ՀՈՒՇԱՐՁԱՆՍ ՄԱԿ-Ի ՇԵՆՔԻԴ ՎՆԱՍ ՉԷ
Ժնևը դեմ է հայկական հուշարձանին
Դժվար է ասել, թե շվեյցարացի ժողովուրդը ոնց, բայց Ժնևի կառավարությունը պայքարում է «միջազգային բացարձակ չեզոքություն» պահպանելու օգտին ու դրանով է պատճառաբանում իր բացասական վերաբերմունքը Արիանի զբոսայգում հայկական հուշաքար տեղադրելուն (գրել է Օլիվյե Ֆրանսեյը` Le TeΗΘs թերթում տպագրված հոդվածում):
- Ժնևի կառավարությունը չի ցանկանում հայերի ցեղասպանության հիշատակի հուշարձանը տեսնել Արիանի զբոսայգում` Ազգերի Պալատից մի քանի քայլի վրա,- նշված է նամակում, իսկ հոդվածագիրն իր կարծիքն է հավելել.
- Այլ խոսքերով` ժնևյան և շվեյցարական հայկական համայնքին սառը ցնցուղ է սպասվում այս հինգշաբթի (այսօր-խմբ.) Պետական խորհրդի պատվիրակության և նրա ղեկավար Ֆրանսուա Լոնշամի հետ հանդիպման ընթացքում: Հեռախոսային զրույցի ժամանակ պետական խորհրդական, լիբերալ-արմատականն ասել է. «Սկզբունքորեն մենք դեմ չենք նման հուշարձանի ստեղծմանը` հաշվի առնելով, որ մեր շվեյցարական և ժնևյան խորհրդարանականները ճանաչել են հայերի ցեղասպանությունը: Մենք անհանգստացած ենք նրանով, որ տեղադրման վայրը չեզոքության պահպանում չի ապահովում, քանի որ անմիջականորեն գտնվում է Ազգերի Պալատին մոտ»:
Եվրոպական քաղաքակրթությունը պահպանելով` կանտոնային ծառայությունները, այդ թվում նաև Հուշարձանների և պատմական օբյեկտների հեղինակային հանձնաժողովը դրական են արտահայտվել հուշարձանը տեղադրելու նախագծին և գտնում են, որ կանտոնը պարզապես ժամանակ է երկարաձգում: Իսկ քաղաքային խորհրդի նախագահությունը հույս է փայփայում, թե` «Ժնևը հույս ունի, որ քաղաքապետարանը կամ հայերը կհրաժարվեն նախագծից»:
Դե արի ու բացատրիր, որ Ցեղասպանության փաստն ի լուր աշխարհի ճանաչված երկրի կողմից ինչ-որ «չեզոքության» մասին խոսելն այնքան էլ լուրջ չէ: Մանավանդ ցեղասպանության պարագայում, որը հանցագործություն է ոչ միայն հայերի, այլ համայն մարդկության դեմ: