ՄՏԱՀՈԳՈՂ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


 

«Ամբողջ աշխարհում վարկերի պահանջարկի աճի տեմպերն անկում են ապրում, սակայն զարգացող երկրներում դրանք շարունակում են ռիսկային մնալ, ասված է Fitch RΖtings գործակալության ուսումնասիրության մեջ: 2010-ի 5%-ից վարկավորման աճի տեմպերը 2012-ին գնահատվում են 3 տոկոս: Վարկերի հավելաճի ամենաարագ տեմպերը նկատվում են Ասիայի երկրներում. 2011-ին` 11 %, 2012-ին` 9 %, Լատինական Ամերիկայում` 5, Աֆրիկայում` 7, Մերձավոր Արևելքում` 5 տոկոս: Fitch-ը հավելաճի ամենաբարձր տեմպերն է կանխատեսել 5 երկրների, այդ թվում` Հայաստանի համար. Հայաստան` 21,3%, Լեսոտո` 19%, Չինաստան` 18%, Ադրբեջան` 15,7%, Զամբիա` 15,4%: «Վարկավորման բարձր տեմպերը կարող են լինել տնտեսական աճի ցուցանիշ կամ հիվանդության ախտանիշ»:

Գործակալության հրապարակած տեղեկատվությունը մեզ իրապես անհանգստացրեց, որովհետև վարկավորման աճի տեմպերն այս դեպքում ոչ թե տնտեսական աճի ցուցանիշ են, այլ` հիվանդության ախտանիշ: Հայաստանում ամենից շատ վարկավորվում են գյուղատնտեսությունն ու շինարարությունը, իսկ սա նշանակում է, որ մի դեպքում վարկերն օգտագործվում են ոչ թե գյուղատնտեսությունը խթանելու, այլ այն ընդամենը պահպանելու համար: Մյուս դեպքում` բնակարանային շինարարության մեջ ներդրվող վարկերը վերադարձվում են առևտրային բանկերին` ապահովելով նրանց գերշահույթները: Տնտեսության մյուս ոլորտները սրանից չեն շահում: Ավելացնենք նաև, որ վարկավորման ցուցանիշներն աճում են միայն Երևանում և նրա մերձակայքում, մինչդեռ մյուս մարզերում վարկերի տրամադրումը ռիսկային է համարվում` այսպես արմատավորելով տնտեսության ու պետության անհամաչափ զարգացման գաղափարաբանությունը: Ուրեմն, Հայաստանում իսկապես տնտեսությունը լուրջ խնդիրներ ունի, որոնք պետք է համակողմանիորեն քննարկվեն Էկոնոմիկայի նախարարությունում, մինչդեռ հատկապես վերջին շրջանում այս նախարարությունը որդեգրել է «փակ դռների» քաղաքականությունը` չկամենալով բաց ու համապարփակ խոսակցություններ ծավալել տնտեսության զարգացման առնչությամբ: