Փարիզը գայլերին է՞լ է հրապուրել


Ֆրանսիայի իշխանությունները ահազանգ են հնչեցնում. Փարիզից ընդամենը 60 կմ հեռավորությամբ բնակվել է գայլերի մեծ ոհմակը: Առաջին անգամ է, որ մայրաքաղաքին այդքան մոտ գիշատիչներ են հայտնվել: Հավանաբար դրանք «արտագաղթել» են Իտալիայից ու հասցրել են իրենց վայրագ ավերածություններն անել. ընթացիկ տարում ոչնչացրել են տեղական ֆերմերներին պատկանող շուրջ 6 հազար գլուխ ոչխար (տեղեկացրել է The TelegrΖΘh-ը):

Մասնագետների հավաստմամբ` մեկ գիշերում գայլը կարող է անցնել շուրջ 100 կմ ճանապարհ: Ֆրանսիայում վտանգավոր գիշատիչներին ոչնչացնում էին դեռևս 20-րդ դարասկզբին, սակայն վերջին տարիներին դրանք բազմացել են: Ֆրանսիական անտառները գայլերի համար հարմարավետ են` իրենց որսամիս կենդանիների առկայութ յամբ, և հիմա այդ վայրերում հաշվվում է մոտավորապես 30 գիշատիչ, որոնք կատարյալ սարսափ ու պատուհաս են անասնատերերի համար: Վերջինների միակ մխիթարանքն այն է, որ նորերս իշխանություններն արտոնել են` անհրաժեշտության դեպքում սպանել գայլերին: Բայց արի ու տես, որ այս որոշումն էլ վրդովեցրել է կենդանիների պաշտպաններին:

Մասնագետները համոզմունք են հայտնել, որ իշխանություններին չի հաջողվի կանխել կամ կասեցնել դրանց է´լ ավելի մոտենալը Փարիզի մատույցներին, ու շուտով գայլերը կարող են նոր տարածքներ յուրացնել` Ֆրանսիայի մայրաքաղաքին մերձակա հյուսիսային շրջաններում: