ՊԻՏԻ ՀՈԳՈՎ ՈՒ ՍՐՏՈՎ ԵՐԳԵԼ


 

Ժողովրդական-աշուղական երգարվեստը գնահատող մեր հասարակության կողմից Սևակ ԱՄՐՈՅԱՆԸ սիրվեց «Ժողովրդական երգիչ» նախագծի շնորհիվ` ճանաչվելով առաջին հաղթող: Այսօր երիտասարդ երգիչը հաճախ է հյուրախաղերով արտերկիր մեկնում: Ժամանակ առ ժամանակ նաև «Երգ երգոցի» շրջանակներում է հանդիսատեսի հոգին ջերմացնում իր գեղեցիկ ու գրագետ կատարումներով: Ամենաէականը, թերևս, այն է, որ չնայած տարիքին` Սևակը արդեն հաստատուն քայլում է իր ընտրած ճանապարհով` հայ երգի ակունքներին հավատարիմ:

- Ինչպե՞ս է ձևավորվել սերդ ժողովրդական երգի նկատմամբ, ե՞րբ սկսեցիր երգել:

- Ընտանիքում երգիչներ չենք ունեցել ընդհանրապես, չնայած` մայրս երգում է, սակայն սիրողական: Այն տարիներին մի փոքր ավելի խիստ է եղել, երգչուհի դառնալ չի կարողացել, և նրա երազանքը ես ի կատար ածեցի: Մանկուց զգացել եմ, որ կարող եմ երգել, սակայն դեռ առաջին փորձերից առաջ ակորդեոնի դասերի եմ գնացել շուրջ մեկ տարի: Ապա սկսեցի մորս ձայնակցել և հասկացա, որ երգել ավելի շատ եմ սիրում:

Պետք է ասեմ, որ այդ հարցն ինձ շատ են տվել: Անկեղծ կլինեմ` չեմ էլ նկատել, թե դա ինչպես է եղել: Կար ժամանակ, երբ տարբեր ոճի երաժշտություն էի լսում: Չնկատեցի` ինչպես սկսեցի ժողովրդականը նախընտրել: Երևի գեներով եմ ժառանգել: Մի բանում վստահ եմ` ով ինչ զգում է հոգով, դա պիտի երգի: Ընտրության պահ չի եղել, դա այնքան բնական էր:

- Մեր երգի վարպետներից հետո ժողովրդական-աշուղական երգի կատարումը հսկայական պատասխանատվություն է և պարտավորեցնող է, ի՞նչ կասեիր այս առումով:

- Ես սկսել եմ երգել նախագծում, որտեղ մեզ հետ պրոֆեսիոնալներ էին աշխատում, սովորեցնում էին մեզ, չնայած բոլորս էլ ինչ- որ հիմքեր ունեինք: Այդ հիմքի վրա էլ ավելի լուրջ աշխատանք կատարվեց: Այն ժամանակ երևի ամբողջությամբ չէինք գիտակցում, թե ինչ ենք անում: Հետո միայն հասկացանք, թե ինչքան աշխատանք կատարեցինք այդ ամիսների ընթացքում:

- Իսկ հիմա՞:

- Իհարկե, շատ մեծ պատասխանատվությամբ եմ կատարում երգերը, որոնք բազմիցս կատարվել են ու փայլուն են կատարվել: Դու չես կարող ոչինչ ավելացնել, պարզապես քո եղանակով ես երգում: Միշտ ժողովրդական երգն ասոցացվում է տարիքի հետ: Հաճախ են ասում` դու չունես այդ տարիքը, բայց զգում ես երգերը: Միշտ համոզված եմ եղել, որ տարիքն այս դեպքում էական չէ: Պիտի պարզապես հոգով զգալ երգը ու սրտով կատարել:

Մեծագույն սիրով եմ կատարում այդ երգերը, ավելի գիտակցված: Հանրությանը ներկայանալը, այն էլ ժողովրդական երգով` մեծ պատասխանատվություն է: Ու եթե մի փոքր սայթաքես, անմիջապես աչքի է զարնվում: Որքան էլ փորձես ճիշտ ներկայացնել, ամենափոքրիկ թերացումն անգամ նկատելի է: Դրանից զերծ մնալու համար փորձում եմ այնպիսի երգեր ընտրել, որոնք իմն են: Հանրությանը ներկայանալուց առաջ նախ պետք է գոհացնեմ ինքս ինձ:

- Չնայած երիտասարդ տարիքիդ` դու ասպարեզ մտար հենց ժողովրդական երգով: Հետաքրքիր է կարծիքդ ժողովրդական երգի արդի վիճակի մասին:

- Մի շրջան` շուրջ 2 տասնամյակ, ժողովրդական երգը մի տեսակ հետ էր մղվել: Այդ ընթացքում անգամ հեռուստատեսությամբ շատ քիչ է հնչեցվել: Այս առումով «Ժողովրդական երգիչ» նախագիծը շատ բան փոխեց: Այն սիրվեց ու ընդունվեց: Մեր երգիչները ևս վերջին շրջանում սկսեցին ավելի շատ ուշադրություն դարձնել ժողովրդական երգին: Այն ամենամնայուն արժեքներից և միշտ մարդկանց հիշողության մեջ է: Հիմա արդեն մեծացել է ժողովրդականի նկատմամբ սերը: Դա, իհարկե, կախված է նաև ներկայացնելուց: Այնպես, ինչպես ժողովուրդը գիտի:

- Բայց հենց ժողովրդական երգն է ամենաշատն աղավաղվում:

- Չեմ ընդունում այդ երևույթը: Պետք չէ առհասարակ ձեռք տալ մի բանի, որը քոնը չէ. ավելի լավ է` ընդհանրապես չփորձել երգել: Կարծում եմ` ես որևէ մեկին քննադատելու իրավունքը չունեմ: Պարզապես պետք է ավելի գիտակցաբար մոտենալ: Ես էլ կարող եմ ինչ-որ երգեր վատ կատարել: Երբեք էստրադային երգ չեմ երգի, որովհետև այդ ճյուղը լավ չեմ ուսումնասիրել: Այսօր նույնիսկ հեղինակների անուններն են սխալ ներկայացնում: Երգում են Կոմիտաս, հայտարարում` Սայաթ - Նովա, երգում են Ջիվանի, հայտարարում` Շերամ:

- Զրույցի սկզբում խոսեցիր հյուրախաղերի մասին: Հաճա՞խ ես մեկնում արտերկիր:

- Դա սկսվեց նախագծի շրջանակներում` 2008-ից: Առաջին համերգը ԱՄՆ-ում էր` Լոս-Անջելեսում: Ապա հյուրախաղերով տարբեր երկրներում ենք ներկայացել, ՌԴ տարբեր մարզերում, Ջավախքում: Վերջերս բարեգործական համերգներով ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությամբ եղանք Լատինական Ամերիկայում: Անցյալ տարի Արգենտինայում, Ուրուգվայում, Բրազիլիայում: Ամենուր ջերմ ընդունելության ենք արժանացել:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ