Ուկրաինական Գուանտանամո


Ասում են` Կիևն աճապարանքով բանտեր է կառուցում: Իրականում երկրի ՆԳ նախարարությունը միգրանտների համար ժամանակավոր կացարանային կենտրոններ է կառուցում: Սակայն տեղաբնակները և իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգվում են, որ այդ կառույցներն ապագա բանտեր են: Այսպես մտածելու հիմնավոր առիթ է թերևս այն, որ կառուցողը Ներքին գործերի, այլ ոչ թե Սոցիալական ապահովության նախարարությունն է:

Նիկոլաևսկայա մարզի Վոզնեսենսկ քաղաքի բնակիչներին հաջողվել է մի քանի կադր լուսանկարել, որոնցում երևում է, որ քաղաքի մերձակայքում հայտնվել է ոչ սովորական ինչ-որ շինություն: Ներսի կողմից այն նման չէ զորանոցի կամ բանտի: Իսկ տեղի բնակիչներն արդեն այն համարում են ապագա համակենտրոնացման ճամբար, ուր ամենայն հավանականությամբ, կմեկուսացնեն գրոհայիններին և հակաիշխանական տարրերին:

Ապրիլ ամսին նմանատիպ մի շինություն էլ տեսանկարել էին Դոնեցկի Ժդանովկա բնակավայրի մոտ:

Վոզնեսենսկի մոտ կառուցվող ճամբարի հարևանությամբ լքված ռազմական օդակայան կա, ինչն էլ մղում է ենթադրել, որ այնտեղ աննկատ կերպով հնարավոր է հարյուրավոր մարդիկ տեղափոխել: Հատկապես ռուսական կողմի և ռուս ու ռուսամետ ուկրաինացիների համար այս թեման դարձել է բավական հրատապ: Ու հենց նրանք էլ պնդում են, որ այդ կառույցները շատ նման են աշխարհին տանջաքննությամբ հայտնի ամերիկյան Գուանտանամո բանտին: Այս բանտի սարսափներից լրագրողներին հաջողվել է կորզել միայն մեկ փաստ. այնտեղ հայտնվածները կերակրվում են քթով:

Հետաքրքրական է, որ Ուկրաինայի արբանյակային տեսագրության քարտեզներում հանելուկային շինությունը կա: (Այդ քարտեզներն համացանցից օգտվողներին տրամադրում են ամերիկյան ինտերնետ-ընկերությունները): Սակայն ոչ թե փշալարերով շրջապատված, այլ VIP-հյուրանոցի տեսքով, որն ասես պատրաստ է բարձրաշխարհիկ հյուրեր ընդունել: (Vesti.ru):