Էներգետիկայի երախտավորը


Լրացավ ճանաչված գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Դերենիկ Թորգոմի Արշակյանի ծննդյան 70-ամյակը: Դ. Արշակյանը ծնվել է 1936 թ. հոկտեմբերի 20-ին, Եղվարդում: 1957 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (այժմ` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան` ՀՊՃՀ): 1958 թ. մինչև 1961 թ. աշխատել է ՀՀ ԳԱԱ էներգետիկայի և հիդրավլիկայի ինստիտուտում: 1961 թ. մինչև 1964 թ. սովորել է Մոսկվայի կառավարման պետական ինստիտուտի ասպիրանտուրայում, որտեղ պաշտպանել է թեկնածուական թեզը: 1967 թ. ստացել է ավագ գիտաշխատողի, իսկ 1968 թ.` դոցենտի գիտական կոչում: Որպես «Սևանի պրոբլեմի համալիր հետազոտությունները» հեռահար աշխատության համահեղինակ` 1963 թ. արժանացել է Գ. Մ. Կրժիժանովսկու անվան մրցանակի: 1971 թ. կազմակերպել և ղեկավարել է հետազոտություններ միջուկային էներգետիկայի զարգացման գծով: 1973 թ. նախկին ԽՍՀՄ էներգետիկայի և էլեկտրիֆիկացման նախարարության «Էներգիա» գիտաարտադրական միավորումում կազմակերպել է ատոմային էներգետիկայի հայկական գիտահետազոտական բաժինը (այժմ` «Հայատոմ» ԳՀԻ): 1985 թ. նրան շնորհվել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 1989 թ.` պրոֆեսորի կոչում: 1983 թ. մինչև 1996 թ. ղեկավարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի վառելիքաէներգետիկ համալիրի օպտիմալ կառուցվածքի զարգացման բաժինը: Որպես էներգետիկայի Եվրոպական հանձնաժողովի անկախ փորձագետ` մասնակցել է ԱՊՀ և եվրոպական երկրների էներգետի կայի զարգացման առաջարկությունների փորձաքննության աշխատանքներին: Հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատությունների, որոնք հիմնականում առնչվում են էներգետիկայի զարգացման հարցերին: ՀՊՃՀ-ում գործող դոկտորական գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի անդամ է: Նրա ղեկավարությամբ բազմաթիվ ասպիրանտներ կատարել և պաշտպանել են թեկնածուական թեզեր: Պրոֆեսոր Դ. Արշակյանը գիտական հետազոտություններից բացի դասախոսություններ է կարդում ՀՊՃՀ-ի էներգետիկայի դեպարտամենտի ուսանողության համար: Նա հեղինակ է բազմաթիվ մենագրությունների և ուսումնական ձեռնարկների: 1981 թ. հրատարակված «Ջերմային էլեկտրական կայաններ» գիրքը սեղանի գիրք է ոչ միայն ուսանողների, այլև ճարտարագետների համար: Ներկայումս Դ. Արշակյանը շարունակում է իր աշխատանքը գիտական նոր խնդիրների լուծման և ճարտարագիտական կրթության զարգացման ասպարեզներում: Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ Տեխնիկական գիտությունների թեկնածու