Տոնական մեկնարկ


Դժվար է մեր խառնակ օրերում, ծայրահեղորեն քաղաքականացվող ամենակուլ միջավայրում, անհոգ զվարճություն պարգևել մեծերի խրթին գործերից անտեղյակ մանուկներին ու պատանիներին: Փառատոնի բացման արարողության տոնակատարությունը զերծ էր մնացել այդ դժվարության որևէ արտահայտությունից: Երգ ու պարով, անհոգ ծիծաղով, գույնզգույն ու տրամադրող ձևավորման մեջ մասնակիցները կարողացան բեռնաթափվել առօրյա սրտամաշուկ հոգսերի ճնշումից և վարակել իրենց անմիջական, ինքնաբուխ ուրախությամբ բոլոր հրավիրվածներին` առանց տարիքային սահմանափակման, անկախ պաշտոնական ու սոցիալ-քաղաքական շերտավորման մեջ զբաղեցրած դիրքից. ամենքն էին ակամա մանկացել: Եվ «Մոսկվա» կինոթատրոնի մուտքի մոտ սկիզբ առած տոնական զվարթությունը դյուրությամբ փոխադրվեց կինոսրահ` հակիրճ ծանոթացնելով կազմակերպիչների գործունեությանը` հույս ներշնչեց, որ կինոդիտումների բազմազան գույներով հագեցած ծրագիրը հարստացնելու է խստապահանջ, սարքովիություն ու արհեստականություն չհանդուրժող հանդիսատեսին հոգևոր-բարոյական նոր իմպուլսներով, պարզորոշ պատկերացում է տալու արդի կինոաշխարհում գոյություն ունեցող տենդենցների, մտածողության ու արժեքների մասին: