Հերթական` 7-րդը
Հայ կանանց միջազգային ընկերակցության (AIWA) ներկայացուցիչները նորից հավաքվել են Մայր հայրենիքում` 7-րդ միջազգային համաժողովը գումարելու: Երեք տարին մեկ աշխարհասփյուռ հայ տիկնայք հավաքվում են` համատեղ քննարկելու իրենց նախագծած այն աշխատանքների կատարման ընթացքը, որոնք ծրագրել էին նախորդ հանդիպման ընթացքում:
Իսկ ի՞նչը կարող է հետաքրքրել հայ կանանց: Առաջին հայացքից փոքր-ինչ խրթին թվացող այս հարցն ունի իր տրամաբանական պատասխանը. այն ամենը, ինչ հայկական աշխարհի համար կարևորվում է տվյալ պահին: Չթվարկելով նախորդ համագումարների ընթացքում քննարկման առարկա դարձած հարցերը, նշենք, որ դրանցում ամենակարևորվողը հայ կնոջ դերի առավել ակտիվացումն էր` համազգային հետաքրքրություն ներկայացնող հարցերի առնչությամբ:
Այս համաժողովում քննարկման հիմնական թեման Հայոց եղեռնի 100-ամյա տարելիցին առնչվող հարցերն են` և´ Մայր Հայրենիքի, և´ Սփյուռքի հայ կանանց ու հասարակական այլ կազմակերպությունների անելիքները նախանշելով:
Արդեն ավանդական դարձած մի երևույթ չի անտեսվել նաև այս անգամ: Խոսքը ազգությամբ ոչ հայ, սակայն հայկական հարցերի նկատմամբ ակտիվ դիրքորոշում ունեցող քաղաքական կին գործիչների մասնակցության մասին է:
Այդ տեսակետից չափազանց ուշագրավ է հյուրերի ընդգրկվածությունը: Այս առումով արժե նշել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեի ներկայությունը, ով սոսկ մասնակցությամբ չսահմանափակվեց: Որպես հիմնական բանախոս նա ներկայացնելու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում իր մասնակցության մասին. հանգամանք, որը վկայում է հայ ժողովրդի բարեկամների թվի աճի մասին:
Արդեն իսկ կարելի է վստահաբար ասել, որ առանձնահատուկ ուշադրության կարժանանան Ֆեթիյե Չեթինի և Այսե Գյուլ Ալթինայի ներկայացրած «Կանանց հիշողութ յուններից. բարձրաձայնելով իսլամացված հայերի մասին» և Անտոնինա Արսլանի «Մուշի խաչը» բանախոսություններըը:
Քառօրյա միջոցառումը կմեկնարկի այսօր` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի բացման խոսքով: Համաժողովի մասնակիցներին կողջունեն և ուղերձներով կշնորհավորեն Հանրապետության նախագահը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ-ում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլոք:
Եռամյա ընդմիջումներով հրավիրվող համաժողովը յուրօրինակ հաշվետվություն է` աշխարհասփյուռ հայ կանանց գործունեության: Այն նաև ամրակուռ կամուրջ է` մոլորակի տարբեր ծագերում ապրող, բայց Հայրենիքի հոգսերի թեթևացմանը նպաստել ցանկացող հայուհիների համար: Բարի ընթացք` համաժողովին և Հայ կանանց միջազգային ընկերակցության գործունեությանը: