Ծիծաղելի ոչինչ չկա


Բրազիլացի հումորիստները պայքարում են քաղաքական կատակների դեմ£ Հումորի առավելությունների մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է. նաև մամուլը շատ տխուր կերպարանք կառնի` առանց քաղաքական սրամիտ քննադատությունների£ Եվ ահա Բրազիլիայի իշխանություններն ակամա իրենց իսկ ձեռնարկած հումորիստական շոուի գործող անձինք են դարձել£ Երևի նորություն չէ, որ իշխանությունների հետ կատակելը, առավել ևս նրանց վրա ծիծաղելը ամենուր չէ, որ թույլատրվում է£ Ու վերջերս բրազիլացիները հիմնավորապես զրկվեցին քաղաքական իրադարձությունները նաև հումորի լեզվով դիտելու և լսելու հնարավորությունից. այստեղ օրենքի ուժ ստացավ ընտրական օրենսգրքում կատարված այն փոփոխությունը, որով արգելվում է կատակել նախընտրական քարոզարշավի ընթացքում£ Ու դա արվեց առաջիկայում` հոկտեմբերին կայանալիք ընտրությունների նախաշեմին£ Համաձայն օրենքի նոր խմբագրման` «հակակատակային» կարգը խախտողներին սպառնում է տուգանք 100 հազար ռեալի (շուրջ 57 հազար ԱՄՆ դոլար) չափով£ Կարգազանցությունը կրկնվելու դեպքում կրկնապատկվում է նաև տուգանքը, իսկ օրենքի այդ պահանջը չարամտորեն անտեսող հեռուստաալիքներն ու ռադիոկայանները կհատուցեն իրենց հեռարձակման արտոնագրերով£ Օրենքի այս պահանջը չի տարածվում ինտերնետային հրատարակությունների ու կայքերի վրա£ Սակայն, եթե ռադիո կամ հեռուստատեսային պաշտոնական կայքերում հայտնվեն նախագահի, սենատորների, Կոնգրեսի ներկայացուցիչների և մարզպետների թեկնածուներին ծաղրող նյութեր, տվյալ հեռարձակողը նույնպես կպատժվի£ Այս խիստ պատժամիջոցներին դիմելու իր քայլը բրազիլական կառավարությունը բացատրել է, թե ցանկացել է թույլ չտալ, որպեսզի զվարճախոսները մոլորեցնեն ընտրողներին£ Նրանց փաստարկմամբ` որևէ թեկնածուի կատակով ծաղրելը նրան ակամա անհարմար վիճակի մեջ է դնում մրցակիցների շրջանում` նվազեցնելով վերջինիս հաղթելու հնարավորությունները£ Այլ խոսքով, Բրազիլիայի իշխանությունները, չգիտես ինչու` որոշել են, որ քաղաքական վերնախավը կատակը չի ըմբռնում£ Տեղի զվարճախոսները, սակայն, հրաժարվում են «խաղալ» իշխանությունների պարտադրած նոր կանոններով£ Եվ որոշել են պայքարել հանուն կատակելու իրավունքի, որպեսզի կարողանան քաղգործիչների մասին էլ սրախոսել` անկախ տարվա եղանակից և ղեկավարության տրամադրությունից£ Ուշագրավ է ու նաև օրինաչափ, որ քաղգործիչները չեն էլ շտապում սատարել երգիծաբաններին£ Եվ ինչպես պայքարողներից մեկն է նշել` - Մեր քաղգործիչները կարծես ծաղրի դժբախտ ու անպաշտպան զոհեր են£