Ա˜յ «ծամը կտրած»


Բա կինը տղամարդկանց հավաքականի խաղը նայելու կգնա՞: Հետո՞ ինչ, որ երկքաղաքացիություն ունի. թեկուզ` մեկը Բրիտանիայի, բա մյուսը՞…

Մի խոսքով, Իրանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացուհի Ղոնչեխ Հավամին արդեն 102 օր մեկուսացվել է Թեհրանի Էվին բանտի մենախցում: Մեկուսացման 100-րդ օրը նա հացադուլ է հայտարարել (տեղեկացրել է The TelegrΖΘh-ը): Նա ձերբակալվել է դեռևս հունիսի 20-ին, երբ փորձել է իրավապաշտպան այլ կանանց հետ գնալ` Իրանի ու Իտալիայի տղամարդկանց վոլեյբոլի հավաքականների խաղը դիտելու:

Կալանավորուհու մայրը` լոնդոնյան ծագմամբ Սյուզան Մոշտաղյանը սոցցանցում հաստատել է դստեր հացադուլի փաստը.

-Երեկ վերջապես ինձ հաջողվեց տեսնել իմ Ղոնչեղին,- գրել է մայրը:- Նա ասաց, որ այլևս չի կարող համբերել ու որոշել է հացադուլ հայտարարել:

Ի դեպ, Սյուզանը ևս հայտարարել է, որ ինքն էլ որևէ սնունդ չի ընդունի` մինչև դստեր հացադուլի ավարտը:

Հավամին ճանաչված ակտիվիստուհի է, ով պայքարում է այն օրենքների դեմ, որոնք կանանց արգելում են տղամարդկանց մրցումները դիտել: Իսկ այդպիսի օրենք Իրանում գործում է 1979 թ. Իսլամական հեղափոխությունից հետո: Նման արգելքը բացատրվում է մահմեդական բարոյականության այն տեսանկյունով, որ մարզիկները մրցելույթների ժամանակ հագնվում են ոչ պատշաճ, և կանայք նրանց չպետք է տեսնեն այդ տեսքով:

Ղոնչեղն ու իր ընկերուհիները մեկ ուրիշ կանոն էլ են խախտել: Կանայք պետք է մուգ գույնի գլխաշորեր կրեն. մինչդեռ ակտիվիստուհիները մարզադաշտ են գնացել սպիտակ գլխաշորերով:

Այսուհանդերձ, Իրանի իշխանությունները հերքում են, թե ձերբակալությունը մարզադաշտ գնալու հետ է պայմանավորված: Իրավապաշտպան մարմինների ներկայացուցիչ Գուլամ Հուսեյն Մոհսենի Էջեյնեի խոսքերով` Հավանիին մեղադրանք է ներկայացվել «գործող իշխանության դեմ քարոզչության» համար: