկամեց.

- Վայ, շատ-շատ կներեք, կանգնենք` քիչ հանգստանանք: Ամռան այս օրերին` ծիրանի, բալի, սալորի և այլ պահածոների շրջանն է: Էս երկու օրը հոգիս դուրս եկավ` էսքան միրգ տուն տանելով: Այդ դեպքում օգնեք. ներողություն, որ չճանաչեցի: Հա, կարելի է Զարուհուն կանչել` բանկաները փակելու. ուժեղ ձեռք է պետք...

Կանգառից տուն 2 կմ-ից քիչ պակաս կլիներ, որից հազիվ 100 մետր էին անցել: Նկարիչ Մանվելը ուրախացավ, որ իրենց հարևանությունը սկսվում է այստեղից և բարձր տրամադրությամբ ձեռքերը պարզեց բեռներին:

Սկզբում ապագա պահածոները ծանր չէին թվում, բայց աստիճանաբար սկսեցին ծանրանալ: Մանվելը մտքում խղճաց` խեղճ կին, էս ո՞նց պիտի տաներ: Նրան սթափեցրեց Սիրանի փաղաքուշ ձայնը.

- Պարոն Մանվել, ներողություն, ախր ես քեզ ո՞նց չճանաչեցի, Զարուհին ձեր մասին ասել էր, իսկ ես մոռացա:

- Տիկին Սիրան, մենք հին ընկերներ ենք, իբր ինչո՞ւ ենք հոգնակի, պաշտոնական դուք-ով խոսում: Իսկ ինչ վերաբերում է ներողություն խնդրելուն` դրա կարիքը չկա, ոչինչ...

- Չէ˜, ո՞նց ոչինչ, ես մինչև կյանքիս վերջը չեմ մոռանա: Ի˜նչ ամոթ է, ներողություն, մարդ էլ իր հարազատ ընկերուհու հարազատ նկարիչ ամուսնուն չճանաչի:

- Դրա համար վատ մի զգացեք, թե չէ ես էլ վատ կզգամ:

- Հարգելի Մանվել, կներես, հիմա քո աչքերին ո՞նց պիտի նայեմ: Ներողությունն էլ չի փրկի:

- Դրա կարիքը չկա:

- Շատ էլ լավ կա, ես ինձ մեղադրում եմ իմ անուշադրության համար, ներողություն, որ էսքան նեղություն տվի:

- Մենք հայ ենք, իրար պիտի օգնենք:

- Չէ, ներողություն, ամեն հայ հո էդպես չի: Պարոն Մանվել, հոգնեցինք, մի փոքր հանգստանանք: Իհարկե հեշտ չէ էս ճռճռան շոգին, էսքան բեռան տակ... Գայլը մի փութ դմակի համար էսքան չէր չարչարվի:

Մանվելը ձեռքը տարավ ծխախոտին:

- Մանվել, ներողություն, բայց հիմա ծխելու ժամանակը չէ, շնչառությանդ վրա կազդի, հատկապես բեռ տանելիս: Տես, ծխախոտի տուփի վրա ինչ է գրված` ծխելը վնասակար է առողջությանը: Ծխողներին ատելու չափ չեմ սիրում, ամուսինս էլ ծխող-բքող է: Ախր դրա մեջ ի՞նչ կա: Չե՞ք լսել, որ վանեցի կինն իր տղային ասում է` «Քա, տղա, չե՞ս ափսոսե, քո աչքի առեջ քո ապրուստի փող կվառես»: Մեր հարսանիքի օրից մինչև օրս ասում եմ` մի ծխիր, բայց ո՞ւմ ես ասում... Դրա համար հետս շուկա չեկավ, վրան հալ չկար: Լավ է` դու պատահեցիր, շատ ապրես, էդքան ծխել ես, բայց շունչդ տեղն է, նեղն ընկած տեղը, ներողություն, կարող ես համբալ էլ աշխատել:

Մանվելը կիսածխած ծխախոտը հակիրճ քարոզից հետո դեն գցեց և մտավ ծանր բեռի տակ:

- Որ կինդ ինձ օգնի` էս ծիրանի ջեմից քեզ էլ բաժին կհասցնեմ: Ներողություն, էս սոցիալ-տնտեսական նեղ վիճակից հանելու քո լուման ունես, չամաչես, կուտես:

- Տիկին Սիրան, նվիրատվություն անելու կարիքը չկա. ես օգնության կարգով:

- Վա˜յ, ո՞նց չկա. կարիքը կա´: Վերցրեք, վերցրեք, կերեք, անուշ լինի, մի ամաչեք... Հը, տեսա՞ք ինչ համով, քաղցր ջեմ է, քո բերածն ու իմ էփածն է, է˜: Հիմա որ ձեռքերդ զբաղված չլինեին, վայթե մատներդ էլ հետը ուտեիր: Հիմա տեսա՞ր` էփել-թափելում ինչ լավն եմ: Ներողություն, չկարծես ինձ գովում եմ: Իմ ծնողները ծնվածս օրից են զգացել, որ ես ծիրան շատ եմ սիրում, դրա համար անունս դրեցին Սիրան, համարյա` ծիրան: Իսկ ծիրանը աշխարհում հայտնի է որպես հայկական խնձոր, որը ուտողի կյանքը երկարացնում է: Բա էսքան լավ բաներից հետո բա ամոթ չի՞, որ մարդ իր համակուրսեցի ընկերուհու ամուսնուն չճանաչի: Կյանքը շատ է փոխվել, իսկ մենք կուրսի երեխաներով իրար այնքան էինք կարոտում, երբ գալիս էր սեպտեմբերը, միմյանց գիրկ ընկած, ներողություն արտահայտությանս, 3-4 րոպե միայն քաղցր-քաղցր համբուրվում էինք:

- Երևի քո եփած ջեմի պես...

- Ներողություն, ես պիտի ասեի, դու ասացիր, ինձնից երկար կապրես: Հը, Մանվել, ո՞նց որ հոգնեցիր: Կուզե՞ս բջջային հեռախոսիս երաժշտությունը միացնեմ:

- Պետք չէ, տիկին Սիրան-ծիրան, հրեդ դու խոսում ես:

- Վայ, շատ զգացված եմ, սա խոսքս է, բա որ երգեմ:

- Չէ, չէ, պետք չէ, հիմա տանն ինձ սպասում են: Չնայած բեռը ծանր է, բայց շտապենք:

Մանվելը մտքում փառք տվեց Աստծուն, որ մոտենում է պահը, որ բեռան ծանրությունից և ներողությունների շարանից շուտով կպրծնի:

- Վայ, ամուսնյակս. հրեն բալկոնից նայում է, հասանք: Չէ, հըլա չեք հասել, բարձրացեք վերև, մնաց մի քանի աստիճան, մի քաշվեք:

Քրտինիքի մեջ կորած Մանվելը փորձում էր ուշքի գալ` թաքցնելով հևոցը: Բախտիարը խղճահարվեց.

- Ներողություն, ընկեր ջան, ուզածդ գնից կրկնակի կվճարեմ, տեսնում եմ վիճակդ:

- Ներողություն, Բախտիար, Մանվելը մեր կուրսի Զարուհու ամուսինն է: Մեր գլխին գալովի է. սկզբում ես գողի տեղ դրի, հիմա էլ դու ես համբալի տեղ դնում: Մանվելն էնքան լավ մարդ է` ինձ հետ բարեբար էսքան ապրանքը բերեց, մի հատ օֆ չարեց: Բախտիար, հեռախոսի համարը վերցնենք, ինչքան նեղն ընկնենք` էս մարդը մեզ սիրով կօգնի: Հարգելի Մանվել, այսօրվա վերջին ներողությունս` Բախտիարի կողմից...

- Այ կնիկ, ուրեմն ես չեմ կարող ասել հազար ներողությունս:

- Բախտիար, Մանվելին տված իմ ներողությունները հարյուրի չհասան, իսկ դու միանգամից 1000-ին անցար: