Դուք ասեք, մենք ասենք Ճիշտը բնակիչն է որոշում


Երևանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ 100 տոկոսանոց զարմանք պատճառեց: 2006 թվականի սոցիալ-տնտեսական ծրագրերը բոլոր ուղղություններով կատարվել են 100 տոկոսով: Ընթերցողին չենք ծանրաբեռնի ասֆալտապատված փողոցների քառակուսի մետրերը, լուսավորված փողոցների երկարությունը, ոռոգման ցանցերի գծամետրերը, բարեկարգման համար ծախսված գումարները, վերանորոգված տանիքների և պատշգամբների մակերեսները նշելով: Կարևորը թվերը չեն, այլ արված աշխատանքը, որ Երևանի բնակիչներն իրենց աչքով են տեսնում` իրենց ականջով լսելուց առաջ և բացի: Իսկ լրագրողները, չգիտես ինչու, ինչպես ասում է փոխքաղաքապետը, այդ աշխատանքը լուսաբանելու, լավին լավ ասելու, մարդկանց մեջ ոգևորություն առաջացնելու փոխարեն փորփրում են ու փորձում թերություններ գտնել: Թեև պրն Վարդանյանը բոլորովին էլ հակված չի կարծել, թե արվածը բավական է, և արդյունքն էլ այն վիճակն է, որ հարիր է պետության մայրաքաղաքին և ընդհանրապես քաղաքին: Ուրիշ բան չլինի, սանիտարական վիճակը բավական է` այդպիսին չլինելու համար: Սակայն, ըստ բանախոսի, միմիայն թերությունները տեսնելուց խնդիրներն ավելի լուծելի չեն դառնա: Ստացվում է, որ լրագրողների բանուգործը քաղաքապետարանի աշխատանքները գովերգելն է: Լավ, իսկ ինչպե՞ս գովերգել, ասենք, մայրաքաղաքում իրականացվող ջրահեռացման ծրագիրը, երբ որքան շատ է այն թմբկահարվում, մայրաքաղաքում ջրափոսերն այնքան ավելանում են: Բավական է մի փոքր ավելի հորդառատ անձրև, և մեքենաները երթևեկում են ջրափոսերի միջով` չըլըմփ-չըլըմփ ողողելով անցորդներին: Փաստորեն կա ջրահեռացման համակարգի ծրագիր, կան ծրագրի կատարման հավաստիացումներ, չկա ջրահեռացման համակարգ, գործո°ղ համակարգ: Սա° է փաստը, որի շուրջ լրագրողները չեն կարող չխոսել: Մեկ այլ ծրագրի մասին իրենից` քաղաքագլուխ Երվանդ Զախարյանից լսեցինք: Խոսքը համատիրությունների մասին է, որոնք, ինչպես ասում են, անունով կան, ամանում չկան: Դրանք շարունակում են մնալ նույն «ԺԷԿ»-երի վատթարագույն տարբերակը: Դռներ թակելուց, վարձավճարներ հավաքելուց և այդպիսիով իրենց աշխատավարձ ապահովելուց, բնակչին ոստիկանությամբ ու դատարանով սպառնալուց զատ այլ աշխատանք այս կառույցը չի կատարում: Եվ ամենակարևորը` չի կատարում իր բուն գործառույթը. այն է` բնակֆոնդի սպասարկում: Եվ, ահա, կա ծրագիր` համաատիրություններին աջակցելու, նրանց աշխատանքն աշխուժացնելու: Անցել է ոչ պակաս, քան կես տարի, սակայն որևէ էական փոփոխություն այս ոլորտում տեղի չի ունեցել: Համենայն դեպս, նման բան ո°չ իրենք` համատիրությունների ղեկավարներն են հաստատում, ո°չ էլ բնակիչներն են զգում: Վանո Վարդանյանը կիսում է մեր դիտարկումները, թեև գտնում է, որ աշխատանք տարվում է: Միաժամանակ նշում է, որ ոլորտի պատասխանատուն, այնուամենայնիվ, տեղական ինքնակառավարան մարմիններն են` համայնքապետարանները: Քաղաքապետարանը տվյալ դեպքում ընդամենը համակարգում է համատիրությունների աշխատանքը, փորձում է օգնել որոշակի ֆինանսավորում ունեցող ծրագրերով: Եվ քանի որ թեման չափազանց հրատապ է և միաժամանակ` ծավալուն, փոխքաղաքապետը մեզ այս թեմայով առանձին զրույցի է հրավիրում: «Ավանգարդ»-ը սիրով ընդունում է հրավերը` արմատական հարցադրումների և նույնպիսի պատասխանների ակնկալիքով:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ