Հայկական նկարագրով ու հոգեկերտվածքով


Արձակագիր Ալիս Հովհաննիսյանը այսօր հպարտությամբ է խոսում իր անցած ուղու մասին: Եղել է լրագրող, աշխատել է «Էկրան» ամսագրի, «Ֆիլմ», «Գեղարվեստ» և «Հայություն» թերթերի խմբագրություններում: Զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ: Բայց երբեք չի դադարել ստեղծագործել: Գրական անդաստան նրա մուտքը փոքր-ինչ ուշացած էր, բայց հաղթական: Այսօր արդեն ընթերցողի սեղանին են Ա. Հովհաննիսյանի 5 գրքերը` «Թանաքագույն առավոտներ» (1988 թ.), «Սիրո քնքուշ հեքիաթ» (1995 թ.), «Դարձ նավահանգիստ» (2001 թ.), «Օղակը փակվում է» (2003 թ.), «Թունելից վախեցող գնացքը» (2004 թ.): Արձակագրի 60-ամյա հոբելյանը նշանավորվեց նաև Գրողների միության «Գրական վաստակի» հուշամեդալի շնորհումով: Ի դեպ, նա միակ կին գրողն է, ով արժանացել է այդ պարգևին: ...Աշխույժ ու փոքր-ինչ շատախոս աղջնակ էր Ալիսը: Նրան լռեցնելու համար տատիկները քաղցրավենիք էին տալիս: Մի օր էլ լռեց ու իր փոխարեն խոսեցին նրա գրքերը. - Ես 60-ականների սերունդն եմ, բայց այդ շրջանում աղմուկ հանած մյուս գրողների հետ չեմ մասնակցել նրանց գրական կյանքին: Նրանք իմ ընկերներն են, իմ սիրելի բանաստեղծներն ու արձակագիրները, սակայն ես մի փոքր ավելի ուշ եմ գրական ասպարեզ իջել` 80-ականներին,- ասում է արձակագիրը: Տարիները գինուն տալիս են թանձրություն և յուրահատուկ համ: Տարիներ շարունակ արձակագրի հոգում կուտակվածը թունդ էր` հին գինու պես և մի օր պիտի ժայթքեր հրաբուխի նման: Եվ պոռթկումը չուշացավ... ...Հայն առեղծված է: Հայ-առեղծվածին բացահայտելու համար պետք է հմուտ հոգեբան լինել: Ալիս Հովհաննիսյանի գրիչը շերտ-շերտ բացում է հայի հոգին, վիրաբույժի զգուշությամբ դիպչում ցավոտ կողմերին ու փորձում բուժել վերքերը: Արձակագիրը հոգու ամենանվիրական թելերով կապված է Գյումրիի հետ. գյումրեցու ապրած աղետալի օրերի դժբախտությո՞ւնն է պատճառը, այնտեղ անցած իր կյանքի երկու տարի՞ն, թե՞ մի ուրիշ բան` դժվար է ասել: «Ձեր ոտքերը դնելու տեղ չեք գտնի Գյումրիում կամ Վանաձորում, Սպիտակում կամ Ապարանում: Իսկ մերոնք ցատկոտելով ու պարելով են գնում իրենց պայթուցիկ ճամփեքով: Փորձե°ք նրանց բարոյականություն քարոզել, ձե°ր բարոյականությունը: Ակնածանքով կտմբտմբացնեն գլուխները, կցավեցնեն իրենց սրտերը, բայց ստիպված կլինեն ծուռ դնել իրենց ոտքերը, քանի որ ուղիղ դնելով` կարող են անժամանակ դիպչել ռումբին...»: Ալիս Հովհաննիսյանի ստեղծագործություններում («Սակրավորներ») կարևոր դեր է խաղում հայ կինն իր հոգսերով: Այնտեղ յուրաքանչյուրը կարող է ճանաչել իրեն: Մարդկային հոգեբանության քաջ գիտակ լինելով, գրողը սակայն, դժվարանում է խոսել իր մասին: Գուցե դրա կարիքը չկա էլ, քանի որ այդ անում են իր գրչակից ընկերներն ու մտերիմները. նրա մասին խոսում են անսահման սիրով ու ջերմությամբ` որպես նվիրված ու հոգատար կնոջ, տաղանդավոր արձակագրի: Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի դիպուկ արտահայտությունը ամբողջացնում է Ալիս Հովհաննիսյան-արվեստագետի նկարագիրը. «Ալիսը մեր գրական դաշտում նման է տարաշխարհիկ մի ծաղկի: Տարաշխարհիկ, բայց խորապես հայկական համուհոտով, հայկական նկարագրով ու հոգեկերտվածքով: Նա գրական հայտ ներկայացրեց մեկ տասնամյակ հապաղումով, և դա իր` իբրև գրականության նվիրյալի, ներքին երկյուղածությունն ու խոնարհումն է գրականության հանդեպ»:

Հայկանուշ ԹՈՐՈՍՅԱՆ