«Ոչ պրավեն է տվել, ոչ էլ բարի լուր է ուղարկել»


 

Օրերս Լոռու մարզի մի բնակիչ, դատելով նրա հետ պատահածից` իսկը` միամիտ լոռեցի, քայլերն ուղղել է ոստիկանության Թումանյանի բաժին և ներկայացրել գլխին եկածը: 51-ամյա տղամարդը 2011 թ. աշնանը որդուն առանց քաշքշուկի վարորդական իրավունքի վկայական տրամադրելու հարցով «մոտեցել է» վաղեմի ծանոթին` ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Հ.-ին: Խնդիրքը լսելուց հետո, ավագ տեսուչը մտերմիկ թփթփացրել է նրա ուսին, խորհրդավոր նայել շուրջը և ձայնը ցածրացնելով` խոստացել հարցը լուծել: Բայց ոչ թե մեծ լոռեցու ասած «գեղական» (անվճար), այլ` «տնական» կարգով: Ո˜չ, մայորն ամենևին էլ բարձր «գրադուսով տնականը» նկատի չի ունեցել, այլ առանց քաշվելու նրանից պահանջել և մի քանի օր անց Վանաձոր քաղաքում ստացել է 150.000 դրամ կաշառք...

Կաշառքը, տղամարդու պատմելով, պաշտոնյան «բարեխիղճ ձևով» վերցրել է, բայց մինչ օրս տնաշենը ոչ «պրավեն» է տալիս, ոչ հաճախում է աշխատանքի, ոչ էլ մի բարի լուր է ուղարկում: Եթե իր ուժերից վեր էր այդ գործը դասավորելը, ապա գոնե գումարը վերադարձներ...

Այն, որ «միամիտ լոռեցու» մատնանշած մայորը երբևէ ի վիճակի չի լինելու որևէ մեկին վարորդական իրավունքի վկայական տալ` այլևս անվիճելի իրողություն է, քանի որ նա հեռացվել է ոստիկանության համակարգից: Իսկ ինչ վերաբերում է հանցավոր ճանապարհով գրպանած գումարը վերադարձնելուն, ապա այդ հարցը ներկայումս քննության փուլում է և իրեն արատավորած նախկին օրինապահը պատասխան է տալու նաև այդ հանցանքի համար:

Կարծում ենք ավելորդ չէ հիշեցնել, որ այս պատմության մեջ մեղքի իր բաժինն ունի որդու համար «առանց քաշքշուկի» կանաչ ճանապարհ հարթել ջանացող հայրը: Չէ՞ որ կաշառք տալն էլ հանցանք է, և քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով պատիժ է սահմանվում ոչ միայն այդօրինակ անհեռանկար վարքագիծ դրսևորողների, այլ նաև կաշառքի համար միջնորդ հանդիսացողների նկատմամբ:

Հարգելի ապագա վարորդներ, որքանո՞վ է բարոյական և ձեր իսկ անձի համար` անվտանգ` վարորդական իրավունքի վկայականը փողով, առանց գիտելիքների առնելը: Չիմացողներին հուշենք, որ գոյություն ունեն «Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր», որոնք ամբողջությամբ, պատասխաններով հանդերձ, զետեղված են ոստիկանության ինտերնետային կայքում: Սովորեք այդ հարցաշարերը, հաճախեք գործնական դասընթացների և հանձնեք քննությունները` առանց որևէ պաշտոնյայի «մոտենալու» և միջնորդության: Համոզված եղեք, որ մանավանդ ներկայումս, արդեն կես տարուց ավելի, այդ օղակում բացառված են կաշառքներն ու միջնորդությունները: Հիշեք, որ ձեր միակ միջնորդը և կանաչ ճանապարհների ամենամեծ գրավականը գիտելիքն է: