Ռուսաստանցի ահաբեկիչներն Իսպանիայում


 

Եվ այն էլ` «Ալ-Քաիդա»-ի գրոհայիներ, որոնք ձերբակալվել են երկրի հարավային երկու քաղաքներում: Այդ 3 կասկածյալներից երկուսը` ռուսաստանցի են, երրորդը` Թուրքիայի քաղաքացի. նրանք ծրագրել էին ահաբեկչություն իրականացնել Իսպանիայում և նրա սահմաններից դուրս: Ռուսաստանցի ասվածները չեչեններ են և իրենց թուրք զինակցի հետ հատուկ մարզումներ են անցել ահաբեկչական ցանցի պակիստանյան ու աֆղանական ճամբարներում:

Ներքին գործերի նախարար Խորխե Ֆերնանդես Դիասը մամլո ասուլիսում պատմել է, որ եռյակը բնակարան էր վարձել Լա-Լինեա դե լա Կոնսեպսյոն քաղաքում, և այդ կացարանում հայտնաբերված պայթուցիկ նյութերը կբավարարեին` ավտոբուս պայթեցնել (տեղեկացրել է ՌԻԱ «Նովոստի»ն-):

Ուղևորներով լի մեկ ավտոբուս պայթեցնելը ևս ահաբեկչություն է, իհարկե: Բայց արդյո՞ք չարագործները բավարարվելու էին միայն վարձու տանը պահած պայթուցիկներով: Մանավանդ, որ տանը եղածից բացի, նրանց մոտ ևս եղել է պայթուցիկ սարք, շատ թեթև և ռադիոկառավարման թռչող սարքերի օգտագործման փաստաթղթեր ու թունավոր նյութեր:

Թերևս փոքր-ինչ տարօրինակ է, որ ձերբակալվելու պահին նրանք դեռ որոշած չեն եղել, թե որտեղ զանգվածային սպանդ կազմակերպեն` Իսպանիայո՞ւմ, թե՞ եվրոպական մեկ այլ քաղաքում` հավանաբար Ֆրանսիայում: Ոստիկանության տվյալներով` բռնվածներից մեկը ծառայել է ՌԴ հատուկ նշանակության ջոկատում` որպես պայթուցիկ և թունավորող նյութերի մասնագետ («Ինտերֆաքս»):

Ահաբեկիչները փաստորեն չեն խաղաղվում, և նրանց նշանակետը Եվրոպան է: Ու որպես կանոն` հրեշավոր սպանությունների զոհերը միշտ անմեղ մարդիկ են լինում: Փաստորեն զանազան միջազգային, միջպետական համագործակցություններն այս ասպարեզում ցանկալի արդյունքի չեն հանգեցնում: Նույնիսկ թիվ 1 ահաբեկչի վերացումը, տարատեսակ ու բազմագույն հեղաշրջումներն էլ չեն փոխում նրա հետևորդների ձեռագիրը: