ՍԱՆ ՍՏԵՖԱՆՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ ՄՈՍԿՎԱ .


«Վերցրեք մեր ձիերը. մենք կճարենք նորերը: Վերցրեք մեր կանանց. մենք կգտնենք ուրիշներին: Վերցրեք երեխաներին. մենք էլի կծնենք: Բայց հողերին մեր ձեռք չտաք»: Հոն իշխանները` Չինաստանին Սկիզբը` «Ավանգարդի» թիվ 36-40-ում Սան-Ստեֆանոյի (այսուհետ` Ս-Ս) հաշտության պայմանագիրը կազմելիս ռուսական կողմը, իմ կարծիքով, միանգամայն միտումնավոր կերպով այն վերնագրել էր որպես «նախնական»` նպատակ ունենալով հնարավորինս մեղմել Լոնդոնում և Վիեննայում աճող հակազդեցության ալիքը: Ռուսաստանում լավ էին հասկանում, որ Անգլիան և Ավստրո-Հունգարիան չեն համակերպվի օսմանյան կայսրության տիրապետությունից ազատագրված տարածքների տնօրինման հարցում իրենց միանձնյա դերակատարման հետ և հենց այդպիսով նրանց հասկացնել էին տալիս, որ, կոպիտ ասած, առևտրի տեղ է թողնված: Ս-Ս մինչև Բեռլինի վեհաժողովի ավարտն ընկած ճանապարհին այնքան շատ են առաջացող հարցերը, որ ես այսօր, պատրաստ չլինելով տալ դրանց բարձրակարգ գիտական պատասխանները, որոշեցի ուղղակի թվարկել նրանցից մի քանիսը: Ովքե՞ր էին Ս-Ս պայմանագրի հոդվածների, սահմանագծումների հեղինակները և ինչ սկզբունքներից էին նրանք ելել: Ի՞նչ դեպքեր և իրադարձություններ տեղ գտան գաղտնի դիվանագիտության բազմաթիվ ճակատներում փետրվարի 19-ից մինչև հուլիսի 1-ն ընկած գրեթե 4,5 ամիսների ընթացքում (ամսաթվերը տրված են հին տոմարով-Ռ. Ա.), և ովքե՞ր ու ինչպե՞ս էին մտադրվել կազմակերպել ու անցկացնել Բեռլինի վեհաժողովը: Նախնական ինչպիսի՞ ուղեբեռով տարբեր երկրների լիազոր ներկայացուցիչները բռնեցին Բեռլինի ճանապարհը և ի՞նչն ու ինչո՞ւ փոփոխությունների ենթարկեցին դրանք այնտեղ: Որո՞նք էին այդ վեհաժողովում իրական շարժիչ ուժերն, ու ինչպիսի՞ն էր վերջնական որոշումներ կայացնելու ներքին խոհանոցը: Ի՞նչ փաստարկներ ու հիմնավորումներ էին ծանրութեթև արվում եվրոպական մեծ քաղաքականությունը չափամասնող կշեռքի նժարների վրա, և որքա՞ն էին արժևորվում մարդկային գործոնի` անսասան կամքի կամ թուլակամության թողած հետևանքները: Ի՞նչ փոփոխություններ սաղմնավորեցին եվրոպական մայրցամաքում Բեռլինի վեհաժողովում կայացրած վճիռները, և ուժերի ինչպիսի՞ վերադասավորություններ տեղ գտան դրանից հետո: Ու էլի շատ ու շատ հարցեր. որոնց պատասխանները ոչ միայն համապարփակորեն ու խորապես տրված չեն հայ պատմագիտության կողմից, այլև անգամ իրապես չենք էլ անդրադարձել այդ ամենի դիտարկմանը: Ապշեցուցիչ է: Ինչքա՞ն կարելի է շարունակ կրկնել միևնույն բաները-բարենպաստ 16-րդ հոդվածը փոխարինվեց անբարենպաստ 61-րդ հոդվածով, տվեցին Կիպրոսը` առան Ասիական Թուրքիայում Անգլիայի զինված աջակցության երաշխիքները, հայ ժողովրդի ճակատագիրը սոսկ մանրադրամ էր մեծ տերությունների քաղաքական փոխհարաբերություններում, Խրիմյան Հայրիկն իր հայտնի «հարիսայով» ու այսպես անվերջ: Ես, իհարկե, առավել քան լավ գիտակցում եմ, որ այսօր համատարած կիրառվող 10-20 էջ անգիր անելու (առավել հավակնոտները մինչև 50-Ռ. Ա.) ու տարբեր դասավորությամբ ու հերթականությամբ շարունակ դրանք կրկնելու գործելակերպը շա՜տ ավելի դյուրին է, քան հազարավոր, անգամ տասնյակ հազարավոր հարցին առնչվող փաստաթղթերի հետ ծանոթանալը, անթիվ-անհամար մենագրությունների ու հոդվածների ընթերցումը, գործող անձանց հիշողություններին քաջատեղյակ լինելը: Այն էլ ասեմ, որ թվարկածս գրականության բացարձակ մեծամասնությունն այսօր գոյություն ունի բացառապես ու միայն ռուսերեն լեզվով: Ի՞նչ եմ ուզում ասել կամ ի՞նչ է հետևում ասվածից` միանշանակ այն, որ լինել Հայկական հարցի բարձրակարգ մասնագետ` առանց յուրացրած լինելու ողջ այդ ռուսալեզու գրականությունը, ոչ միայն գործնականում, այլև անգամ տեսականորեն հնարավոր չէ: Թե չէ ինչ-որ շատ են բազմացել հարցի անգլախոս ու այլախոս տիտղոսակիր «գիտակները», դեռ մեզ էլ համառորեն ուզում են ներարկել այն միտքը, թե մենք դեռ այնքա՜ն քիչ բան գիտենք և այնքան բան ունենք վերցնելու նրանցից: Որպեսզի ընթերցողի մոտ չթողնեմ այն` իրականությանը չհամապատասխանող տպավորությունը, թե ես քաջ ծանոթ եմ ողջ այդ գրականությանը, ասեմ. մոտավորապես այդպես, մի քիչ ավել, մի քիչ պակաս գիտեմ Հայկական հարցի հետ առնչվող միջազգային անցուդարձերը 1912-ից մինչև 1917 թվականը: Ասվածից հեշտությամբ կարող եք հետևություն անել, որ 1877-1912 և 1918-1921 թթ. ժամանակաշրջաններին տեղյակ եմ շատ ավելի պակաս չափով, քան կցանկանայի: Սա, այսպես ասած, խոստովանության կարգով, հիմա անցնենք առաջ: Ավստրո-Հունգարիան անափ ատելությամբ լցված հետևում էր ռուսական զորքերի փայլուն հաջողություններին Բալկաններում, և հենց նա էր, որ Ս-Ս պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո, մի կողմ դրած դիվանագիտական պատշաճ վարվելակարգի կանոնները, շանթ ու կրակ էր արձակում` պահանջելով եվրոպական վեհաժողովի հրավիրում վերը հիշատակված պայմանագրի հոդվածների վերաքննարկման համար: Ավելորդ է ասել, որ Անգլիան մեծ պատրաստակամությամբ սատարեց այդ պահանջին: Ես արդեն ասել եմ, որ Սերբիան և Ռումինիան տարբեր պատճառներով նույնպես ծայր աստիճան թշնամաբար էին տրամադրված Ս-Ս պայմանագրով նախատեսված տարածքային սահմանազատումների նկատմամբ: Ընդ որում, նրանցից երկրորդն այն աստիճան անզուսպ էր դրսևորում իր վերաբերմունքը, որ ռուսական կողմն ուղղակի ստիպված եղավ Բուխարեստ մտցնել 11-րդ կորպուսը, ինչից հետո քաղաքում եղած ռումինական զորքերը ցուցադրաբար հեռացան այնտեղից: Ռուս-ռումինական «արյունով ամրապնդված բարեկամությունից» հետք անգամ չէր մնացել: Բացառապես Ռուսաստանի դեմ ուղղված բոլոր այս քաղաքական բարդացումներն այն աստիճան ոգևորեցին Բարձր Դռանը, որ նրանք սկսեցին թաքուն նախապատրաստվել ռազմական գործողությունների վերսկսմանը` հապճեպորեն ամրացնելով Կ. Պոլսի շուրջ եղած պաշտպանական կառույցները, մայրաքաղաքում կենտրոնացնելով ձեռքի տակ եղած բոլոր ազատ զորամիավորումները, քայլեր ձեռնարկելով ռուսական զորքերի թիկունքում ստվար թուրքական բնակչություն ունեցող` հիմնականում լեռնային վայրերում զինված ելույթներ հրահրելու նպատակով: Ահա նման պայթյունավտանգ իրավիճակում ապրիլի վերջերին Գերմանիայի կանցլեր Բիսմարկն իր միջնորդությունն առաջարկեց` այն լիցքաթափելու համար: Այստեղ մեկ անգամ ևս ստիպված եմ խոստովանել, որ ես չունեմ այն հարցի պատասխանը, թե ինչու նվազագույն իսկ չափով չփորձելով կանխավ շոշափել գերմանական միջնորդի դիրքորոշման, այսպես ասած, տատանումների ընդգրկումը, ռուսական կողմը հապճեպորեն տվեց իր անվերապահ համաձայնությունը: Որքան էլ անհավատալի է, սակայն նման` լոկ սկսնակին հարիր անշրջահայաց գործելակերպի հեղինակը 1856-ից Ռուսաստանի արտգործնախարար, իսկ 1867-ից միաժամանակ նաև պետական կանցլեր (վարչապետ) իշխան Ա. Մ. Գորչակովն էր: Ավստրո-Հունգարիայի արտգործնախարար կոմս Անդրաշին առաջարկվեց որպես համաեվրոպական վեհաժողովի անցկացման վայր ընտրել հենց Վիեննան, սակայն ռուսական կողմը լռությամբ շրջանցեց այն: Իսկ կանցլեր Բիսմարկի նախաձեռնությունից հետո նման հանդիպման վայր կողմերի համար դարձավ Բեռլինը: 1878 թ. հունիսի վերջերից հրավիրված բոլոր երկրների պատվիրակությունները շտապեցին Գերմանիայի մայրաքաղաք: Ճիշտ նույն ուղին բռնեցին նաև չհրավիրված բոլոր շահագրգիռ երկրների (նաև Արևմտահայաստանի) պատվիրակությունների անդամները: (Շարունակելի)

Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ