Սպասարկել ազգային շահը
Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆՆ ասում է, որ արտաքին հարաբերությունների հարցերում չի կարելի նստել թախտին և սպասել բախտին: Պետք է պատկերացնել մեր երկրի շահը, ձևակերպել և պահանջել իշխանությունից ու ընդդիմությունից` սպասարկել ա´յդ շահը:
- Այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում մարտահրավեր է ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ աշխարհին: Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության դեմ միջազգային կոալիցիայի շրջանակներում Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայում զինում և վարժեցնում է քրդական զինված ուժերին և Իրաքի պետական բանակին, ինչպես նաև Սիրիայի աշխարհիկ` ոչ իսլամիստական ընդդիմությանը: Իրենց ջանքերը համադրում են նաև ԱՄՆ-ը և Իրանը: Հատկանշական է, որ սունի իսլամի հետևորդների կողմից ձևավորված` Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության դեմ միջազգային դաշինքում ներգրաված են նաև սունի արաբական պետությունները` Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Բահրենն ու Հորդանանը: Բայց աշխարհը համոզված է, և այդ մասին նաև արտահայտվել են առաջատար պետությունների ղեկավարները, որ ողջ մոլորակին նետված այս մարտահրավերը կարճաժամկետ հեռանկարում լուծման խնդիր չէ:
- Իսկ Մերձավոր Արևելքում կատարվողն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ, ի՞նչ փոփոխությունների կարող է հանգեցնել տարածաշրջանում :
- Կարող ենք ասել, որ Մերձավոր Արևելքը թևակոխել է տևական դեստաբիլիզացիայի փուլ: Դրա արդյունքում այնտեղ գործ ենք ունենալու թույլ պետությունների` Սիրիայի, Իրաքի հետ: Նաև Թուրքիայի դրությունն է դառնում խիստ խնդրահարույց: Անկարան որդեգրել է երկակի մոտեցում: Տևական ժամանակ այն զինում և ֆինանսավորում էր Սիրիայում Ասադի ռեժիմի դեմ պայքարող խմբավորումներին: Եվ այդ հովանավորումից էլ ծագեց այս Իսլամական պետություն ահաբեկչական շարժումը` դուրս գալով բոլորի, այդ թվում նաև Թուրքիայի հսկողությունից: Վերջինս էլ, եթե համեմատենք իր հնարավորությունների հետ, ձեռնպահ է մնում այնտեղ ակտիվ միջամտութ յունից:
Ի դեպ, Իսլամական պետության ձեռքում եղած նավթային պոտենցիալը ապահովում է ֆինանսական հոսքերը ի հաշիվ նրա, որ իսլամիստներն այդ նավթը մաքսանենգ ճանապարհով վաճառում են Թուրքիային:
- Ուելսում` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիայի դիրքերը նկատելիորեն թուլացան, թուրք-ամերիկյան հարաբերությունները հետընթաց ապրեցին: Զուգահեռ` կարծես մեծանում է ԱՄՆ-ի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ: Դրա մասին է խոսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից անմիջապես հետո այդ երկրի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների հանդիպումը Երևանում` մեր պաշտպանության նախարարի հետ: Այս ամենը ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ տարածաշրջանում Հայաստանի ունեցած դերի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա:
- Թուրքիայում ներկայումս տեղի են ունենում բավական բարդ պրոցեսներ: Համենայն դեպս, Թուրքիայի հանրապետությունն այնպիսին, ինչպիսին ստեղծվել էր Աթաթուրքի կողմից, այլևս չկա: Թե ինչ է առաջանում դրա տեղը` առայժմ հայտնի չէ. նույնիսկ էրդողանը հստակ չի պատկերացնում, թե ինքն ինչ է ուզում ստեղծել: Կարելի է խոսել ընդամենը նկատվող միտումների մասին, որոնք դրական չեն: Իսկ միակ դրականն այն է, որ Թուրքիան այսօր տնտեսական վերելք է ապրում: Բայց քաղաքական առումով մենք տեսնում ենք ավտորիտարիզմի աճ, իշխանության կողմից քաղաքացիական հասարակության բռնաճնշումների աճ, ընդդիմության թուլություն, ինչպես նաև իսլամիզացիայի աճ, արևմտյան արժեքներից հեռացում: Մինչդեռ Թուրքիայի եվրոպականացումը երկրի հանրապետության ստեղծման հիմքն էր: Այդ ամենից նահանջ է արձանագրվում. այնտեղ այսօր գլուխ է բարձրացնում նեոօսմանիզմը` կայսերապաշտությունը, այն, ինչը մերժելի էր Աթաթուրքի ստեղծած Թուրքիայի կողմից:
- Վերջերս Թուրքիայի խորհրդարանն ընդունեց որոշում` թույլ տալ օտարերկրյա զորքերի ներկայությունը Թուրքիայի տարածքում: Սա արդյո՞ք չի նշանակում, որ պաշտոնական Անկարան միանում է Իսլամական պետության դեմ միջազգային կոալիցիային` այդպիսով փորձելով վերականգնել Արևմուտքի վստահությունն իր նկատմամբ :
- Այդ որոշումը ուղղակի քայլ է` գործադիր իշխանության մանևրելու ընդլայնմանն օժանդակելու համար: Դա չի նշանակում, որ Թուրքիան իր ամբողջ ներուժով կներգրավվի այդ հակաահաբեկչական պայքարի մեջ: Հարվարդի համալսարանում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն ասաց, որ խնդիրը բարդանում է այնքանով, որ Միացյալ Նահանգների դաշնակիցներն են ժամանակին նպաստել Իսլամական պետության վերելքին` այդ դաշնակիցների շարքում առաջինը նշելով Թուրքիան:
- Խորհրդարանի որոշումը Թուրքիայի հերթական քաղաքական խաղերից է, այո՞:
- Խաղում են բոլորն ի վերջո: Բայց խորհրդարանի կողմից այդ գործողությունների թույլտվությունը դեռ չի նշանակում, թե այդ գործողությունները կլինեն: Այդ գործողությունները կլինեն այնքանով, որքանով Թուրքիան կպատկերացնի, որ դրանք իր շահերից են բխում:
- Վերջերս Բաքվում մեկնարկեց 40-42 մլրդ ԱՄՆ դոլոր արժողությամբ նոր գազամուղի շինարարությունը, որի մեջ Ադրբեջանը և Թուրքիան մտադիր են մեծ մասնաբաժին ունենալ: Նկատվում է, որ Եվրոպան այնքան էլ շահագրգռված չի այդ գազամուղով, չնայած` հավելյալ գազի կարիք այնուամենայնիվ ունի: Այդ գազամուղն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանում երկրների, մասնավորապես Հայաստանի ունեցած դիրքի ու նշանակության վրա: Չէ՞ որ ասում են` էներգակիրները մեծ նշանակություն ունեն աշխարհաքաղաքականության մեջ:
- Նավթը փող է, իսկ գազը ոչ միայն փող է, այլև քաղաքական լուրջ լծակ, մանավանդ եթե խոսքը գազամուղի մասին է: Հաշվի առնելով, որ Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունները զգալիորեն վատթարացել են, և դրանում զգալի նշանակություն ունի նաև գազի գործոնը, ապա Եվրոպան ձգտելու է դիվերսիֆիկացնել իր գազամատակարարումները, որպեսզի թուլացնի իր կախվածությունը Ռուսաստանից: Այս խնդրի լուծման երկու ճանապարհ կա: Մեկը` որ Եվրոպան փորձելու է գործի դնել ալտերնատիվ գազամուղների տարբերակները: Երկրորդ տարբերակը` փորձել հեղուկացված գազի մատակարարումներ ապահովել հատկապես Միացյալ Նահանգներից, Պարսից ծոցի երկրներից` Քաթարից, Բահրենից, Սաուդյան Արաբիայից: Պետք չէ թերագնահատել այդ նոր նախագծի նշանակությունը, բայց նաև գերագնահատել էլ պետք չէ: Այնպես չէ, որ Եվրոպան ռուսական գազային շանտաժից խուսափելու համար մտադիր է ընկնել թուրքական շանտաժի տակ: Մանավանդ` հաշվի առնելով, որ շատ դեպքերում Ռուսաստանն ու Թուրքիան գործում են տանդեմի եղանակով և համատեղ ջանքերով տորբեդահարում են Եվրոպայի ցանկացած նախաձեռնություն: Համենայն դեպս մինչ այժմ չենք լսել, որ Թուրքիան որևէ բառ ասած լինի Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին միանալու մասին: Ավելին, Թուրքիան ասում է, որ կօգտվի այդ պատժամիջոցներից և կմեծացնի իր արտահանումը Ռուսաստան, ինչը ամենևին էլ չի խոսում Թուրքիայի` որպես Արևմուտքի դաշնակցի դրական կերպարի մասին:
- Վաղը` հոկտեմբերի 10-ին, նախատեսված է Հայաստանի անդամակցումը Եվրասիական Միությանը: Այդ առումով ի՞նչ կանխատեսումներ ունեք մեր երկրի վերաբերյալ:
- Մեր արտաքին քաղաքականությունն այն աստիճան բարձիթողի վիճակի է հասել, որ շատ քիչ է կախված Հայաստանից, թե վաղը ինչ կլինի - ինչ չի լինի: Ավելի շատ կախված է նրանից, թե այդ Եվրասիական Միություն կոչվածի մնացած անդամներն ինչ դիրքորոշում կունենան Հայաստանի անդամակցության հարցում: Շատ հասկանալի է, որ Բելառուսն ու Ղազախստանը ներկայում փորձում են զարգացնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի հետ ինտեգրվելը նշանակում է, որ ինքդ ես հայտնվում այդ պատժամիջոցների ներքո: Մյուս կողմից` այդ Եվրասիական Միությունը ոչ միայն ապագա, այլև ներկա չունի:
- Բայց գնալով այդ քայլին, Սերժ Սարգսյանը գրեթե բացահայտ խոսեց այդպիսով Հայաստանի անվտանգությունն ապահովելու մասին: Գուցե նաև նկատի ուներ, որ հակառակ պարագայում Ռուսաստանից կարելի էր ագրեսիա՞ սպասել:
- Դա էլ հեռու չի իրականությունից, որովհետև ունենք Ուկրաինայի օրինակը: Հայաստանը շատ անգամ ավելի խոցելի է, քան Ուկրաինան: Եվրասիական Միությունից հրաժարվելու դեպքում Հայաստանը Ղարաբաղի հետ միասին կվերածվի Դոնբասի: Այդպիսի սպառնալիքներ այսօր էլ բացահայտ հնչում են Պուտինի մերձավոր քաղաքագետներից, փորձագետներից, մամուլից: Այդ թվում նաև Երևանում Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղարը, որ 2013թ. նախքան սեպտեմբերի 3-ը ասաց, որ Հայաստանին սպառնում են սոցիալական խժդժություններ հոկտեմբեր ամսին: Դա Վիլնյուսի գագաթնաժողովից մեկ ամիս առաջ էր և փաստորեն, դեղին քարտ էր Հայաստանին:
- Շնորհակալություն զրույցի համար:
ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Հարցազրույցն արդեն պատրաստ էր, երբ տեղեկատվություն ստացվեց, որ ֆրանսիական և գերմանական խոշոր ընկերություններ հրաժարվել են մասնակցել Ադրբեջանի և Թուրքիայի ձեռնարկած` նոր գազամուղի շինարարությանը: ԶԼՄ-ները հաղորդում են, որ դա խուճապ է առաջացրել Բաքվի իշխանությունների շրջանում. վերջիններս մտավախություն ունեն, թե եվրոպական ընկերությունների հիշյալ հրաժարումը վկայում է, որ Արևմուտքը մտադիր է առաջիկայում լծվել Ադրբեջանի քայքայման գործընթացին: