Նրանց էլ այսպես են հիշում
ԱՅՍԵԴՈՐԱ ԴՈՒՆԿԱՆ. Ամերիկացի այս պարուհին բոհեմական կյանքով էր ապրում: Նա համարվում է հիմնադիրը ազատ պարերի, որն էլ ծնունդ տվեց մոդեռն ոճին:
Բազմաթիվ երկրպագուներ ուներ, որոնց մի մասի հանդեպ ինքն էլ փոխադարձ զգացմունք ուներ: Երկու զավակների մահից հետո Դունկանը մեկնել է Ռուսաստան, որտեղ ծանոթացել է Սերգեյ Եսենինի հետ: Եսենինը դարձել է նրա սիրեկանը, ապա` ամուսինը: Ժամանակակիցների կարծիքով` Այսեդորան առանձնապես չէր հմայում իր գեղեցկությամբ: Փոխարենը շատ կյանքոտ էր և կրքոտ: Բեմի վրա նա ոտաբոբիկ էր ելույթ ունենում, և յուրաքանչյուր շարժումը լի էր նազանքով ու բնատուր դյութանքով: Նրա բոլոր պարերն ասես խոսում էին այն մասին, որ նա սիրում է կյանքը` իր բոլոր դրսևորումներով: Դունկանն ինքն է գրել.
- Եթե իմ արվեստը խորհրդանշական է, ապա խորհրդանիշը միակն է. կնոջ ազատությունը և նրա ազատագրումը պայմանականությունների կարծրամտությունից, որոնք ընկած են խստակեցության հիմքում:
Ժամանակակիցները կարծում էին, որ Դունկանի արվեստը նոր հորիզոններ կբացի ապագայի կանանց առջև: Նրա պարերը կոչում էին հանճարեղ. նա կարողացավ փոխել և´ արվեստը, և´ առօրեականությունը: Բոլորի հիացմունքը շարժող կինը, սակայն, չկարողացավ պահել Եսենինի սերը. արվեստի երկու նվիրյալները խանդում էին... մեկը մյուսի փառքը:
Դունկանի մահն էլ, ասում են` նույնքան առեղծվածային է եղել, որքան նրա կյանքը. ավտոմեքենայից իջնելիս` նրա մետաքսյա շարֆի մի ծայրը մնացել է դռան արանքում, և պարուհին խեղդվել է:
ԼԻԼՅԱ ԲՐԻՔ. Անվանի արվեստագետներից մեծ բույլ էր նրան երկրպագում. Պաբլո Ներուդա, Մարկ Շագալ, Լուի Արագոն, Սերգեյ Փարաջանով, Ֆերնան Լեժե, Իվ Սեն-Լորան: Տղամարդկանց ձգում էր նրա ներքին ազատությունը: Բրիքի ամենանշանավոր սիրեկանը Վլադիմիր Մայակովսկին էր, ով նույնիսկ համատեղ ապրում էր սիրուհու ու նրա ամուսու հետ, և սիրային այդ եռանկյունին ապշեցնում էր բոլորին: Բրիքը հաճախ էր ասում.
- Տղամարդուն պետք է ներշնչել, որ ինքը հրաշալի է, նույնիսկ` հանճար, բայց ուրիշները դա չեն հասկանում: Եվ նրան պետք է թույլ տալ այն ամենը, ինչը տանը թույլ չեն տալիս. օրինակ` ծխել կամ գնալ ուր ուզի: Մնացածը կանեն լավ կոշիկն ու մետաքսյա սպիտակեղենը:
Ինչպես երևում է` գայթակղելու գաղտնիքն այնքան էլ բարդ չէ: Բրիքը ճակատագրական կին էր. եթե տղամարդը վարժվում էր նրան, ալևս նրանից հեռանալ չէր կարողանում: Հանելուկային այս կինը դեպի իրեն էր ձգում հատկապես ժամանակի նշանավոր այրերին: Մարդկանց հետ զրուցելիս, Լիլյան ընդգծված հետաքրքրություն էր ցուցաբերում զրուցակցի հանդեպ: Միշտ հետևում էր նորաձևությանը, հագնվում էր ճաշակով` հագուստով հմտորեն թաքցնելով թերությունները: Մոսկվայում նա առաջին կինն էր, ով համարձակություն ունեցավ տաբատ հագնել: