«Մեզ միջուկային հրթիռներ տվեք, ու մենք կուղղենք Մոսկվայի վրա»


Կրքերը թեժանում են

Աշխարհաքաղաքական իր ծրագրերի առջև ծառայող արգելանքները համառորեն հաղթահարող Պուտինի դեմ մոլեգնում են կրքերը: Լեհաստանի նախկին նախարար, «Համերաշխություն» կուսակցության առաջնորդ, հանրածանոթ քաղգործիչ Լեխ Վալենսան, օրինակ, իտլական LΖ StΖΗΘΖ թերթին տված հարցազրույցում հայտարարել է.

-Պուտինը անպատասխանատու է և ուզում է քաոս սերմանել Լեհաստանում, ինչպես դա արեց Ուկրաինայում: Դրա համար մենք ցանկանում ենք, որպեսզի ՆԱՏՕ-ն մեզ տրամադրի իր տնօրինած լավագույն հրթիռները, որ տեղադրվեն այստեղ և ուղղորդեն անհրաժեշտ ուղղությամբ: Եթե մի գեղեցիկ օր նրանք ներխուժեն Գդանսկ (զրույցը տեղի է ունեցել Գդանսկում գտնվող նրա գրասենյակում-խմբ.), մենք կգրոհենք Մոսկվան,- պարզաբանել է գործիչն ու հավելել.

-Մենք սիրում ենք Ռուսաստանը, բայց այն պետք է դադարի իրեն ինքնիշխան պահել: Մեզ պե´տք է Ռուսաստանը, բայց` քաղաքակիթ Ռուսաստանը: Մինչդեռ նրանց միշտ թշնամի է պետք` ներքին պատճառներով… Սակայն նրանք սխալ թույլ տվեցին: Չմտածեցին, որ Ուկրաինայում իրենց այդպիսի դիմադրություն կցուցաբերվի: Նրանք չափազանց ուժեղ թշնամի ընտրեցին և հիմա չգիտեն` ինչպես դուրս պրծնել դրանից:

Վալենսան հին գործիչ է, և Ռուսաստանի հանդեպ նրա վերաբերմունքն էլ նոր չէ.

-Ես ասել եմ դեռևս 25 տարի առաջ. ես համոզված էի, որ Ռուսաստանը Արևելյան Եվրոպայի բոլոր երկրներում կհրահրի ագրեսիվ փոքրամասնություններին: Բարեփոխումներ իրականացնելու համար երկար ժամանակ է պահանջվում. նրանք կարողացան օգտվել այդ փոքրամասնություններից, որպեսզի դժգոհության ալիքի վրա շահեն խորհրդարանական ընտրությունները, որ հետո միավորեն այդ երկրները: Նրանք կարողացան վերականգնել Խորհրդային Միությունը: Բայց հիմա նրանք ընտրել են տանկերը, և դրանում է սխալը:

Ինչ վերաբերում է ուկրաինական ճգնաժամում Միացյալ Նահանգների դերակատությանը, Լեհաստանի էքս-նախագահը գտնում է, որ ԱՄՆ-ը պետք է խաղաղություն ապահովեր Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև.

-ԱՄՆ-ը պետք է պատերազմ չձեռնարկեր, այլ օգներ մեզ` լուծում գտնել: Եվ` մեզ ու Ուկրաինային պարտքով մի քիչ հրթիռներ տար:

Հուսանք, որ հրթիռային այս մարտականությամբ համակված չեն գերտերությունները: Խնդիրը ոչ թե ու ոչ միայն Ռուսաստանն է: Բացահայտ է այլևս, որ Երկիր մոլորակի նոր քարտեզ է գծվում, և հզորները ձգտում են հնարավորինս մեծ պատառ պոկել` իրենց տիրույթներն ընդարձակելու: Իսկ երկրային կյանքը վայելելու համար աշխարհ եկած շարքային մահկանացուներին ընդամենը (՞) խաղաղություն է պետք: