Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ՍԱՇՈՒՐ ՔԱԼԱՇՅԱՆԸ


 

Մեր թերթի նախորդ համարում գրել էինք, որ Սոս Սարգսյանի գլխավորած «Համազգային» թատրոնի շենքի շինարարության առթիվ հանրային քննարկում էր կազմակերպվել, ինչն օրենքի պահանջն է: Այս քննարկման ժամանակ մասնագիտորեն հերքվել էին մի շարք առարկություններ և իբրև թե հիմնավորումներ, որոնք ներկայացրել էին ճարտարապետներ Սաշուր Քալաշյանն ու Գուրգեն Մուշեղյանը:

Բայց, չբավարարվելով այդ քննարկման ժամանակ ստացած ջախջախիչ «հարվածով», Սաշուր Քալաշյանը, ով արդեն տևական ժամանակ հակամարտություն ունի Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ, Ճարտարապետների միությունում կազմակերպել էր քննարկում` չհրավիրելով շահագրգիռ կողմերին: Նպատակը կարծես պարզ է` ապատեղեկատվության միջոցով ճարտարապետներին տրամադրել թատրոնի և թատերական աշխարհի մարդկանց դեմ: Իրեն և Գուրգեն Մուշեղյանին հռչակելով Հայաստանի միակ վաստակաշատ ճարտարապետներ, Ս. Քալաշյանը հայտարարել է, որ Երևանի Գլխավոր հատակագծով Գլխավոր պողոտան կառուցապատման ենթակա չէ:

Այնինչ նախորդ տարիներին և´ Գլխավոր պողոտայում, և´ Հյուսիսային պողոտայում բարձրահարկ շինություններ կառուցվեցին, աղավաղվեց Երևանի ճարտարապետական տեսքը:

Իրենց տարածած հայտարարության մեջ ճարտարապետների միության մի խումբ անդամներ ասում են.

- Ճարտարապետների միության անդամներին վրդովեցրել է այն, որ թատերագետները հարցը քննարկելիս իրենց չեն հրավիրել: Նախագծի հեղինակը ճարտարապետ Հրաչ Պողոսյանն է, սակայն Երևանի կենտրոնում «հրեշավոր» քաղաքաշինական ծրագրեր իրագործելու մեջ վաստակաշատ ճարտարապետները մեղադրում են Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին: Երևանի Գլխավոր հատակագծով այդ տարածքը հայտարարված է հանրային օգտագործման տարածք: Իսկ հանրային օգտագործման տարածքը կառուցապատման ենթակա չէ: Թեև թատրոնն էլ է հանրային օջախ, սակայն այս դեպքում քաղաքաշինական օբյեկտ է համարվում:

Մի հայտարարության մեջ արդեն իսկ ակնհայտ են մի շարք խեղաթյուրումներ: Նշվում է, որ «թատերագետները հարցը քննարկելիս իրենց չեն հրավիրել»: Նախ, ասենք, որ քննարկմանն ընդամենը մեկ թատերագետ է մասնակցել, իսկ իրենք հրավիրված են եղել և ելույթ են ունեցել: Ելույթ է ունեցել նաև ճարտարապետ Լևոն Իգիթյանը, ով մասնագիտորեն հիմնավորել է այդ տարածքում թատրոնի շենքի կառուցման քաղաքաշինական նպատակահարմարությունը:

Պարզապես ասվածը չի տեղավորվում Սաշուր Քալաշյանի տրամաբանության մեջ, ով, մի կողմ թողնելով մտավորականի կեցվածքը, իր պայքարի զոհն է ուզում դարձնել մի կայացած թատրոն, ինչպես նաև մայրաքաղաքի կարևորագույն հատվածներից մեկը զրկել մշակութային օջախից: Խոսելով Գլխավոր պողոտայի մասին, Սաշուր Քալաշյանն ու Գուրգեն Մուշեղյանը հենվում են Ալեքսանդր Թամանյանի նախագծի վրա և պահանջում հարգել այն: Հարգենք, իհարկե´: Սակայն մի՞թե Թամանյանն այստեղ մետրոյի կայարան էր նախատեսել, կամ` մի՞թե մետրոյի կայարանը քաղաքաշինական օբյեկտ չէ…

Ալ. Թամանյանի նախագծի մեջ չի մտնում նաև «Մալիբու» սրճարանը, բայց այն կա, և ճարտարապետ Սաշուր Քալաշյանը դրա դեմ չի խոսում: Չի խոսում, որովհետև այդ սրճարանը պատկանում է «հզորներից մեկին», իսկ Սոս Սարգսյանն «ընդամենը» արվեստագետ է…

Սաշուր Քալաշյանը չի ընդդիմանում նաև այն բանի դեմ, որ Գլխավոր պողոտայում նախատեսվող շենքի հարևանությամբ, իբրև աններդաշնակ կարկատան, հառնում է Արայիկ Հայրապետյանի` «Լավանդայի Արայիկի», «օֆիսը»: Երևի այս օֆիսը, Սաշուր Քալաշյանի պատկերացմամբ, հանրային օբյեկտ է…

Իհարկե, չենք ուզում բացել շատ փակագծեր, չենք ուզում խորացնել խոսակցությունը: Նշենք միայն, որ Սաշուր Քալաշյանի ողջ խնդիրը կարծես այն է, որ Նարեկ Սարգսյանն է նախագծել մի շարք կարևորագույն քաղաքաշինական օբյեկտներ, իսկ ինքը մնացել է առանց «հոնորարի», բավարարվել է Օղակաձև զբոսայգին այլանդակելով:

Չենք ուզում նաև խոսել այն մասին, որ այս տարածքի նկատմամբ ուրիշներն էլ աչք ունեն, որոնց «ջրաղացին ջուր է լցնում» Սաշուր Քալաշյանը: Պարզապես ամոթալի է, որ ճարտարապետը, ով նույնպես արվեստագետ է համարվում, ելել է թատրոնի դեմ` այսպես կամենալով «հակահարված» տալ Նարեկ Սարգսյանին:

Ավելացնենք, որ գրեթե միշտ կրավորական կեցվածք ընդունած ՀՀ ճարտարապետների միությունը, որի ղեկավարներից ոմանք հարուստներ են դարձել մայրաքաղաքն ապականող նախագծերի շնորհիվ, հիմա ակտիվացել են` քաջ գիտակցելով, որ թատրոնի մարդիկ ամենաթույլն են, հեշտ խոցելի…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ