«Թատերական իրարանցում»` ընդդեմ անտարբերության


Մինչ 12-րդ «Հայֆեստի» պաշտոնական մեկնարկը «Շառլ Ազնավուրի» հրապարակում ազգային նվագարաններով հնչյունավորված «Պարսից ծոց. ջրերի մայր» բացօթյա ներկայացմամբ «Մինաբ Անամիս» թատերախումբն արդեն բացել էր հայաստանյան ամենախոշոր թատերական միջազգային փառատոնի աներևույթ վարագույրը: Իրանահնդկական արտասովոր «համաձուլվածքով» հանդիսախաղի տիրույթում ներգրավվում էին նաև հետաքրքրասեր անցորդները: Այդուհանդերձ, 18 երկրից ժամանած ու հայաստանյան 25 թատերական ու պարային խմբերի մոտ 50 ներկայացումներից հունգարական «Լիվինգ փիքչրսի» մուլտիմեդիա «Կենդանի մակերևույթին» էր վերապահվել փառատոնային պաշտոնամուտի պատիվը:

Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում «Հայֆեստի» 12-րդ հանդիսավոր բացմանը հրավիրված 200 հյուրերն ու հայաստանյան ճանաչված թատերագործիչներն ու անդավաճան «ֆեստասերները» խանդավառությամբ ընդունեցին «Հայֆեստի» նախագահ Արթուր Ղուկասյանի մեկնարկային հայտարարությունը.

- 12-րդ «Հայֆեստն» համախմբել է բազմաժանր արվեստագետների, ով-քեր ոչ միայն անտարբեր չեն մարդկության ճակատագրի հանդեպ, այլև անում են հնարավոր առավելագույնը, որպեսզի հոգևոր թմբիրից հանեն Երկիր մոլորակի բնակիչներին, ցրեն համընդհանուր անտարբերության կործանարար քաոսը:

Հատկանշական է, որ փառատոնային խայտաբղետ ու գերլարված ընթացքի ծրագրում կարևորված էր հայ-բրիտանական համագործակցության արգասիք շեքսպիրյան «Ջոն արքայի» սունդուկյանցիների բեմադրության 150 րոպե տևողությամբ տեսագրության ամենօրյա ցուցադրությունը: Այդպիսով «Հայֆեստի» կազմակերպիչներն առանձնահատուկ խնամքով շեշտադրում էին «հետռեֆորմյան» տարուբերումներից սթափվող մեր ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական վերընձյուղման առաջին ցայտուն դրսևորումը: Թատրոնն, ի դեպ, բոլորովին վերջերս ինքնատիպ գրավչության նոր հավաստագրերի արժանացավ Բրեստում կայացած «Բելայա վեժա» միջազգային փառատոնում:

Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասենք, որ «ֆեստամոլները» հատկապես հետաքրքրված էին նախապես գովազդված տասնյակ ներկայացումներով: Մասնավորապես` «Եվգենի Օնեգինի» հիման վրա բեմավորված «Պուշկին StΖnd uΘ» («Արտ և Շոք», Ղազախստան) մենաներկայացմամբ, ռուսաստանյան` Սվետլանա Վրագովայի ղեկավարած «Մոդեռն» թատրոնի «Մահվան պար» և դրամատուրգների համախոհությամբ 2002-ին հիմնված «Doc»-ի «150 պատճառ` հայրենիքդ չպաշտպանելու» պարային ու վավերագրական դրամաներով, Գոգոլի հանրածանոթ «Խելագարի հիշատակարանի» բրիտանական մեկնաբանությամբ (ռեժիսոր` Շինեյդ Ռուշ): Նաև` իտալական «Ֆրեյես Բոզենի» կերպավորած «Տեսարանով` արգոնավտների հետ», Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և «Հայֆեստի» համագործակցությամբ «Միհր» թատրոնի գեղարվեստական ղեկավար Ցոլակ Մլքե-Գալստյանի բեմադրած Կիարա Ալեգրիա Հուդեսի «Ջուրը` գդալ-գդալ» պիեսով... Բոլորը չես թվարկի, մանավանդ` երեկ ուշ երեկոյան է փակվել 12-րդ «Հայֆեստի» բազմաշերտ վարագույրը: Այդուհանդերձ, թատերական ներկա խմորումներին փոքրիշատե լավատեղյակները հպարտություն ապրեցին, երբ անզեն աչքով, առանց հավելյալ մեկնաբանությունների էլ հավաստիացան, որ հայաստանյան նույնիսկ ուսանողական որոշ աշխատանքներում կարելի էր որսալ նորաշունչ մտածողության ինքնատիպ արտահայտություններ:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ