50 պաշտոնաթող գեներալ ու ադմիրալ


 

Հիսունն էլ` թուրք և բոլորը պաշտոնաթող են արվել զինվորական բարձրագույն խորհրդի նույն` շաբաթ օրը հրավիրված նիստի կայացրած որոշմամբ: Ընդ որում` նրանցից շատերը բանտարկված են` Ռեջեփ Էրդողանի կառավարության դեմ դավադրություն նախապատրաստելու մեղադրանքով:

Բարձրագույն խորհուրդը գուցեև բարձր ատյան է, բայց չէր հանդգնի նման որոշում վավերացնել` առանց երկրի նախագահ Աբդուլա Գյուլի հավանության: Ցանկացած ամոթալի փաստ կոծկելու, իրականությունն ուզած ձևով խեղելու թուրքական վարպետությամբ` այս պարագայում ևս պաշտոնական ձևակերպումը հեռու է իրական պատճառը ներկայացնելուց: Ու բոլորի պաշտոնաթողությունը հրամանագրվել է որպես հաստիքների կրճատման անհրաժեշտություն: Բարձրաստիճան սպաներից միայն մեկի համար է «լուրջ պատճառ» գտնվել` կենսաթոշակային տարիքի հասնելու կապակցությամբ:

Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է:

Ինչպես նշել է SvobodΖnews.ru-ն` վերջին տարիներին հետաքննությունը ազդարարել է Էրդողանին «թախտից գցելու» և նրան սատարող իսլամիստներին իշխանությունից հեռացնելու մի քանի ենթադրյալ փորձերի մասին: Շատ փորձագետներ դատավարութ յունները համարում են «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության այն ջանքերի արտահայտություն, որոնք ներդրվում են` խաթարելու զինվորականների հեղինակությունը: Զիվորականներն էլ իրենց համարում են Թուրքիայում կառավարման բարձրաշխարհիկ սկզբունքների երաշխավոր:

Քաղաքական խաղեր` կասեն քաղաքագետները: Կարելի է նաև հավելել` ռեջիփյան ինքնապաշտպանություն կամ աթոռապահություն: Իսկ եթե հանկարծ պաշտոնաթող սպաները փորձեն արդարանալ` նրանց ծագումնաբանության մեջ հանկարծ հայկականություն կգտնեն և հասարակություն կոչվող ամբոխին կհրահրեն անհնազանդների դեմ: