ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՆՀՈՂԴՈՂԴ Է


Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը հայտարարել է, որ քաղաքապետը չի փոխել առաջադրվելու մասին դեռ վաղ ունեցած իր մտադրությունը և մինչև օգոստոսի 10-ը ներկայացնելու է իր հայտը` պաշտոնը պահելու և նոր մրցամարտին մասնակցելու համար: ՍԱ նշանակում է, որ Գյումրիում կտրուկ փոխվում է իրավիճակը: Եթե մինչև այս տեղեկատվությունը շատ գյումրեցիներ և հայաստանյան քաղաքական դաշտի ներկայացուցիչներ արդեն համոզված էին, որ Բալասանյան Սամվելը սեպտեմբերի 10-ից քաղաքապետարան է մտնելու որպես քաղաքապետ, ապա հիմա մշուշոտ է այդ հեռանկարը: Ավելին, այլև չի բացառվում, որ, շատերի համար անսպասելի, Բալասանյանը հրաժարվի մասնակցել ընտրություններին որպես թեկնածու` հրապարակավ իր կուսակցությունից ներողություն խնդրելով: Մանավանդ` Գագիկ Ծառուկյանը նախընտրական արշավի ժամանակ Գյումրիում հայտարարել էր, որ քաղաքապետի պաշտոնում ԲՀԿ-ն առաջադրելու և սատարելու է Մարտունիկ Գրիգորյանին: Իսկ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանեց, որ Հանրապետականը դեռևս Գյումրիում չի հստակեցրել իր դիրքորոշումները և չի հայտարարել Բալասանյանին սատարելու մասին, թեև առաջ անցնելով` Գալուստ Սահակյանը հայտարարել էր, թե ՀՀԿ-ն սատարում է Բալասանյանին: Սակայն հիմա ամեն ինչ այլ ընթացք և բովանդակություն է ստանում: Վարդան Ղուկասյանի խոսնակի հայտարարությունը ցնցուղի դեր կարող է կատարել Գյումրիում, հուշել նոր վերադասավորումներ հենց Ղուկասյանի թիմում: Հայտնի է, որ վերջին օրերին քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար և ՀՀԿ կառույցներից մեկի պատասխանատու Ալեքսանով Բորիսը հայտարարել էր «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը, որ իրենք պաշտպանելու են Բալասանյանի թեկնածությունը, քանի որ այդպես է որոշել կուսակցությունը: Իսկ կուսակցությունը դեռ չի որոշել, այլ որոշել է Վարդան Ղուկասյանը: Հիմա Ղուկասյանից հեռանալու նշաններ ցույց տվողները կվերադառնան նրա ճամբար: Եթե Բալասանյանը մնա իր որոշմանը և մտնի մրցապայքարի մեջ, ապա կմիավորվեն Ղուկասյան և Գրիգորյան կլանները` իրենց շահերի և ազդեցությունների ոլորտների պահպանման համար հակահարված տալու Բալասանյանին և կանխելու նրա մուտքը քաղաքապետարան: Ղուկասյանի առաջադրման դեպքում եթե հաղթանակը լիովին ապահովված չէ, ապա գոնե նախանշաններ կան, որ վարչական ռեսուրսների և ընտրակաշառքի հնարավոր կլինի Ղուկասյանի համար ապահովել առնվազն 25-30 հազար ձայն… Ղուկասյան-Բալասանյան ակնկալվող մրցապայքարը ձևական բնույթ կհաղորդի ընտրություններին մյուս թեկնածուի` Հովսեփ Սիմոնյանի մասնակցությանը: Սակայն առավել հետաքրքիր կլինի ավագանու տեղերի համար պայքարը, որովհետև Վարդան Ղուկասյանը ոտքի կհանի իր ողջ «արսենալը»` ավագանին յուրայիններով համալրելու համար: Միով բանիվ, Գյումրիում նախընտրական սցենարն արդեն փոխվում է, «դրամատուրգիական սրբագրումները» ձեռք են բերում նոր բովանդակություն: