«ԽԱՂԱՔԱՐՏԵՐ ԿԽԱՌՆՎԵՆ»


 

ԺԱՄԱՆԱԿ առ ժամանակ հանրային կամ քաղաքական գյումրեցի որոշ գործիչներ «տարօրինակ» ու սրտաճմլիկ հայտարարություններ են անում տարբեր լրատվամիջոցներով` փորձելով ընտրողների գիտակցության մեջ սերմանել «քըխ» Վարդան Ղուկասյանի և «պուպուշ» Սամվել Բալասանյանի կերպարները: Հասկանալի է, որ ոմանք արդեն վարձվել են նախկին ՕԵԿ, ապա ԲՀԿ-ական պատգամավոր-թեկնածուի կողմից: Սակայն այնքա˜ն են խանդավառվել խոստացված կամ արդեն իսկ ստացված հոնորարներով, որ կորցրել են քաղաքական իրատեսությունը, սկսել են Գյումրին ու նրա ընտրությունները դիտարկել համազգային ու ... համաշխարհային դիտանկյուններից: Ոմանք այն միտքն են հայտնում, որ եթե Վարդան Ղուկասյանը չընտրվի, ապա լուրջ տարաձայնություններ կլինեն Հայաստանի և Ռուսաստանի միջև, կարող է նաև Պուտինը խզել կապերը Հայաստանի հետ: Նույնը կկատարվի Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի միջև, եթե չընտրվի Բալասանյանը...

Մենք չգիտեինք, որ մեր կողքին ապրում են համաշխարհային դեմքեր, ովքեր ընդամենը պայքարում են Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար: Այս ամենը կարելի է քաղաքական գրոտեսկի ժանրին վերագրել, եթե նմանատիպ կարծիքներ հայտնողները պատկերացում ունենային գրոտեսկի մասին: Բայց նրանք ընդամենը գավառային «գործիչներ» են, ովքեր իրենց գոյությունը կարգավորում են տարբեր դրամաշնորհներով և ընտրությունների ժամանակ ստացված «հոնորարներով»: Նրանցից մեկը` Վահան Թումասյանը, օրերս հրապարակայնորեն այսպիսի միտք է հայտնել.

- Ես համոզված չեմ, որ Գյումրու գործող քաղաքապետը նորից կառաջադրվի, ես կարծում եմ, որ սա պարզապես մեկ այլի բերանով քցված խայծ է, որ տեսնեն, թե ինչ ազդեցություն կստեղծվի: Եթե առաջադրվի, այդ դեպքում շատ բարդ իրավիճակ կստեղծվի ոչ միայն Գյումրիում, այլ Հայաստանում: Ոչ թե նրա համար, որ կարող է նորից ինքը ընտրվել քաղաքապետ. խնդիրը քաղաքապետը չէ, խնդիրը առաջիկայում նախագահական ընտրություններն են: Բոլորն էլ  հասկանում են, եթե նա այնուամենայնիվ առաջադրվի, բավականին խաղաքարտեր կխառնվեն, ես հույս ունեմ, որ չի ընտրվի, եթե նույնիսկ առաջադրվի, բայց ամեն դեպքում, եթե առաջադրվեց` բավականին հարցականեր կառաջանան Հայաստանում, վատ նախադեպեր կստեղծվեն իշխանության համար:

Պարզվում է, որ Վարդան Ղուկասյանի ընտրվելու դեպքում «բավականին հարցականեր կառաջանան Հայաստանում», «խաղաքարտեր կխառնվեն», իսկ նախագահական ընտրություններն էլ կձախողվեն... Երևի ինքը` Վարդան Ղուկասյանն իր մասին նման կարծիք չունի, երևի չի էլ պատկերացնում, որ Սամվել Բալասանյանի ընտրարշավի կենտրոնական ֆիգուրներից մեկը դարձած Վահան Թումասյանն իր մասին նման կարծիք ունի: Թե Հայաստանում ինչ հարցականներ են առաջանալու` Վահան Թումասյանը չի ասում. երևի նկատի ունի, որ Վարդան Ղուկասյանի ընտրվելուց հետո ՆԱՏՕ-ն զենքերն ուղղելու է Հայաստանի դեմ, կամ էլ սկսվելու է երրորդ համաշխարհային պատերա՞զմը և կամ` ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցնելո՞ւ է ղարաբաղյան բանակցությունները... Ի˜նչ «խառնվող խաղաքարտերի» մասին է խոսում Վահան Թումասյանը: Գուցե այն, որ Վարդան Ղուկասյանի ընտրվելու դեպքում Բալասանյանի մարդիկ պաշտոններ չեն ստանա, խոստացված պաշտոնից կզրկվի նաև հենց ի՞նքը:

Այս ամենը չափազանց ծիծաղելի է, այնքան ծիծաղելի, որ սկսում ես տխրել. 21-րդ դարում գավառական մի քաղաքում այսչափ կարևորում են ՏԻՄ ընտրությունները` Գյումրին հռչակելով աշխարհի կենտրոն: Ծիծաղելի է նաև այն, որ իրատեսությունը կորցրած որոշ անձեր այսպես ի ցույց են դնում իրենց քաղաքական տհասությունը` փոխանակ մտածելու այն մասին, որ Գյումրին պիտի կարողանա հրաժարվել հին անուններից և հին դեմքերից: Վերջապես պետք է առաջադրվեն նոր անուններ և նոր մարդիկ` նոր սերնդի ներկայացուցիչներ: Մարդիկ, ովքեր արդեն առաջնորդվում են նոր արժեհամակարգերով: Երբ օրերս Գյումրիում մեծ ճանաչում ունեցող մի երիտասարդ գործչի, ով առաջնորդվում է եվրոպական չափանիշներով և հսկայական աշխատանքներ է կատարել հայրենի քաղաքում` հարցրեցինք, թե ինչո՞ւ չի կամենում առաջադրվել քաղաքապետի կամ ավագանու անդամի պաշտոններում, պատասխանեց.

- Երբ նայում եմ Գյումրու քաղաքական և հանրային դաշտում անընդհատ երևացող որոշ գործիչներին, ովքեր հիմա էլ մի ձեռքով մի թեկնածուի են պաշտպանում, մյուս ձեռքով հայտագիր գրում ավագանու անդամի թեկնածու առաջադրվելու համար, ծիծաղս գալիս է: Ո՞ւմ հետ մրցես, ո՞ւմ կանգնեցնես քո կողքին, երբ նույն այս մարդիկ երեկ այլ «հավատի դրոշի» տակ էին հանդես գալիս, վաղն էլ կարող է մի նոր «դրոշ» վերցնեն...: