ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ 60


Առեղծվածային ու անսպառ է թատրոնի մոգական ուժը: Ժամանակների դաժան «գրաքննությանը» զարմանալի տոկունությամբ դիմագրավող: Այդուհանդերձ, արվեստներից ամենադաժանը հենց թատերականի ճակատագիրն է: (Բարձրարժեք գիրքը, գեղանկարչական կտավը, քանդակը, ճարտարապետական կոթողը, կինոֆիլմը շատ ավելի բախտավոր ու երկարակյաց են): Այն ծնվում է և մեռնում յուրաքանչյուր ներկայացման հետ: Հանդիսատեսը, կենդանի ներգործության անմիջական տպավորությամբ, որոշ ժամանակ պահպանում է լավագույն ներկայացումներից, դերակատարումներից ստացած հիշողությունները` չկարողանալով դրանցով նույնչափ վարակել հաջորդ սերունդներին: Լեգենդ են դառնում ու պատմության փոշով պատվում նույնիսկ ամենաերևելի արտիստական անհատականությունների անունները: Ոչ մի լուսանկար, ոչ մի տեսաժապավեն ի զորու չէ փոխանցել այդ պահին ծնված ու քիչ անց մահացող թատրոնական հրաշքի ողջ անզուգական կախարդանքը: Մնում է ապավինել ու հավատալ ականատեսների գրավոր վկայություններին: Ուստի` որոշեցինք ՀՀ ժողովրդական արտիստ, Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ 60-ամյա հոբելյանի առթիվ առաջ ընկնել ուշացած շնորհավորողներից ու մատուցել ամենամնայուն նվերը` միջազգային ճանաչում ստացած բեմադրություններից մեկի անկեղծ գնահատականը` ձեռք բերած բազմաթիվ մրցանակների ու պատվավոր կոչումների իրական հավաստիքը: Նորարարական ինքնատիպ մտածողությամբ բեմադրիչին մաղթում ենք իր թատրոնական դիմանկարը հարստացնող, հիասթափություն ներ բացառող շռնդալից պրեմիերաներ: Իր «Բեռնարդա Ալբայի տունը» պիեսը Ֆեդերիկո Գարսիա Լորկան բնորոշել է որպես դրամա իսպանական գյուղերի կանանց կյանքից` հավատացնելով, որ ինքը փաստագրական, լուսանկարչական ճշգրտությամբ է վերարտադրել այն: Վերընթերցելով յոթ տասնամյակ առաջ գրված այս գործը` ներքուստ փշաքաղվում ես պարզ նկարագրական տողերից հորդացող դրամատիկ լարվածությունից, դժվարանում համոզել ինքդ քեզ, որ մարդ արարածի այդպիսի հրեշավոր, բռնարգելափակված կեցությունը զուտ գրողական երևակայության պտուղ չէ: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմի վրա ստեղծված հյուսկեն վանդակված կամերային միջավայրում, հիշատակման աղոթք հիշեցնող իսպաներեն խոսքի ու երաժշտության անսովոր ազդեցությամբ, առաջին իսկ տեսարաններից քեզ զգում ես սգազգեստ կանանց խմբի զուսպ ու ժլատ, ներքին խռովքը բացահայտող բեմական անցուդարձում ներգրավված: Անսպասելի բռնկվում ու մարում է առլեկինի նման շպարված Մարիա Խոսեֆայի (Ժենյա Մկրտումյան) խելագար քրքիջը: Հետո ես գլխի ընկնում, որ դա «Բեռնարդան և նրա աղջիկները» ներկայացման տրամաբանական վախճանի նախանշանն է: Բայց հենց սկզբից, Պոնսիայի (Գրետա Մեջլումյան) և Պրուդենսիայի (Ջուլիետա Բաբայան) երկխոսությունից, պարզ է դառնում, որ դրսի աշխարհից արհեստականորեն մեկուսացված այս կացարանի բնակիչների համար մի ռեալ փրկություն կա միայն` ֆիզիկական մահը, և առաջին «երջանիկը» ցուրտ հողի տակ կնոջ ծեծ ու ջարդից ապահովություն գտած Անտոնիո Մարիա Բենավիդեսն է` Բեռնարդայի երկրորդ ամուսինը: Մեղմ ասած` տարօրինակ են բարքերը իսպանական այս գյուղում: Տղամարդկանց «դեֆիցիտի» պարագայում տեղի կանայք, էգի սրված բնազդով, պայքարում են քիչ թե շատ արժանավոր կամ հուսալի որևէ արուի ձեռք գցելու համար: Եթե հրաշքով հաջողեցնում են ամուսնանալ, հարսանիքից ընդամենը երկու շաբաթ անց ստիպված են լինում բավարարել ամուսնու կենսական սոսկ մեկ պահանջը` որկորայինը, ապա` կամ ընտելանում են նրա հարբեցողությանը, կամ էլ ապավինում են զգայական հաճույքներից ամենատարածվածին` ծեծին: Այդուամենայնիվ, հասունացող աղջիկները խնամքով նախապատրաստում են իրենց օժիտը` փայփայելով երբևէ հարսանեկան զգեստ հագնելու երազանքը: Ահա և խորհուրդը բեմի խորքում ցուցադրված հինգ հարսանեկան հանդերձների, որոնց ետևում ժամանակ առ ժամանակ հայտնվում են Բեռնարդայի հինգ աղջիկները, նույնիսկ մայրը` աստիճանաբար ավելի հուսահատ ծածանելով դրանք: Հոր մահվան առիթով հայտարարված ութը տարվա սգից հետո նրանց մնում է տատի նման խենթանալ անձնական երջանկության բավարարություն չգտած ցնորքից: Պատահաբար չէ, որ ենթագիտակցական զգացական, մոր հսկողությունից դուրս մնացած, անուրջների խաղաղավետ պահերին, անզոր հաղթահարելու առերևույթ շղարշային թեթևություն ունեցող, անմարդկային դոգմաներով անառիկ մնացող վանդակաճաղերը, գգվում-փարվում են զառամյալ հասակում դեռևս սիրո հրաշքին հավատացող Մարիա Խոսեֆային: Սիրտդ ուռչում է սիրակարոտ ու նրբազգաց այս արարածների անհավատալիորեն դաժան կենսապայմաններում ահագնացող հոգեկան դրամայի գնալով ավելի ներազդու դարձող արտահայտություններից: Անկեղծ կարեկցանքով ես լցվում տրագիկոմիկական շտրիխներով ու քնարական ողբերգականությամբ ընդհանուր խմբից առանձնացող Ժենյա Մկրտումյանի Մարիա Խոսեֆայի. տուն-տունիկ խաղացող աղջնակի նման փոքրիկ հայելուց ու շրթներկից չբաժանվող, ամենավախվորած Ամելիայի (Ալլա Վարդանյան). անհանդուրժողականության պոռթկումները զսպելու և միաժամանակ ստրկացված վիճակին ըստ էության ընդդիմանալու անզոր, չարացած, բայց և հոգու խորքում բարեգութ Մագդալենայի (Աիդա Բաբաջանյան). բնության կանչով որպես պատուհաս բռնկված մարմնական սիրո ամեհի բոցերում անմնացորդ հրկիզվող Ադելայի (Անի Սարգսյան, Ագնեսա Շահնազարյան). ամուսնանալու առումով իր արտոնյալ վիճակից չարաղետ հանգամանքների բերումով չշահած Անգուստիասի (Անի Միքայելյան). բռնակալ մոր քմահաճույքով ռեալ շանսը կորցրած, բուռն կրքի չբավարարվածությունից նենգադավ արարքներում հաճույք որոնող Մարտիրիոյի (Սիրանույշ Եսայան). - բոլորի նկատմամբ: Ափսոսանք ու ցավ ես ապրում բոլորի թառամող կանացիության, խափանված սերերի, անիմաստ մոխրացման համար: Բայց հատկապես տրտմում ես կանանց պաշտամունքի առարկան դարձած Պեպե Հռոմեացու թվացյալ սպանությունից կայծակնահար Ադելայի ինքնասպանության փաստից` չներելով Մարտիրիոյին` լարած որոգայթի պատճառով: Ադելայի, որ ամենաերիտասարդն էր, հանդգնություն էր ունեցել ոտնահարել բռնակալ մոր կամքը և կուրորեն տրվել իր զգացմունքի կրքոտ հորձանքին` ավաղ, միայն իր անժամանակ մահով հաղթելով իրենց գյուղում, հայրական տանը հաստատված ու հարազատ մոր կողմից համառորեն պահպանվող դժնի վարքուբարքին: Մեջդ ահագնանում է բեմադրական հնարամտությամբ հարուցված ցասումը, մանավանդ, երբ տեսածդ համադրում ես ներկա հասարակական ու անձնական կեցությանդ դժոխային խավարի թանձրացման հետ: Եվ ուզում ես տագնապի ղողանջ հնչեցնել` մի ոտնահարեք, մարդիկ, կյանքի մատշաղ ծիլերը, մի բռնացեք մյուսների լիարժեք ապրելու բնական իրավունքի վրա, խնայեցեք գեթ ձեր ծնած կյանքերը: Եթե նույնիսկ կյանքն ինքն է ձեզ չարացրել, միևնույն է, մի փորձեք ուրիշի կյանքի գնով հագեցնել վրեժխնդրության ձեր մոլուցքը: Հասմիկ Ալեքսանյանի Բեռնարդայի մասին քիչ է ասել` չարության մարմնացում: Իր անկոտրում հպարտությամբ, բռնակալական պահվածքի իշխանատենչ դրսևորում ներով, շանթարձակ հայացքով նրա հերոսուհին զգուշավորության աներևույթ պատ է բարձրացնում ոչ միայն բեմական պատմության մասնակիցների, այլև հանդիսասրահի ու իր միջև: Իրենց ներաշխարհում մորը երկնագույն անուրջի մեջ երևակայող աղջիկների մտապատրանքը ներկայացնող տեսարանից ուզում ես խղճահարվել իր իսկ որդեգրած կենսակերպում նսեմացված այս Բեռնարդայի հանդեպ: Չես հասցնում: Եթե մի կարճատև ակնթարթ զուտ մարդկային, մայրական թուլության ինչ-ինչ նշույլներ է նկատելի դարձնում, շատ շուտով վերագտնում է իր կոբրայական ինքնավստահությունը` հաղթահարելով առանձնահատուկ ջանադրությամբ իրենում ճնշված մարդկային զգացմունքների, հատկանիշների ներքին ընդվզումը: Երբ Ադելայի հարսանեկան զգեստը ձեռքին, հանկարծահաս դժբախտությունից ասես խենթացած, ուժասպառ ընկնում է գետնին, այնուամենայնիվ, արդարացումներ ես որոնում. երկու ամուսնություններից չերջանկացած այս ֆուրիան գուցե թե թխսկան հավի հոգեբանությամբ փորձել է իր ճուտիկներին ազատագրել ապրած դառնություններից` ըստ իր հայեցողության ապահովագրելով նրանց կյանքերը վերահաս տառապանքներից: Բայց... Ամեն ինչի ծայրահեղը անկանխատեսելի հետևանքներ է ունենում, ուստի Բեռնարդան, երևի թե ակամա, դառնում է ոչ միայն աղջիկների, մոր, այլև հենց իր դահիճը` ուղիղ և անուղղակի իմաստով: Սիրանույշ Եսայանի Մարտիրիոն իր դատապարտված սիրո համար մահու-կենաց անզիջում ու նենգ պայքարող այդ խեղված կախարդը (հիշենք միայն «հարսանիք է, հարսանիք» չարագուշակ ծեսի տեսարանը), որ մահագուշակ ստվերի պես ակնդետ հետևում է Ադելային, թշնամության դանակ նետում հարազատ քրոջ ոտքերի առաջ, ամենավտանգավորն է Բեռնարդայի տան բնակիչներից: Ավելի վտանգավոր ու արգահատելի, քան հետաքրքրասեր կեղտոտ մռութը ամենքի սրտի գաղտնարանը խոթող, ամենուր աղբ փորփրող Պոնսիան: ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանի Պոնսիան` ծառայամտությունից կորացած մեջքով, տիրուհու զավակներին պատժելուն ծառայող գոտին այդ երկտակված մեջքին, խաղացկուն չար հայացքով, անեծք հորդացող խոսքով: Բեռնարդայի տան պահապան շունն է այս Պոնսիան, որ երեսնամյա վարժանքներով անթերի կատարում է իր անասնական պարտականությունները` մոռացած տուն ու ընտանիք, հանդուրժելով ամենաանողոք նվաստացումները. չեն ցամաքել միայն արցունքները, որ հայտնվում են ամեն անգամ, երբ Բեռնարդան սուր խայթոցներով հիշեցնում է հանգուցյալ մոր կասկածելի բարոյական նկարագրի մասին: «Անհնազանդության» հազվադեպ «ցույցերը» ավարտվում են խոսուն տեսարանով` Պոնսիան ինքն է ամրացնում վզին կապը ու մեղավոր շնիկի պահվածքով ծվարում Բեռնարդայի ոտքերի տակ: Աղջիկների հետ հարաբերություններում Մեջլումյանի Պոնսիան հիմնականում խրատական-բարեկամական կեցվածք է պահպանում, բայց դա չի խանգարում, որ ավարտական տեսարանում անճանաչելիորեն վերափոխվի: Տասնամյակների նրա ստորացումներից կուտակված վրեժխնդրության սրված պահանջը, ի վերջո, հատուցում է գտնում` Բեռնարդան տապալվում է գետնին` ինքն էլ դառնալով իր հաստատած բռնությունների օրինաչափ զոհը: Ո՜նց են փայլում Մեջլումյանի հերոսուհու աչքերը գերագույն հաճույքից, նույնիսկ ստորաքարշությունից երկտակված մեջքն է նկատելիորեն շտկվում` նա այլևս դրության տերն է և անվարան բազմում է Բեռնարդայի արտոնյալ աթոռին: ...Հանրածանոթ դրամատուրգիական երկերի բեմադրություններում փնտրել-գտնել-նորովի մատուցել դրանցում մշտառկա համամարդկայինը, բոլոր ժամանակների համար ուսանելին ու հրատապը` պահպանելով, իհարկե, հեղինակային տեքստի գաղափարական-բովանդակային ամբողջականությունը, մարդկային կեցության տվյալ նկարագրության ամենաբնութագրական կողմերը: Սա է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի թատրոնական հավատամքը, ինչի մասին պարզորոշ վկայում են նրա լավագույն աշխատանքները` Չեխովի «Երեք քույրը», Օստրովսկու «Անմեղ մեղավորները», Մուրացանի «Ռուզանը», Շանթի «Հին աստվածները»..., նաև` Շիրվանզադեի «Պատվի համարը»: Վերջինս արժանի է առանձին մանրակրկիտ վերլուծության, և շուտով ինքս կփորձեմ պատասխանել այս բեմադրության առիթով միտումնավոր սրված հարցականներին: Նախապես հայտնեմ դիրքորոշումս: Մայր թատրոնի արդի ստեղծագործական կազմում չունենալով արտիստական հզոր անհատականությունների երբեմնի աստղաբույլը, Շահվերդյանը բեմադրական կուռ մտածողությամբ կարողանում է առավելագույնս օգտագործել-բացահայտել ներկա դերասանախմբի կատարողական պոտենցիալը` ստեղծագործական հարուստ փորձի իմաստությամբ նորովի ուշագրավ դարձնելով ավագ սերնդի հանդիսատեսի հիշողության մեջ անգերազանցելի ստերեոտիպի դաջվածքով մնացած թատրոնական արժեքները: Միաժամանակ նա հետևողականորեն ու համբերատար հոգատարությամբ նոր սերունդ է աճեցնում: Սա ինձ համար նրա ամենամեծ ծառայությունն է արդի հայ թատրոնին: