Մշակութային կամուրջ


1672 թ. Անիից գաղթած մոտ 3000 հայկական ընտանիք իշխան Ապահինիհայի հովանավորությամբ հաստատվեց Տրանսիլվանիայում, որտեղ ստեղծվեցին Արմենուպոլիս Գերլրայի և Եղիսաբեդուպոլիս հայաքաղաքները: Հայ-հունգարական բարեկամությունը խորհրդանշող հուշակոթողը դրված է Շոպրոնում, որի հեղինակն է հայտնի քանդակագործ Սարգիս Բաղդասարյանը: Այսօր Հունգարիայում գրանցված 13 ազգային փոքրամասնությունների թվում իր ուրույն տեղն է գրավում հայկական համայնքն իր 3000 անդամներով (վերջին մարդահամարի տվյալներով): Իշեկուց ընտանիքն ամենաճանաչվածներից է, որի ներկայացուցիչ Շարլոտա Իշեկուցը Բուդապեշտի հայ համայնքի ղեկավարն է, միաժամանակ նաև Տրանսիլվանիայում գործող «Հայ արմատներ» հասարակական կազմակերպության նախագահը: Կազմակերպությունն իր առաքելությունն է համարում նպաստել բարեկամ երկու երկրներում մշակութային արժեքների տարածմանն ու հարաբերությունների ամրապնդմանը: Այս առումով լուրջ անելիքներ ունի նաև հայ-հունգարական ընկերակցությունը (նախագահ` Անահիտ Սիմոնյան): Այդ նպատակով վերջին 12 տարիների ընթացքում կազմակերպությունը հունգարացի արվեստասերներին տարբեր թեմաներով (ձեռագրերի, ազգագրության, մշակույթի վերաբերյալ և այլն) 60 ցուցահանդես է հրամցրել: Մեր նախնիները պատմությունը պահ են տվել մագաղաթներին, որոնց մի մասը պահպանվում է Վատիկանում: «Հայ արմատներ» հասարակական կազմակերպությունն այդ ձեռագրերից 3-ի կրկնօրինակները (Եղիսաբեդուպոլսի քաղաքային մատյանների գրագրությունները ) նվիրել է Մատենադարանին և պատմամշակութային թեմաներով հունգարերեն այլ գրքեր` Ազգային գրադարանին, Գիտությունների Ակադեմիային: Հաճելի անակնկալ էր տեղեկատվությունը, որ Ազգային գրադարանում հյուրընկալված հունգարաբնակ հյուրերն արմատով մեր պատմական Անիից էին, ծագումով հայ, ովքեր, հիրավի, նվիրյալներ են ու ամեն կերպ փորձում են պահպանել հայեցի կեցվածքը, ազգային մշակույթը:

Արմինե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ