ՆԵՂԱՆՈՒՄ ԵՆ` ԹՈՂ ՆԵՂԱՆԱՆ


 

Լինսի հիմնադրամի ծրագրերը կյանքի կոչած նախկին պաշտոնյաները հատկապես շատ են վիրավորվում ու նեղանում, երբ անդրադառնում ենք կատարված աշխատանքների անորակությանը, ծախսված գումարների որոշ աննպատակահարմարությանը, հայտարարվող գումարների «առեղծվածին» և այլն: Բայց հիմա արդեն մեզ չի հետաքրքրում` կնեղանա՞ն, թե՞ չեն նեղանա, որովհետև մենք ուզում ենք անդրադառնալ մի շատ կարևոր փաստի, որն աղերսվում է նաև Հայաստանի սահմանային գոտում ապրող մարդկանց անվտանգությանը:

Խոսքը վերաբերում է 2001-2003 թվականներին Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցված սահմանագոտին շրջանցող, Ոսկեպար-Կիրանց 11 կմ երկարությամբ ճանապարհին: Շինարարության համար ծախսվել է մոտ 7 միլիոն դոլար: Ներկայումս այդ ճանապարհը գրեթե շարքից դուրս է եկել, մի շարք հատվածներում ասֆալտի ծածկույթը քանդվել է, ինչն էլ անանցանելի է դարձնում ճանապարհը:

Պատճառը ասֆալտի հիմքի թույլ լինելն է, ճանապարհաշինարարների անորակ աշխատանքը: Այս ճանապարհի կառուցումը ժամանակին հիմնավորվել է այսպես. Կիրանց-Ոսկեպար ճանապարհը կառուցվել է սահմանամերձ գյուղերը կապող ավտոճանապարհն անվտանգ դարձնելու համար: Նշենք, որ Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցված ճանապարհը երկար է, այն խոցելի է ադրբեջանական հրետակոծություններից, սակայն այս մասին թե´ այն ժամանակ, թե´ հիմա ոչ ոք չի մտածում: Մենք տեղեկացանք, որ սկսվել են ճանապարհի վերանորոգման աշխատանքները, արդեն մեծ քանակությամբ խճաքար է այստեղ տեղափոխվել: Կարծես վատ չէ: Սակայն համոզված ենք, որ հետայսու անընդհատ առիթ է լինելու հիմնանորոգելու ճանապարհը, որովհետև ի սկզբանե վատ են կատարվել հիմնային աշխատանքները: Ավելին, դժվար է հավատ ընծայել այն փաստին, թե այստեղ յոթ միլիոն դոլար է ծախսվել: Հիմա ամեն տարի ահռելի միջոցներ պիտի տրամադրվեն` փլուզվող-քանդվող ճանապարհը վերանորոգելու համար:

Հայաստանն աշխարհի այն բացառիկ երկրներից է, որը հսկայական միջոցներ է տրամադրում ճանապարհաշինական ծրագրերին և ամեն տարի արդեն կառուցվածը նորոգում: Այս «առեղծվածն» իհարկե, մենք հասկանում ենք, քանի որ ճանապարհաշինությունն այն բացառիկ ոլորտներից է, որտեղ կարելի է հավելագրումներ անել, անորակ աշխատանքներ կատարել` հետագայում դրանք շտկելու նպատակով պետբյուջեից նոր գումարներ կորզելով: Սա դեռ խորհրդային տարիներից ժառանգություն մնացած մեթոդ է, որից չեն ուզում հրաժարվել ինչպես ճանապարհաշինարարները, այնպես էլ ճանապարհաշինությունը վերահսկող գերատեսչությունները: