ԻՍԿ ԿԱՍԿԱԴԻ ՄԱՍԻՆ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ


 

Հայաստանի ճարտարապետների գրեթե կիսամեռ ու հենց շատ ու շատ ճարտարապետների կողմից մոռացված միությունն ու նրա նախագահը, «Երևաննախագիծ» ինստիտուտի նախկին տնօրենն ու նրա նախկին տեղակալն այս օրերին բոցաշունչ հռետորներ են դարձել և հարձակվել մեր արվեստի նահապետի Սոս Սարգսյանի վրա: Որովհետև… նրա «մեղավոր սիրտը» կամեցել էր բետոնի ու աղբանոցի փոխարեն` թատրոնի շենք կառուցել: Հայ մարդուն ու հայ մշակույթին դեմ ելնող ճարտարապետների «գլխավոր փաստարկն» այն էր, թե «աղավաղվում է» Թամանյանի մտահղացումը: Ալեքսանդր Թամանյանի անունը, ցավոք, ոմանք շահարկում են` միայն ուրիշներին շանտաժի ենթարկելու և սեփական դավադրությունները թաքցնելու համար: Բայց ահա նույն հարգարժան մարդկանց աչքի առջև այլանդակվում է թամանյանական հրաշքը` Կասկադը, որի մասին մեր ճարտարապետներից ոչ ոք չի մտածում: Չի մտածում, որովհետև նրանց դիմաց մեծահարուստ Գաֆեսճյանն է կանգնած, ում անունով նաև ժամանակին գնվեց «Հայֆիլմ» կինոստուդիան, խոստացվեց 100 միլիոն դոլարի ներդրում: Սակայն կինոստուդիայի շենքն առայժմ ծառայում է միայն «Արմենիա» հեռուստաընկերության որոշ նկարահանումների համար…

Զարմանալի է, բայց փաստ, որ հանրային տարածքը` Կասկադը, որը գտնվել է Երևանի քաղաքապետարանի վերահսկողության ներքո, այսօր ոչ պաշտոնապես դուրս է մնացել քաղաքապետարանի վերահսկողությունից: Այստեղ ամբողջապես իշխում են հիմնադրամի ներկայացուցիչները` արգելելով քաղաքի և հանրապետության իշխանություններին գոնե վերահսկել հանրային տարածքում իրականացվող շինարարական աշխատանքները:

Ինչպես մեզ հաջողվեց պարզել, այստեղ ճարտարապետական-դիզայներական աշխատանքները կատարելու համար հրավիրված են ամերիկյան մասնագետներ: Բնականաբար նրանք որևէ կապ չունեն թամանյանական մտահղացումների և տեսլականների հետ, չեն կարող ընկալել և վերարտադրել ազգային զարդանախշի առանձնահատկությունները… Մեր ճարտարապետներն ամբողջապես հեռու են քաշվել, իսկ քաղաքի գլխավոր նկարիչը բացարձակապես անտեղյակ է այս ամենին, որովհետև նրան ոչ ոք չի իրազեկում: Քաղաքապետարանն ու Քաղաքաշինության խորհուրդը չեն իրազեկվել, թե ինչ շինարարական աշխատանքներ են այստեղ կատարվում, որոնց առաջին փուլն ավարտվել է…

Լ.Մ.