ՄԱՀՆ ԷԼ ՉԽԱՓԱՆԵՑ ՀԱՐՍԱՆԻՔԸ


«Միայն մահը մեզ կբաժանի» երդմանը հավատարիմ` թայլանդցի 28-ամյա Չադիլ Դեֆին չհրաժարվեց հարսանիքից` անգամ իր սիրելիի մահից հետո:

Սարինյա Կամսուկի հետ նա հանդիպում էր 10 տարի: Սիրող զույգը պատրաստվում էր ամուսնանալ, և արդեն նշանակված էր հարսանիքի օրը: Բայց դրանից մի քանի օր առաջ աղջիկը զոհվում է ավտովթարից: Չադիլը որոշում է հարսանիքը չեղյալ չհայտարարել և ամուսնության ծիսակարգ է կատարում սիրելիի անշունչ մարմնի հետ: Նույն պահին, փաստորեն, նա և´ նորաթուխ ամուսին է դառնում, և կնակորույս այրի: Սարսափելի պատմություն է...

Չինական Գուանդուն գավառում տեղի ունեցած մի հարսանիքի ժամանակ հարսնացուն դեռ մեռած չէր, բայց գտնվում էր կոմայի մեջ: Լու Լայն ու իր ընկերուհին` Հի Ցզինցզինին հանդիպում էին մի քանի տարի: Երիտասարդ զույգը պատրաստվում էր ամուսնանալ: Նույնիսկ տուն էին գնել, որ պիտի ապրեին հարսանիքից հետո: Սակայն անսպասելիորեն աղջիկը հիվանդանում է ու ընկնում կոմայի մեջ: Լուն իմանում է, որ Հին դադարել է շնչել, սակայն նրան վերակենդանացրել են: Վնասվել էր աղջկա ուղեղը, և կյանք վերադառնալու հույսերն անտեղի էին: Եվ տղան որոշում է հենց հիվանդանոցում կատարել ամուսնության ծեսը, որին մասնակցում էին երկուսի հարազատներն ու մտերիմները:

Հարսանիքից մի քանի ժամ հետո բժիշկներն անջատել են արհեստական շնչառության սարքերը, և նորապսակ Լուն ստիպված էր հուղարկավորության պատրաստություն տեսնել: