Հարսնացուին իջեցրել են առևանգիչի գրկից


 

Յուրաքանչյուր հարսնացուի բյուրեղյա երազանքն է, որ հարսանիքի օրն իր սրտի նվիրյալն իրեն եթե ոչ անվերջ, ապա գոնե որոշակի մի ճանապարհահատված տանի ձեռքերի վրա: Անգլիայում, օրինակ, ընդունված կարգ է, որ հարսանեկան խնջույքից հետո փեսացուն հարսնացուին ձեռքերի վրա տանում է մինչև իրենց տուն, իսկ ապա հարսնաքույրերի ուղեկցությամբ` նաև մինչև ննջարան:

Մառախլապատ Ալբիոնից վերադառնալով մեր արևաշող երկիրն ու հասնելով ոչ քիչ փառապանծ ավանդույթներ ունեցող Գյումրի ասենք, որ օրերս այդ քաղաքի Արագածի փողոցի շենքերից մեկի բակում բնակիչները խանդաղատանքով ու հրճվանքով ականատես են եղել համարյա վերը նշված տեսարանին: Ամրակազմ մի երիտասարդ` օրիորդին գրկած, դուրս է եկել շքամուտքից և ձեռքերի վրա նրան վազելով տարել դեպի մոտակայքում կայանված տաքսին: Բայց ավաղ... հաջորդ պահին հավաքվածների ուրախության վրա սառը ցնցուղ է լցվել, երբ օրիորդը ճչացել և օգնություն է խնդրել...

Իսկ դեպքը ոստիկանության ամփոփագրում այսպես է ներկայացված (անուններն ամբողջությամբ չենք նշում). «19-ամյա Հ.-ն ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 18.30-ի սահմաններում իր ծանոթ Ա.-ն ամուսնության նպատակով իրեն տնից առևանգելով` գրկած մոտեցել է շենքի բակում կայանված տաքսի ավտոմեքենային (մակնիշը և պետհամարանիշը չի հիշում), սակայն այդ պահին օգնության հասած հարևանների շնորհիվ ինքն ազատվել է վերջինիս ձեռքից, իսկ Ա.-ն տաքսի մեքենայով դիմել է փախուստի»:

Սովորաբար նմանօրինակ դեպքերը ոստիկանության ամփոփագրերի «Բացահայտում» բաժնում ուրախ և երջանիկ ավարտ են ունենում, քանի որ փեսացուների հետ նախապես համաձայնության եկած, միասին «փախուստի» դիմած և ծնողներին անհանգստություն պատճառած օրիորդները որպես կանոն, ոստիկանությունում հայտարարում են, որ իրենց ոչ թե առևանգել են, այլ իրենք են գնացել սեփական կամքով` ամուսնության նպատակով...

Այս դեպքը, սակայն, տարբերվում է մյուսներից և ներկայումս ոստիկանությունը միջոցառումներ է իրականացնում փախուստի դիմած Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Դժվար է ասել, թե ինչ ավարտ կունենա այս պատմությունը, և թե ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները: Բայց ինչ էլ լինի` մեր ցանկությունը մեկն է` որպեսզի փոթորկված ջրերը խաղաղվեն, ցրվեն մռայլ ամպերը, և մոտ առաջիկայում, մի գեղեցիկ օր, Հ.-ն իր սրտի նվիրյալի գրկին, նրա ձեռքերի վրա ճախրի և սլանա երջանկությանն ընդառաջ...