ԼԵՌՆԵՐԻ ԿԱՐՈՏԸ ՍՐՏՈՒՄ
Նա ապրեց 60 տարի: Բարությամբ, սիրով, մերձավորի հանդեպ կարեկցանքով և հոգատարությամբ լի 60 տարի: Ապրեց` երբեք ի ցույց չդնելով իր արժեքը, ապրեց` հասանելի ու անհաս լեռների կարոտը սրտում` երազելով մի ափ բարություն, ցաված սիրտը շոյող մի ջերմ խոսք, ինչն ինքը շռայլորեն բաժանեց ծանոթ ու անծանոթ մարդկանց:
Հենրիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ապրում էր մարդու ցավով, նրան օգնելու պատրաստակամությամբ: Բոլոր նրանք, ովքեր երբևէ առնչվել են Աբրահամյան մարդու, խմբագրի և գիտնականի հետ, կհաստատեն այս խոսքերը:
Շիտակ ապրելակերպն ու ուղղամիտ կեցվածքն էին հզոր այն հենքերը, որոնց վրա իրեն ամուր և ուժեղ էր զգում Հ. Աբրահամյանը: Ապրած տարիների, հակասական օրերի մեջ նա երբևէ չդավաճանեց իր ծննդավայրից, ծնողներից թանկ ժառանգություն ստացած պարկեշտությանը, ազնվությանն ու սկզբունքայնությանը: Նա կարողանում էր ետ նայել: Ինչպես ինքն է գրել իր «Հայտնության լեռներում»`
- Սքանչելի զգացում է` կարողանալ ետ նայել, ետ դառնալ սիրով, անցած տարիների, այնքան հակասական օրերի մեջ անաղարտ պահել հոգին, այդքան ջերմություն ունենալ մարդկանց ու աշխարհի հանդեպ:
Ապրեր` այս օրերին շնորհավորելու էինք ծննդյան 75-ամյա հոբելյանը: Չար դիպվածը, սակայն, բոլորիս զրկեց այդ վայելքից:
Արդեն 15 տարի մեր կողքին չէ Հենրիկ Աբրահամյանը: Սակայն չի խամրում այն բարի հուշը, որը նա թողել է բոլորիս հոգիներում: Արդեն 15 տարի մեր կողքին չէ նա, բայց սիրով ասում ենք`
- Շնորհավոր հոբելյանդ, սիրելի Հենրիկ Աբրահամյան:
«ԱՎԱՆԳԱՐԴ»