Ու մինչև ե՞րբ


Շատ էի լսել, որ այսօր հնարավոր չէ վստահ լինել, թե Հայփոստի միջոցով առաքած նամակը կամ ծանրոցը անձեռնմխելի է և ապահով ու անվնաս հասնում է հասցեատիրոջը: Բայց չէի պատկերացնում, թե մեր օրերում հնարավոր է, որ Հայփոստի աշխատակիցները կարող են այն աստիճան «հետաքրքրասեր» լինել, որ նախքան հասցեատիրոջը հանձնելը պարզապես «քրքրեն» ծանրոցները, ստուգեն դրանց պարունակությունը: Բայց այդ մասին պատմություններ լսելը մի բան է, իսկ անձամբ առնչվել այդ փաստին` այլ:

Վերջերս ինձ զանգահարեցին ու տեղեկացրեցին, որ ծանրոց ունեմ ստանալու, ասացին նաև այն առաքողի անունը. Ֆրանսիայում բնակվող իմ բարեկամն էր: Անսպասելի էր ու անկեղծ` նաև հաճելի: Բայց բարեկամիս պարգևած հաճելի րոպեները միանգամից հօդս ցնդեցին, երբ Հայփոստի բաժանմունքում գեղեցիկ, ջահել աշխատակցուհին ծանրոցը ինձ մեկնելով մեղավոր ձայնով ասաց, թե տեղ հասցնելու ճանապարհին փաթեթավորումը մի փոքր վնասվել է, բայց միջինը անվնաս է: Հետո պարզվեց, որ փաթեթավորումը ոչ թե մի փոքր վնասվել է, այլ մի «հետաքրքրասեր» պարզապես մի կողքից պատռել է փաթեթավորումն ու ստուգել պարունակությունը:

Հարևանս, որ երևում է` հաճախ էր առնչվել նման անակնկալների, փորձառու հայացքով գնահատեց պատռված փաթեթն ու վստահորեն հուշեց. ինչ-որ մեկը կարծել է, թե փող կա փաթեթում ու փորձել է այն հանել: Զայրույթս ու նաև զարմանքս ավելի սաստկացավ. մի՞թե մեր օրերում դեռ կան մարդիկ, որ չգիտեն` գումար առաքելու ավելի վստահելի միջոցներ գոյություն ունեն: Ցավոք, չէի կարող հետևել փաթեթը ստանալուց հրաժարվելու փորձառու հարևանիս խորհրդին. Փարիզից բարեկամս իր հեղինակած գրքերն էր ուղարկել, և դրանք ինձ համար նյութականից շատ ավելի մեծ արժեք էին ներկայացնում:

Հետո երկար մտորում, հիշում էի փոստատարի մարդասիրական մասնագիտության մասին երեխա ժամանակ լսած ու դիտած պատմություններն ու մուլտֆիլմերը, մտածում էի` հիմա էլ փոստատարը երևի իրեն լավ է զգում, երբ հասցեատիրոջն է հասցնում զինվորի նամակները… Ու դրա կողքին, սակայն, տրամաբանությանս ոչ մի կերպ չէր տեղավորվում բարեկամիցս ստացված փաթեթի պատմությունը: Ուրեմն Հայփոստին վստահել չի՞ կարելի, օրը ցերեկով այնտեղ կարող են պարզապես կողոպտե՞լ քեզ (առնվազն` կողոպտելու փորձ կատարել): Իրո՞ք մեր արժեքային համակարգն այդ աստիճան անկում է ապրել, այսպես ո՞ւր ենք գնում...

Անպատասխան հարցականների այս շարքը կարծես վերջ չունի, բայց մինչև ե՞րբ..