«Մենք հարկադրված ենք թռիչքներ կատարել Լիբանանի վրա»


Իսրայելի Արտաքին գործերի նախարարությունն ի լուր ամենքի հայտարարեց, որ իսրայելական ռազմաօդային ծառայության կործանիչները հարկադրված են թռիչքներ կատարել լիբանանյան օդային տարածքում` չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևը բացառում է նմանատիպ գործողությունները: Իսրայելն իր այս քայլերը բացատրում է նրանով, որ Հեզբոլլահի զինյալները մինչև հիմա տեղադասված են Լիբանանի հարավում և շարունակաբար զենք ու զինամթերք են ստանում` խախտելով ՄԱԿ-ի վերոհիշյալ բանաձևը: Իսրայելի Արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Մարկ Ռեգևի պնդմամբ` թեև իսկապես այդ օդային թռչիքներն հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օգոստոսի 14-ին ընդունած որոշմանը, այնուամենայնիվ, դրանք չափազանց անհրաժեշտ են և կշարունակվեն` ելնելով հրեական պետության անվտանգության շահերից. - Իսրայելը կատարում է այս թռիչքները, քանի որ լիբանանյան կողմը մշտապես խախտում է ՄԱԿ-ի բանաձևը: Եվ դա մեզ հարկադրում է գործել: Հեզբոլլահի նկատմամբ զինամթերքի մատակարարման էմբարգոն իրականում չի գործում: Մեր գործողություններն իրականացվում են ի պատասխան այս խախտումների: Լիբանանում UNIFIL խաղաղապահ ուժերի ղեկավար գեներալ Ալեն Պելեգրինին ավելի վաղ հայտարարել էր, որ իսրայելական ռազմաօդային ուժերի գործողությունները խախտում են ՄԱԿ-ի որոշումը, և եթե դիվանագիտական ջանքերը չկարողացան դադարեցնել այս թռչիքները, ապա մոտ ժամանակներս կվերանայվի ուժի կիրառման հարցը: Գեներալ Պելեգրինիի խոսքերով, Հարավային Լիբանանում Ֆրանսիան ռազմաճակատի լայնությամբ շարել է հրթիռա-զենիթային համալիր: Սակայն, պետք է նշել, որ այդ հրթիռները UNIFIL-ի կազմում ֆրանսիական խաղաղապահ ուժերը կարող են օգտագործել միայն ինքնապաշտպանության նպատակով: Պելեգրինին նշում է նաև, որ Լիբանանի տարածքում իսրայելական ռազմական օդուժի թռիչքների կանխման համար այնուամնայնիվ անհրաժեշտ են նոր կանոններ: